Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայրենիքս և ես՝ մենք, լծորդված ենք իրար, ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց: Նա գերագույն նպատակն է, ես՝ միջոցը»:
Նժդեհի այս սկզբունքը իրենց հոգում կրողները դարձան նրան արժանի սերունդներ: Վարուժան Առստամյանն այդ գաղափարական ու նվիրյալ սերնդից էր:
Վարուժան Վազգենի Առստամյանը ծնվել է 1974թ. սեպտեմբերի 28-ին Ճարտարում: Ուսում է ստացել ծննդավայրի դպրոցում: Այնուհետև կրթությունը շարունակել է Մարտունու արհեստագործական ուսումնարանում:
Վարուժանը խանութ էր բացել, տարեցտարի ընդլայնել խանութի տարածքը և իր փոքրիկ բիզնեսով էր զբաղվում: Նա իր բիզնեսի ու ծննդավայրի հետ կապված շատ նպատակներ ուներ, որոնց անպայման կհասներ իր համառ ու աշխատասեր բնույթով: Սակայն 44-օրյա պատերազը խախտում է նրա ու շատ-շատերի ծրագրերը: Պատերազմի գույժը լսելուն պես Վարուժանը կամավորագրվում է, մեկնում ռազմաճակատ: Նրա աչքերը դեռ պատանի տարիքում էին տեսել ու զգացել պատերազմի ողջ արհավիրքը: Մասնակից լինելով Արցախյան ազատագրական պայքարին, քառօրյա մարտերին՝ քաջ գիտակցում էր՝ ուր և ինչի համար է գնում:
Մարտերը ծանր էին ու անհավասար ե՛ւ զինտեխնիկայի, ե՛ւ մարդկային տեսանկյունից: Բայց դա չի խանգարում հայ մարտիկին կանգնել հայրենիքի պաշտպանության սահմանագծին:
«Երբ նրան հորդորում էին, որ դիրքերից իջնի, չէր լսում, ասում էր, որ չի կարող մենակ թողնել իր ընկերներին, ովքեր տարիքով փոքր էին իրենից»,-պատմում են հարազատները։
Նրանց խոսքով՝ լուրջ ու միևնույն ժամանակ նաև կատակասեր մարդ էր։ «Մինչև այսօր էլ չեմ հավատում, որ չկա,- ասում է իր հարևանուհին և շարունակում,- նրա խանութ մտնելիս միանգամից զգում ես նրա բացակայությունը։ Այնտեղ ամեն ինչ նրան է հիշեցնում»։
Հոկտեմբերի 30-ը ճակատագրական դարձավ Վարուժանի համար: Այդ օրը «Գեւորգավան» կոչվող տեղամասում մահացու վիրավորում են ստանում երեք ճարտարցիներ, որոնց թվում նաև Վարուժանը: Նա բռնում է հավերժության ճանապարհը՝ միանալով իր քրոջ տղային, ով, քսան տարեկանը դեռ չբոլորած, քաջի մահով զոհվեց Կարմիր շուկայի մոտ հոկտեմբերի 28-ին:
Վարուժանի դին չի հաջողվում միանգամից դուրս բերել, քանի որ այդ դիրքն արդեն անցել էր թշնամուն: Նրա մահվանից մի քանի ամիս անց են միայն ծնողները կարողանում դին հողին հանձնել:
Այսօր նրա ավագ որդին՝ որպես ժամկետային զինծառայող, ծառայում է հայոց բանակում՝ սրտում ունենալով հոր սկզբունքային կերպարը:
Վարուժանը օրինակելի էր թե՛ որպես որդի, թե՛ որպես ամուսին, հայր, ընկեր, լավ բարեկամ, թե՛ ուղղակի հայրենիքի զավակ:
Հարազատների ու Վարուժանին ճանաչողների համար սիրելի Վարուժից մնացել են թանկ հիշողություններ, որոնք ուղեկցում են նրանց:
Հայրենիքի համար մարտիրոսված մյուս հերոսների նման նա էլ որպես հրեշտակ ապրում է իր ծննդավայրում, հսկում և ուղղորդում է ծնողներին ու հարազատներին, ուժ տալիս ապրելու, իր կիսատ թողած իղձերն ու նպատակներն իրագործելու:
Անմահների գնդի մեջ Վարուժանը շարունակում է իր հավերժի երթը և դուրս է գալիս ամեն աստղալից երկնքի հետ, ամեն պայծառ օրվա արևի շողի հետ, ամեն կապույտ երկնքի մեջ…
ԱրՊՀ լրագրության 2-րդ կուրսի ուսանողուհի
Աննա Հայրապետյան