կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-25 12:34
Քաղաքական

««Թավշյա հեղափոխությունից» երեք տարի անց. արժեքների ամբողջական դեգրադացիա». «Սիվիլնեթ»-ը քննադատում է ՀՀ իշխանությաններին

««Թավշյա հեղափոխությունից» երեք տարի անց. արժեքների ամբողջական դեգրադացիա». «Սիվիլնեթ»-ը քննադատում է ՀՀ իշխանությաններին

Վերևի լուսանկարը 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» է։ Առաջին շարքերում քայլող երիտասարդ կանայք․ նրանք համոզված էին, որ, անկախ ամեն ինչից, իրենք դուրս են եկել փողոց հանուն հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների, հավասար վարձատրության, հավասար ամեն ինչի: Նրանք փոփոխության գործակալներ էին։ Այս մասին գրում է «Սիվիլնեթ»-ը ««Թավշյա հեղափոխությունից» երեք տարի անց. արժեքների ամբողջական դեգրադացիա» հոդվածում:

Հատկանշական է, որ վերոնշյալ լրատվամիջոցը գործում է արևմտյան ազդեցության տակ և ներկայիս իշխանությունների վառ ջատագովներից էր 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ ու դրանից հետո: Բայց նույնիսկ ժողովրդի շրջանում «նիկոլական լրատվամիջոցի» համարում ունեցող «Սիվիլնեթ»-ը հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության քննադատությամբ:

Հոդվածագիրը նշում է, որ հեղափոխությունից երեք տարի անց Հայաստանի հետհեղափոխական կառավարությունն ունի ընդամենը մեկ կին անդամ, իսկ խորհրդարանական ղեկավարության կազմում կանայք ընդհանրապես չկան:

«Երեք տարի անց թվում է, թե մենք հեռացել ենք այն արժեքներից, որոնք մեզ բերեցին փոփոխությունների տաք քամիներ 2018 թվականին»,- նշվում է հոդվածում:

«Պարզվում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանն իրականում գործարար չեն, ինչպես Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը և նախորդ իշխանության մյուս հենասյուները։ Ինչպե՞ս կարող էին լինել: Խորհրդարանի անդամները չպետք է զբաղվեն բիզնես գործունեությամբ»,- հեգնում է հոդվածագիրը:

«Պարզվում է՝ դատաիրավական բարեփոխումների կարիք առանձնապես չունենք, և միանգամայն նորմալ է, որ Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարում է Գագիկ Ջհանգիրյանը՝ դատաիրավական չարաշահումներով հայտնի մարդ։

Պարզվում է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկարը կարելի էր դուրս շպրտել ոստիկանական բաժանմունքներից և արգելել գրասենյակներում, բայց մեծ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պատկերն այժմ ողջունելի է... Ինչպես ասել էր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, «պետության ղեկավարի կերպարը խորհրդանշական է»։ Ի՜նչ արդարացի հայտարարություն արդարադատության նախարարի կողմից։ Եվ այս մոլուցքի դեմ պատվաստանյութ չկա։ Այն արդեն մետաստազներ է տվել ամբողջ պետական համակարգում։

Նախկինում կոչվում էր կոռուպցիա, երբ պետական տենդերներում շահում էին պետական պաշտոնյաների հարազատներին կամ ընկերներին պատկանող ընկերությունները։ Հիմա դա անվանում են արդար մրցակցության արդյունք։ Եվ միանգամայն պատահական է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը հաղթել է խոշոր հանրային մրցույթում։ Եվ այստեղ իշխանության ներսում կատարյալ ներդաշնակություն է. փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իր բարձր ամբիոնից դիտելով այս իրադարձությունները , գործադիրում կոռուպցիոն ռիսկ չի տեսնում։

Ստացվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը չպետք է գնար Գերմանիայի Բադեն-Բադեն առողջարանային քաղաք. դա այժմ քրեական հետապնդման օբյեկտ է։ Բայց միանգամայն իրավաչափ է, որ երկրի գլխավոր օրենսդիր, խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը վայելում է Միջերկրական ծովի տաք ջրերը Ղարաբաղյան պատերազմի  և 4000 զոհվածների, որոնց մի մասը դեռևս չի հայտնաբերվել և հողին հանձնվել, մեկամյա տարելիցին։  Սա է բարոյականության նոր չափանիշը հետհեղափոխական Հայաստանում։

Անցյալ ամիս, երբ կառավարությունը ստացավ Հայաստանի խոշորագույն բիզնես ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 25%-ի բաժնետոմսերը, պարզվեց, որ դա դրական ձեռքբերում է։ Հպարտ քաղաքացիներին խոստացված թափանցիկությունն ու հաշվետվողականությունն այլևս տեղին չեն։

Ստացվում է, որ պատգամավորները կարող են բարձրացնել իրենց աշխատավարձերը և հիմնավորել որպես «պաշտոնական-գործառնական» ծախսեր, սակայն մեթոդներ չկան՝ պարզելու, թե ինչպես են ծախսվել այդ գումարները։

Ստացվում է, որ Հայաստանի օրենսդիրները կարող են իրենց իրենց շնորհավորել հավելյալ պարգևավճարներով ազգի անկախության կորստի կապակցությամբ: Սա էթիկայի ու բարոյականության նոր բարձունքն է։

Այս ամենը, անշուշտ, ոչինչ է, համեմատած այն բանի հետ, թե ինչ պատմական աղետ է կախվել հայկական պետականության գլխին սեփական ղեկավարության` արտաքին և ներքին քաղաքականության մեջ ապաշնորհության պատճառով»,- մանրամասնում է հոդվածագիրը: