Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնաժողովը կրկին չձեւավորվեց։
Անոթային վիրաբույժներ Էդուարդ Աղիյանը, Տիգրան Սուլթանյանը եւ ընտանեկան բժիշկ Հասմիկ Ավալյանը ընդգրկվեցին Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող բժշկական հանձնաժողովում:
Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ առողջապահության նախարարության կողմից առաջադրված թեկնածուներից նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը չի ցանկացել փորձաքննությանը մասնակցել։ Նրա փոխարեն պետք է նախարարությունը որեւէ այլ մասնագետի առաջարկի։ Բացի այդ, բժիշկներից Սամվել Հայրումյանն էլ վատառողջ է։
Դատավորն ասաց՝ հաշվի առնելով փորձաքննություն իրականացնելու սեղմ ժամկետները, դատարանը գրությամբ կդիմի առողջապահության նախարարին՝ Սամվել Հայրումյանին եւ Եկատերինա Հովհաննիսյանին այլ մասնագետներով փոխարինելու համար: Դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա այն ժամանակ, երբ նախարարության կողմից կներկայացվեն վերջին երկու մասնագետները։
Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ անձամբ դիմեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին.
«Հորդորում եմ նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հրատապ եւ սեղմ ժամկետում այդ գործողությունը կատարել, որովհետեւ խոսքը գնում է Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին, եւ յուրաքանչյուր ձգձգում կարող է շատ բացասական հետեւանքներ առաջացնել Արմեն Չարչյանի համար: Արդեն իսկ այս փորձաքննություն չկատարելը, դեռ եզրակացություն չլինելն արդեն իսկ ուշացված է, որը կարող է անդառնալի հետեւանքներ առաջացնել Արմեն Չարչյանի համար, որովհետեւ ես նրան ամեն օր եմ հանդիպում: Նա շարունակում է համապատասխան քանակությամբ ինսուլինը ստանալ եւ այնպես չէ, որ նրա առողջական վիճակը կայունացել է: Նա անընդհատ հազում է, այդ հազը կապված է սրտի խնդիրների հետ: Նաեւ մարդկայնորեն տիկին Ավանեսյանին խնդրում եմ այդ մասնագետներին փոխարինելու հարցը շատ սեղմ ժամկետում լուծել, որպեսզի մենք անցնենք փորձաքննության կատարմանը»:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել, ապա Չարչյանի առողջական վիճակը վատթարացել էր, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:
Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):