Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում երեկ մասնակցում էի Ստեփանակերտի Ցորի զորամասի 9 հրետանավորների հոգեհանգստի արարողությանը։ Մեկ տարվա անհայտությունից հետո տղաների մարմինները վերջապես իրենց հանգիստը գտան ։ Լուռ արարողություն էր, որտեղ հավաքվել էին հոգևորականներ, զինվորականներ, մի խումբ ոստիկաններ ու հասարակ մարդիկ։ Այս մասին ֆեյսբուքյան իրր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Երկար նայում էի գնացող-եկող մարդկանց ու հոգուս խորքում հույս էի փայփայում տեսնել գոնե մեկ բարձրաստիճան պաշտոնյայի։ Անիմաստ հույս էր։ Կառավարությունը 9 հերոսների հիշատակը հարգել էր վարչապետի օգնականի ու պաշտպանության նախարարի տեղակալի տեսքով։ Որոնք, ի դեպ, այդպես էլ անհաղորդ կերպով սեղմեցին զոհվածների հարազատների ձեռքն ու հեռացան։
Հայրենիքը անձնվիրաբար պահած ու կողք կողքի զոհված, եղբայրական գերեզմանում մեկ տարի մնացած այս տղաներն արդյո՞ք արժանի չէին, որ նրանց հիշատակը հարգելու գնային վարչապետը կամ պաշտպանության նախարարը։ Լավ, բա մյուս նախարարներն ուր էին։ Փաբերում ու մայրաքաղաքի կենտրոնի թանկ ռեստորաններում վեր ընկած էի՞ն: Եվ դուք ձեզ համարում եք մա՞րդ։ Դուք համարում եք, որ արժանի՞ էիք այս լույս տղաների ոտքի տակի հողը լինելուն։
Վարչապետի օգնականի մակարդակով եք հարգում հայրենիքի պաշտպանի հիշատակը, նույնպիսի պատասխան էլ ստանալու եք ժողովրդի կողմից։ Ժողովրդի հավաքական հիշողությունը ոչինչ չի մոռանում։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մակերեսային պատկերացումները ազգի ու հանրային մտածողության մասին այդպես էլ էժանագին, անմարդկային, պոպուլիստական ու մակերեսային մնացին»,- գրում է նա։