Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդհանուր տրամադրվածությունը արտահայտվում է հիասթափության տեսքով. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Էջմիածին» դաշինքի ավագանու թեկնածու Հրանտ Ավետիսյանը` անդրադառնալով Վաղարշապատ համայնքի քաղաքացիների ակտիվությանը ՏԻՄ ընտրություններում։ Թեկնածուի խոսքով` մարդիկ արդեն հոգնել են փուչ խոստումներից, ինչի պատճառով էլ նպատակահարմար չեն համարում մասնակցել քվեարկությանը։
Անդրադառնալով իշխանությունների վերարտադրման ցանկությանը` Հրանտ Ավետիսյանն ասաց. «Այստեղ իշխանությունների վերարտադրման խնդիր չէ. ՔՊ-ի մոտ կադրերի այնքան սղություն կա, որ նրանք ուզած-չուզած ընկել են հին ցուցակների, հին մարդկանց հետևից։ Տեսել ենք դեպքեր, երբ նույնիսկ առաջին համարը ժամանակին կապված է եղել այս կամ այն կուսակցության հետ՝ որպես այդ կուսակցության ներկայացուցիչ, բայց հիմա ինչ-որ կերպ հայտնվել է ՔՊ-ի ցուցակում։ Սա վկայում է, որ այլևս մարդ չկա, որը ցանկանում է իր անունը կապել այս արյունոտ կուսակցության հետ»։
Խոսելով վարչական ռեսուրսների գործածման մասին` Հ. Ավետիսյանը նշեց, որ, միանշանակ, դա եղել է նույնիսկ իշխանական թեկնածու և գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանի կազմակերպած երթի ժամանակ։
«Փոքր քաղաք է Էջմիածինը, գոնե դեմքով ճանաչում են մեկը մյուսին։ Նայում էիր՝ մանկապարտեզի վարիչներ, դայակներ, ուսուցիչներ և այլն։ Լինի Դիանա Գասպարյանը, թե՝ մեկ ուրիշը՝ այդ մարդիկ պարտավոր չեն իրենց ժամանակը տրամադրել, գնալ՝ ինչ է, թե գործող իշխանությունն է իրենց հրահանգել»,- նշեց զրուցակիցը:
Հրանտ Ավետիսյանի խոսքով` «Էջմիածին» դաշինքն ունի մեծ ակնկալիքներ, որովհետև էջմիածինցին թասիբով ժողովուրդ է, ինքն իր խոսքի տեր ժողովուրդ է։ «Էջմիածինցին այս օրերի ընթացքում բազմաթիվ լավ մաղթանքներ է ասել «Էջմիածին» դաշինքի հասցեին։ Հիմնվում ենք դրա վրա և սպասում ընտրության արդյունքներին»,- եզրափակեց Հրանտ Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է 5 ուժ՝ «Էջմիածին» ընդդիմադիր դաշինքը, Իրական ժողովրդավարական կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայրենատէր» կուսակցությունը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Լենա Կարապետյան
Տես նաև՝ Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը: