կարևոր
2269 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-12 20:56
Քաղաքական

Փաշինյանը ժողովրդին պատրաստում է տարածքային նոր զիջումների. Գառնիկ Դանիելյան

Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարեց՝ չկա երաշխիք, որ Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելուց հետո ադրբեջանական կողմն այլևս տարածքային պահանջներ չի ներկայացնի։

«Հետո տարածքային պահանջներ էլի կառաջանան՝ անկախ նրանից՝ Խաղաղության պայմանագիր կլինի՞, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով՝ իրեն հայտնի չէ աշխարհում որևէ Խաղաղության պայմանագիր, որով հակամարտող կողմերը կարողանում են կարգավորել իրենց բոլոր խնդիրները։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փաշինյանի ասածը որակեց՝ որպես նոր տարածքային զիջումներ անելու անոնս։ Նա դիմելով իշխանությանը՝ հարցրեց.

«Այդ դեպքում այդքան զիջումներն ինչո՞ւ արեցիք։ Այս հայտարարությունով իշխանությունը ժողովրդին պատրաստում է նոր տարածքային զիջումների։ Հիմա ասում են՝ չենք երաշխավորում խաղաղություն, որովհետև ադրբեջանական կողմը կարող է հարձակվել անգամ փաստաթղթի ստորագրումից հետո, հետևապես, իմ տված հարցի պատասխանը ես գիտեմ՝ այսքան զիջում այս իշխանությունն արել է միայն իր աթոռը պահելու համար»։

Պատգամավորի խոսքով՝ պատահական չէ, որ երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում փորձ արվեց հասկանալ՝ ի՞նչ է զիջում այս պատմության մեջ Ադրբեջանը, և այդ հարցը մնաց անպատասխան։

Դիտարկմանը՝ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց նպատակը չէ, որ Ադրբեջանը որևէ բան զիջի, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց.

«Դե՛, ասեք, էս մարդը հայկական կո՞ղմն է ներկայացնում, թե՞ ադրբեջանական, չէ՞ որ հայկական կողմը ներկայացնողը պետք է ամեն ինչ աներ, որ զիջողը լինի ադրբեջանական կողմը»։

Դանիելյանն ընդգծեց՝ Փաշինյանի մատնանշած Խաղաղության պայմանագրի որևէ կետով հայկական շահը չի պաշտպանվում։

Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարության, թե պետք չէ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում միջնորդ փնտրել՝ «Լո՞ւրջ եք ասում, ի՞նչ երաշխավոր, դրանից ֆեյք թեմա չկա» ձևակերպմանը, Գառնիկ Դանիելյանն ընդգծեց՝ միջնորդներ պետք չեն Փաշինյանին, որ իր և Ալիևի պայմանավորվածությունների մասին չբացահայտեն։

«Իրեն պետք չեն վկաներ՝ իր կատարած ապօրինությունների համար։ Վաղը դուրս է գալու, չէ՞, թե ինչպե՞ս եղավ, որ բանակցում էին, որ Արցախը գոնե իր սուբյեկտայնությունը պահպանի, բայց ինքը գնաց և Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Հիմա Ալիևն ասում է՝ կգաս՝ միասին կորոշենք, թե ինչ ես զիջում, դրա համար երաշխավոր պետք չէ։ Զիջումները գնում են դեմառդեմ մակարդակով»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։