Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանը վաղուց դարձել է զուգահեռ իրականությունների երկիր: Մի կողմից հայրենազրկված քաղաքացու բողոքի ձայնն է, մյուս կողմից՝ ժամացույցի և օծանելիքի կորստից բողոքող իշխանությունը, մի կողմում՝ տնից զրկված, տեղահանված քաղաքացին, մյուս կողմից՝ պահանջարկի հաշվին բնակարանի վարձն ավելացնող տանտերը։ Ի վերջո, մի կողմում Արցախի 75 տոկոսի կորուստն է, մյուս իրականությունում՝ այդ կորստի մեղավոր իշխանությունը, որը հպարտանում է, որ աննախադեպ հատկացում է արել պատերազմից հետո Արցախին:
Եվ ահա, այս պայմաններում օրը սկսում ենք երկու լուրով: Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի մոտ 100 տոկոսի չափով հավելում վճարել գլխավոր դատախազին և նրա տեղակալներին:
Մյուս լուրը՝ շտապ օգնության ծառայության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում, պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը:
Նշենք, որ գլխավոր դատախազի աշխատավարձը 992 հազար դրամ է, իսկ տեղակալներինը՝ 727 հազար դրամ։ Ի դեպ, տեղակալները հինգն են: Այսինքն՝ այս որոշումի ընդունումից հետո գլխավոր դատախազը կստանա մոտ 2 միլիոն դրամ, իսկ տեղակալները՝ 1.5 միլիոն դրամ:
Դրամական միջոցների մասին: Արթուր Դավթյանի դրամական միջոցները 2020 թվականին ներկայացված հայտարարագրով կազմում են 7 մլրդ 6 մլն դրամ, նա ունի երեք հողամաս Շիրակի մարզում, երկու տուն՝ մեկը՝ Երևանում, մյուսը՝ Շիրակի մարզում: Ի դեպ, Արթուր Դավթյանի՝ Աջափնյակում գտնվող «դղյակը», ըստ մամուլի հրապարակումների, արժե ավելի քան 250 մլն, որը նա, ըստ թղթի, կառուցել է 43 մլն դրամով:
Հետաքրքիր է նաև ներկայացված նախագծի հավելվածը, որի համաձայն՝ գլխավոր դատախազի, նրա տեղակալների պաշտոնները սահմանվել են որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ։
Հիմա անդրադառնանք շտապ օգնության աշխատակիցներին: Բժիշկները մեկ 24-ժամյա հերթապահության համար վճարվում են մոտավորապես 17 հազար դրամ, բուժքույրերը՝ 11 հազար, վարորդները՝ 10 հազար դրամ։ Ամսական կարող են հերթապահել ամենաշատը 7 օր ու գիշեր: Բողոքի ակցիայի ժամանակ վարորդները նշում էին, որ 24 ժամ աշխատելուց հետո ստիպված այլ աշխատանք էլ են փնտրում, որ կարողանան ընտանիք պահել:
Առողջության առաջնային օղակի ծանրաբեռնվածությունը մշտապես ծանր է եղել, իսկ կորոնավիրուսային վարակից հետո ոչ միայն կրկնապատկվել է, այլև առավել ռիսկային է դարձել: Շտապօգնության աշխատակիցները ռիսկի գոտում են, վարակման դեպքերն էլ՝ հաճախակի: Ի դեպ, ամիսներ առաջ էլ բժիշկներն էին բողոքի ակցիա անում, որովհետև աշխատավարձն ուշացրել էին մեկ ամսով:
Իսկ թե ինչպես է որոշվել, որ դատախազների գործն առանձնակի ռիսկային է դարձել վերջին շրջանում, անհասկանալի է: Բայց գործունեության արդյունքն ակնհայտ է բոլորին: Թերևս դրանցից մեկը նշենք՝ այս կառույցը շուրջ երեք տարի ջանասիրաբար պաշտպանում էր մի հոդված, որը ճանաչվեց հակասահմանադրական: Ի դեպ, այդ ընթացքում էլ այդ գործի շրջանակներում պաշտոնի բարձրացումներ եղան։ Հարց է առաջանում՝ այս դեպքում ինչո՞ւ է կառավարությունը քաջալերում դատախազությանը:
Տաթև Միրզոյան