կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 21:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ժողովրդին պատրաստում է ծանր որոշումների, և Արցախի մասին ասվածն ամենավտանգավորն է․ Արթուր Խաչատրյան

Ալիևի հետ սպասվող երկու հանդիպումից առաջ Փաշինյանն օգտագործեց ասուլիսի ֆորմատը ժողովրդին քողարկված և նուրբ ձևով ծանր որոշումներ կայացնելուն պատրաստելու համար, և այս մեծ ասուլիսում Արցախի հատվածը ամենառիսկայինն ու ամենավտանգավորն էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։

Խոսելով Փաշինյանի հայտարարության մասին՝ իբրև թե Արցախի հարցը տարածքի հարց չէ, այլ իրավունքի, որով Փաշինյանը կրկնում էր ՀՀՇ-ի ժամանակ հնչող մտայնությունը, թե Արցախի ժողովրդի բարեկեցությունը կարելի է ապահովել նաև Ադրբեջանի կազմում, Արթուր Խաչատրյանն ասաց, որ Արցախի հարցը ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր է և ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի հարց։

«Այսինքն, Արցախի ժողովուրդը ցանկություն է հայտնել ապրել անկախ և հռչակել է իր անկախությունը այդ ժամանակ գործող Սովետական Միության կարգավորումների շրջանակում։ Դրանով իսկ իր կամքը աներկբայորեն արտահայտել է»,-արձանագրեց պատգամավորը։

Փաշինյանի մեկ այլ դիտարկմանը, իբրև թե հետխորհրդային երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են դեռ ԱՊՀ մտնելիս՝ Արթուր Խաչատրյանը հակադարձեց, որ երբ այդ պետությունները մտան ԱՊՀ, Արցախն արդեն Ադրբեջանի կազմում չէր՝ հռչակել էր իր անկախությունը դրանից առաջ։

Ապա, ըստ պատգամավորի, Փաշինյանը փորձեց մարդկանց շատ նուրբ ձևով ներշնչել, որ Արցախի հարցը ոչ թե իր կամ նախորդ նախագահների խնդիրն էր, այլ դա չլուծվող հարց էր, ուղղակի քաղաքական կամք էր պետք ժողովրդին այդ մասին անկեղծորեն ասելու համար։

«Ասում է՝ մենք ամբողջ ազգով փորձեցինք լուծել, եթե ուզենայինք հանձնել՝ կռիվ էլ չէր լինի․․․ ինքը մարդկանց փորձում է սովորեցնել, որ դա անլուծելի խնդիր է և չի խորշում նաև փաստերի աղճատումից։ Ինքը հիշեցրեց իր հոդվածը 44-օրյա պատերազմի մասին, որը գրել է հունվարի 5-ին և էլի այդ նույն թեզն է տարել, որ Հայաստանը 2017 թ-ին հայտարարել է, որ 7 շրջան պետք է հենց այնպես հանձնի, բայց «մոռացավ» նշել, որ իր հոդվածից մի քանի օր հետո ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը հայտարարությամբ հանդես եկավ և ասաց, որ Փաշինյանի ասածները իրականությանը չեն համապատասխանում՝ երբեք խոսակցություն չի եղել հենց այնպես ինչ-որ մի բան տալու մասին։ Չմոռանանք, որ Ալիևն էլ ասում էր՝ ինձ վրա միջազգային ճնշումներ կան, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչեմ։ Այսինքն, բանակցությունը եղել է ինչը ինչի դիմաց՝ ուղղակի տարածք տալու մասին բանակցություն երբեք չի եղել»,-ընդգծեց Արթուր Խաչատրյանը։

Ճշմարտության հետ աղերս չունի նաև Փաշինյանի մեկ այլ պնդում՝ իբրև թե հայկական կողմից հնչող հայանպաստ լուծումների տարբերակները համահունչ չեն միջազգային իրավունքի նորմերին։

«Միջազգային հանրությունը եթե մեր մոտեցման հետ համակարծիք չլիներ և չասեր, որ կա ազգերի ինքնորոշման իրավունք, և հղում չկատարեր Հելսինկյան եզրափակիչ ակտին ու 3 հիմնական սկզբունքներին՝ տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում և ազգերի ինքնորոշման իրավունք, բանակցություններ չէին գնա 30 տարի, կասեին՝ Հայաստանն ագրեսոր է և վերջ։ Բայց քանի որ կային 30 տարի շարունակվող բանակցություններ տարբեր ֆորմատներով, իսկ վերջին 28 տարին նաև Մինսկի խմբի ձևաչափով, նշանակում  է ազգերի ինքնորոշման իրավունքը հարգված իրավունք է և դրա շուրջ էին բանակցությունները»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Եվ հիմա Փաշինյանը, որն իր ապիկար քաղաքականության հետևանքով ձախողեց ամեն ինչ՝ դիվանագիտությունը, պատերազմը, նոյեմբերի 9-ից հետո է ձախողում Հայաստանի արտաքին, ներքին և տնտեսական քաղաքականությունները, սեփական ձախողումն ընդունելու փոխարեն և հասկանալով, որ ինքը չի կարողանում խնդիրը լուծել, արդեն մեղքը գցում է ամբողջ աշխարհի վար, որ՝ ժողովո՛ւրդ, մենք փորձեցինք, բայց աշխարհը մեզ չի ընդունում։

«Ո՛չ, մենք վստահ ենք, որ կա Արցախի խնդրի հայանպաստ լուծում, և մենք գտնում ենք, որ եթե լինի ճիշտ քաղաքականություն, ճիշտ բանակցող և հզոր պետություն, այդ հարցը հնարավոր է լուծել, որովհետև Ալիևի հայտարարությունն էլ կա՝ մեզ պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը»,-ընդգծեց Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը խոսեց նաև Սյունիքի ագրեսիայի ժամանակ գերիների ու զոհերի, Սոթք-Խոզնավար հատվածի դիրքերը կահավորելու, Ադրբեջանին միջանցք տրամադրելու և Փաշինյանի ասուլիսում հնչած՝ առանցքային այլ հարցերի վերաբերող անճշտությունների ու մանիպուլյացիների մասին։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով։  

Աննա Բալյան