կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-11 13:57
Իրավական

Գեղարքունիքի մարզի դատախազներն ազդեցությո՞ւն ունեն դատավորի վրա

Գեղարքունիքի մարզի դատախազներն ազդեցությո՞ւն ունեն դատավորի վրա

2012-ի հոկտեմբերի 5-ին 5 անչափահաս երեխաների հայր Արմեն Գասպարյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով զենքի գործադրմամբ  խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով զենք կրելու և պահելու համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:

 

Արմեն Գասպարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն, yerkir.am-ին հայտնեց, որ դատախազության աշխատակիցների և դատավորի կողմից քրեական գործը քննելիս թույլ են տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ, նրանց կողմից կայացվել են նախադեպը չունեցող ապօրինի որոշումներ:

 

Պաշտպանական կողմի բնորոշմամբ` դատաքննության ընթացքում, ապացույցների հետազոտումից հետո, անհերքելիորեն հաստատվել է, որ Արմեն Գասպարյանը խուլիգանություն չի կատարել, ուստի մեղադրող դատախազ Ֆ.Բաղդասարյանի կողմից 2012թ. հունիսի 19-ին իրավացիորեն դատարան է ներկայացվել որոշում Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, վերաորակելու վերաբերյալ:

 

Դատարանը նույն օրը մեղադրողի միջնորդության հիման վրա որոշում է կայացրել քրեական գործի վարույթի մասը` Արմեն Գասպարյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու վերաբերյալ` տուժողների բողոքների բացակայության և ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:

 

Սակայն դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո շուրջ 3 ամիս անց մեղադրանքից հրաժարված դատախազ Ֆ.Բաղդասարյանը մարզի դատախազ Վ.Մարգարյանի կողմից հանկարծ փոխարինվել է դատախազ Վ.Լազարյանով, որն էլ 2012թ. սեպտեմբերի 20-ին գրավոր միջնորդություն է ներկայացրել դատավոր Յուրիկ Իսկոյանին` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթի մասը` Արմեն Գասպարյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու վերաբերյալ իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացված որոշումը և քրեական գործը կրկին քննության առնել ըստ մեղադրանքի Արմեն Գասպարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով` պատճառաբանելով, որ մարզի դատախազը վերացրել է Ֆ.Բաղդասարյանի` մեղադրանքը փոփոխելու մասին որոշումը:

 

Պաշտպանը առարկություն է ներկայացրել վերոհիշյալ որոշման դեմ, քանի որ դատարանը իրավասու չէ վերացնել իր իսկ կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, այդպիսի իրավասությամբ օժտված է միայն վերաքննիչ քրեական դատարանը: Առարկությունն անտեսվել է, և նույն օրը դատավոր Յուրիկ Իսկոյանը բավարարել է դատախազի միջնորդությունը և «աննախադեպ ապօրինի որոշում կայացրել իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու մասին»:

 

Իսկ արդեն 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով էլ դատարանը Արմեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման: Դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից կայացված վերը նշված որոշումը և դատավճիռը պաշտպանական կողմը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, և ներկայումս գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանի վարույթում:

 

Պաշտպան Սարգսյանի խոսքով` ո՛չ միջազգային որևէ պայմանագրով, ո՛չ ՀՀ Սահմանադրությամբ, ո՛չ ՀՀ դատական օրենսգրքով, ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ո՛չ էլ որևէ այլ օրենքով ընդհանուր իրավասության առաջին ատյանի որևէ դատարանի իրավասություն տրված չէ վերանայելու, առավել ևս` վերացնելու իր իսկ կողմից կայացրած` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը (տվյալ դեպքում` քրեական գործով վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը):

 

Ըստ պաշտպանի` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրողի միջնորդության հիման վրա վերանայելով և վերացնելով իր իսկ կողմից կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, յուրացրել է մեկ այլ դատարանի` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի լիազորությունները, ինչը ոչ միայն օրենքով պատժելի արարք է, և ըստ էության նախագահող դատավոր Յու.Իսկոյանի կողմից ստեղծվել է օրենքով արգելված արտակարգ դատարան, այլ նաև գլխիվայր շուռ է տրվել արդարադատության հիմնաքարերը` դատարանի որոշումների, դատական ակտերի բողոքարկման և վերադասության կարգով վերանայման ինստիտուտները:

 

Դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից կայացված` վերը նշված որոշմամբ խախտվել է նաև Արմեն Գասպարյանի` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածներով երաշխավորված` արդար դատաքննության հիմնարար իրավունքը:

 

Այդ իսկ պատճառով փաստաբանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Արամայիսի Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով 08.01.2013թ. դիմել է ՀՀ արդարադատության խորհուրդ: Կողմը մատնանշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը` դատավոր Յուրիկ Իսկոյանը արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել քրեական և քրեադատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ (ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), ՀՀ դատական օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ (ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ): Դատարանն, ըստ պաշտպանական կողմի, գործը քննելիս և լուծելիս չի ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, իր գործունեությամբ և վարքագծով չի ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, չի նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, այլ' ընդհակառակը, խախտել է հավասարության սկզբունքը, մեղադրանքի կողմին պաշտպանության կողմի համեմատ տվել է ակնհայտ առավելություններ, բավարարել է մեղադրանքի կողմի ակնհայտ անհիմն և ապօրինի միջնորդությունները: «Դրա արդյունքում այնպիսի տպավորություն և համոզմունք է ստեղծվել, որ Գեղարքունիքի մարզի դատախազ Վ.Մարգարյանը և մեղադրող դատախազ Վ.Լազարյանն իրենց պաշտոնական դիրքից ելնելով ակնհայտ ազդեցություն ունեն դատավորի վրա և որ դատարանի կողմից կայացված' գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ոչ մի իրավական արժեք չունի, այն ցանկացած պահի կարող է ինչ-որ անձանց քմահաճույքից ելնելով փոփոխվել և որ այն հենց դատավոր Յու. Իսկոյանի կողմից ստորադասվում է մարզի դատախազի կողմից կայացված որոշումներից»:

 

ՀՀ արդարադատության խորհուրդ դիմելուց հետո արդեն անցել է երկու ամիս, սակայն, ըստ պաշտպանի, դիմումին դեռևս որևէ պատշաճ ընթացք չի տրվել, թեեւ դրա համար կոնկրետ ժամկետներ և ընթացակարգ է սահմանված:  

 

Ե.Սարգսյանը համապատասխան դիմումներ է ներկայացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նրանք նույնպես դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես գան:

 

Պաշտպանը հետագայում կներկայացնի նաև ՀՀ արդարադատության խորհրդից ստացված, կողմի կարծիքով, օրենքից չբխող պատասխանը, ինչպես նաև իր պատասխան գրությունը` օրենքի մեկնաբանմամբ: