Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվել է Լոռու մարզի «Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կոռուպցիոն չարաշահումներին դեպքի առթիվ 2019թ. մայիսի 6-ին 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Դատախազությունից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենը 2008թ. ընթացքում իր առաջարկով նույն դպրոցի վարորդ Ռ. Մ.-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ վերջինիս որդուն՝ Ա. Մ.-ին նույն դպրոցում 2008թ. նոյեմբերի 1-ին ձևականորեն հրամանագրել է որպես պահակ՝ 2009թ. ոչ պատշաճ ընթացակարգով` առանց հրամանագրելու և աշխատանքային պայմանագիր վերակնքելու՝ հաստիքը փոխելով գիշերային պահակի: Այնուհետև, տնօրենը հաստատապես տեղյակ լինելով Ա. Մ.-ի՝ փաստացի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, դպրոցում տարբեր ժամանակահատվածներում տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի, ինչպես նաև հաշվապահի հաստիքն զբաղեցրած անձանց օժանդակությամբ, շարունակաբար յուրաքանչյուր ամիս կազմել է աշխատանքի հաճախելիության վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր և, աշխատավարձերի վճարման ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելով Ա. Մ.-ի կողմից իբր աշխատանքի պատշաճ հաճախելու և իր աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, դրանք հանձնել է իրավասու մարմնին՝ վճարման: Արդյունքում 2008-2010թթ.-ին յուրաքանչյուր ամիս վարորդն իր որդու փոխարեն ստորագրելով աշխատավարձի վճարման ցուցակներում, ստացել է վերջինիս անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները, դպրոցի տնօրենին փոխանցել դրա կեսը՝ ընդհանուր 535,165 ՀՀ դրամ գումար, իսկ մյուս մասը՝ 535,165 ՀՀ դրամ գումարը՝ տնօրինել անձամբ:
2011թ. հունվարից մինչև 2018թ. կրկին փոխադարձ համաձայնությամբ, դպրոցում տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի, հաշվապահի հաստիքներն զբաղեցրած նույն անձանց օժանդակությամբ կատարված նույն սխեմայով տնօրենի վարորդը յուրաքանչյուր ամիս որդու անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները ամբողջությամբ հաշվապահի միջոցով, նախ՝ կանխիկ եղանակով եղանակով, այնուհետև աշխատավարձի ստացման քարտային համակարգին անցնելուց հետո հաշվապահի մոտ թողնված բանկային քարտից կանխիկացման միջոցով աշխատավարձի գումարները փոխանցվել են տնօրենին:
Այդ կերպ Լ. Հ.-ն 2008-2018թթ. աշխատակիցների օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6,175,999 ՀՀ դրամը:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել 5 անձի: Այդ թվում՝ «Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Լ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման կամ վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար, նրա վարորդին և դպրոցի հաշվապահին՝ տարբեր կերպ տնօրենի հանցավոր նշված արարքներին օժանդակելու, իսկ ՊՈԱԿ տնօրենի տնտեսական գծով տեղակալին և տնտեսվարին՝ պաշտոնեական կեղծիքի կատարմանն օժանդակելու համար:
Տնօերնի գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք՝ որպես պատճառված վնասի վերականգնման երաշխիք:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստէ ության քննելու: