կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-26 20:04
Հասարակություն

Մեզ ասում են` «գնացեք սահման, ինչ եք հրապարակում կանգնել», ուզում եմ ձեզ հարցնել` արդյո՞ք սահմանում է հարցը լուծվում. Արա Զոհրաբյան

Մեզ ասում են` «գնացեք սահման, ինչ եք հրապարակում կանգնել», ուզում եմ ձեզ հարցնել` արդյո՞ք սահմանում է հարցը լուծվում. Արա Զոհրաբյան

Ոստիկանությունը այսօր բերման էր ենթարկել բողոքի ակցիային մասնակցած մեր գործընկերներին, քաղաքացիներին, այս բերման ենթարկելու և վարչական ձերբակալման գործընթացը անօրինական էր։ Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

«Հավաքների ազատության մասին օրենքը հստակ սահմանում է` երբ հավաքը օրինական չէ, ոստիկանությունը պետք է հավաքի կազմակերպչին պահանջ ներկայացնի, տա ողջամիտ ժամկետ, և այդ ժամկետում բողոքի ակցիան չդադարեցնելու դեպքում 2 անգամ բարձրախոսով հայտարարի, նոր անցնի ֆիզիկական ուժի կիրառման։ Այսօր Նալբանդյան փողոցի վրա ոստիկանությունը, առանց բարևելու, առանց որևէ խոսք ասելու միանգամից ֆիզիկական ուժ կիրառեց»,- ասաց Զոհրաբյանը։

Զոհրաբյանը ընդգծեց, որ ոստիկանության զեկուցագրում ներկայացվածը և իրենց գործողությունները հակասում են միմյանց.

«Հետո ասում են՝ ինչու մարդիկ չեն վստահում ոստիկաններին։ Ոստիկանությունը իրավախախտումները կանխող ինստիտուտ է, բայց երբ ոստիկանությունը կեղծիքի է գնում, դա դառնում է չարիք պետության համար»։

Փաստաբանը անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչող քննադատություններին` նշելով.

«Մեզ ասում են`«գնացեք սահման, ինչ եք հրապարակում կանգնել»։ Ուզում եմ ձեզ հարցնել`արդյոք սահմանում է հարցը լուծվում, իհարկե ո'չ։ Մենք գնացինք սահման, եթե մեզ չեն զինելու, եթե Կառավարության շենքում նստած մարդիկ փողկապներով ստորագրելով հետքաշվելու հրաման են տալու, սահմանում կանգնած զինվորը կամ կամավորը ի՞նչ պետք է անի։ Հարցը լուծելու տեղը այս հարթակն է, իսկ այն մարդիկ, ովքեր մեզ սահման են ուղարկում, մեզ շեղում են մեր հիմնական օրակարգից։ Մենք եկել ենք «ձկան գլխի» մոտ և այստեղ ենք ուզում հարցը լուծել»։

Զոհրաբյանը նշեց, որ անկախ այն ամենից, որ այս հարթակում հավաքվել են տարբեր հետագիծ ունեցող մարդիկ, այնուամենայնիվ՝ պետք է հետամուտ լինել միասնականության գաղափարին։

«Չենք կարող բացի այս իշխանության պատասխանատու անձանցից, մերժել այլ ուժի, եթե իրենք ուզում են հայրենիքի փրկության համար ոտքի կանգնել։ Անկախ նրանից` մեր քաղաքացիների մի մասը իրենց սիրում է, թե չէ։ Եթե բոլորով խորտակվենք` ինչ տարբերություն սիրելու եք, թե չեք սիրելու։ Միասնականությամբ պետք է կարողանանք այս վիճակից դուրս գալ, և լուծենք երկրի անվտանգության հարցը»,- ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։