կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-10 12:53
Տարածաշրջան

«Մենք այստեղ ո՛չ ավանդ ենք, ո՛չ էլ՝ պատանդ». բանավեճ՝ Փայլանի և Թուրքիայի վարչապետի օգնականի միջև

«Մենք այստեղ ո՛չ ավանդ ենք, ո՛չ էլ՝ պատանդ». բանավեճ՝ Փայլանի և Թուրքիայի վարչապետի օգնականի միջև

Թուրքիայի խորհրդարանում բանավեճ է եղել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի և երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի օգնական Հաքան Չավուշօղլուի միջև:

Ըստ «Ակօս»-ի՝ Փայլանը դեմ է արտահայտվել 2018-ի պետական վճարների քննարկումների ընթացքում Չավուշօղլուի հայտարարությանը, թե երկրի քրիստոնյա փոքրամասնությունները «մեր կողմից երաշխավորված ավանդներ են»:

«Երկրում մնացած փոքրամասնությունները մեզ համար ավանդ են: Պոլսում բնակվող փոքրամասնությունները ավանդ են մեր պետության համար, ինչպես որ Արևմտյան Թուրքիայի իսլամ փոքրամասնությունները ավանդ են Հունաստանի համար»,- ասել է վարչապետի օգնականը:

Նա նաև անդրադարձել է հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա, դիմելով Փայլանին, հարցրել, թե «արդյո՞ք Հայաստանը նույնն անում  իր հողերում գտնվող թուրքական մշակութային կոթողների համար»:

Փայլանն իր ընդվզումը բացատրել է հետևյալ խոսքերով. «Դժբախտաբար, կառավարությունն ու նրա հետ ամբողջ պետական համակարգը վերջին երկու տարիների ընթացքում որդեգրել են պետության նախկին մտածելակերպը: Այժմ լսում ենք այնպիսի խոսքեր, որոնց արդեն սովոր ենք մեր մանկության տարիներից: Ես այդ օրը նախարարին հայտնեցի, որ մենք ո՛չ ավանդ, ո՛չ էլ պատանդ ենք:  Մենք քաղաքացիներ ենք, քաղաքացիներ, որոնց հազարավոր տարիներ է՝ բնակվում են այս հողերում: Պետությունը ստիպված է մեզ հետ իր հարաբերություններում որդեգրել համաշխարհային սկզբունքների թելադրած կանոնները: Պետությունը պետք է քաջատեղյակ լինի փոքրամասնությունների խնդիրներից: Եթե Հունաստանն իր երկրի փոքրամասնությունների դեմ անարդար լինի, թուրքական պետությունն էլ այստեղ մեր նկատմա՞մբ է անարդարություն անելու: Թուրքիան առաջինն էր, որ շեղվեց Լոզանի դաշնագրով պահանջվածից: Ունևորության տուրքի գործադրումը, փոքրամասնություններին պատկանող դպրոցների իրավունքների հափշտակումը, պատրիարքարանի վիճակը: Ես Թուրքիայի Հանրապետության պատգամավորն եմ: Չեք կարող ինձանից Հունաստանի կամ Հայաստանի մերժողական քաղաքականության համար հաշիվ պահանջել: Թուրքիան պետք է իր քաղաքականությամբ արդար գործի, որպեսզի ես էլ ձեզ հետ Հունաստանի կամ Հայաստանի բացասական գործունեության դեմ պայքարեմ»:

Փայլանը նաև անդրադարձել է պատրիարքական և համայնքային հաստատությունների ընտրության խնդրին՝ շեշտելով, որ հայ համայնքն ունի խնդիրներ, որոնք շտապ լուծումների կարիք ունեն: «Պետք է շուտով կայանա պատրիարքի ընտրությունն ու պատրաստված նոր կանոնագրի հիման վրա ձեռնարկվեն համայնքային հաստատությունների ընտրությունները»,- ասել է նա: