Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021 թ. հոկտեմբերի 13-ին լրացավ Կարսի պայմանագրի 100-ամյակը: Մինչ այդ էլ, իսկ այս օրերին ավելի, դրա շուրջ կրքեր են բորբոքվում եւ խոսակցություններ թեժանում: Հոկտեմբերի 18-ին եւ 19-ին էլ ՀՀ ԳԱԱ-ում միջազգային գիտաժողով տեղի ունեցավ, որտեղ հարցի գիտակները նորովի էին լուսաբանում պայմանագիրն ու դրան առնչվող շատ հիմնահարցեր: Պայմանագրի գրեթե բոլոր կետերի շուրջ մասնագետները տարակարծիք են: Գրվել ու, վստահ եմ, այդ հիմնախնդրին նվիրված դեռ շատ աշխատություններ կգրվեն: Պարզ է, որ հիմնախնդիրը խիստ արդիականություն ունի, ուստի թերթային հոդվածի հնարավորության սահմաններում կփորձենք ընթեցողներին ներկայացնել այդ պայմանագրի հակիրճ բովանդակությունն ու մեր մոտեցումները գլխավոր հիմնահարցերի վերաբերյալ:
Կարսի պայմանագիրը կնքվել է 1921թ. հոկտեմբերի 13-ին: Ինչպես գրված է դրա նախաբանում, այն ստորագրել են մի կողմից` Ադրբեջանական, Հայկական եւ Վրացական ԽՍՀ-ները, մյուս կողմիցՙ Թուրքիանՙ ՌԽՖՍՀ մասնակցությամբ: Այն հաստատում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները եւ սահմանում էր ժամանակակից Թուրքիայի եւ Անդրկովկասյան հանրապետությունների միջեւ սահմանները:
1914 թ. սկսված Առաջին համաշխարհային պատերազմում 1915-1916 թթ. ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների աջակցությամբ ազատագրեցին Վանը, Մուշը, Տրապիզոնը, Երզնկան: Սակայն 1917 թ. հեղափոխություններից հետո ռուսական զորքերը սկսեցին լքել իրենց դիրքերը: Թիֆլիսում ստեղծված Անդրկովկասյան սեյմը 1918 թ. փետրվարի 24-ին հայտարարեց անկախ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ստեղծումը: Օգտվելով ռուսական զորքերի հեռացումիցՙ թուրքերը 1918 թ. փետրվարին անցան հարձակման եւ երկու ամսվա ընթացքում հետ գրավելով Արեւմտյան Հայաստանի տարածքներըՙ ապրիլին ներխուժեցին եւ գրավեցին Կարսն ու Ալեքսանդրոպոլը: Մինչ այդ, մարտի 3-ին ստորագրված Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Ռուսաստանը ճանաչեց Կարսի, Արդահանի եւ Բաթումի անցումը Թուրքիային: Մայիսին թուրքերի նոր հարձակումը կասեցվեց Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերում հայկական զորքերի հաղթանակով:
Մայիսի վերջին Անդրկովկասյան ֆեդերացիան մասնատվեց եւ 1918 թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետությունը ստիպված էր կնքել Բաթումի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը սահմանափակվում էր 14 հազար կմ^2 տարածքովՙ կորցնելով ոչ միայն Կարսը եւ Արդահանը, այլեւ Շիրակը, Սուրմալուն, Նախիջեւանը, Շարուր-Դարալագյազը, Զանգեզուրը, Ղարաբաղը եւ այլն:
1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի պայմանագիրը, որով ոչ միայն Կարսի մարզը, այլեւ Արեւմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության մաս: Սակայն 1920 թ. ապրիլին Մուստաֆա Քեմալի կողմից ստեղծված Թուրքիայի Ազգային մեծ ժողովը չճանաչեց այդ պայմանագիրը եւ Անտանտի դաշնակից երկրների դեմ բոլշեւիկյան օգնությամբ սկսած պատերազմական գործողությունների արդյունքում հասավ հայերի համար ոչ նպաստավոր մի շարք պայմանագրերի կնքմանը: Սեպտեմբերին սկսված 2-րդ հայ-թուրքական պատերազմի արդյունքում թուրքերը գրավեցին Կարսի մարզը եւ Ալեքսանդրապոլը: Թեեւ դեկտեմբերի 2-ին դաշնակցական կառավարությունն իշխանությունը հանձնեց բոլշեւիկներին, սակայն դրան զուգահեռ թուրքերի հետ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, որով ճանաչում էին Կարսի մարզի զավթումը թուրքերի կողմից:
Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում է 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի խորհրդա-թուրքական պայմանագրի դրույթները: Անդրկովկասի խորհրդային հանրապետություններին հնարավորություն չէին տվել մասնակցելու բանակցություններին, որովհետեւ նրանք Թուրքիայի հետ կնքելու էին առանձին պայմանագրեր: Մոսկվայի այդ չարաբաստիկ պայմանագրի 15-րդ հոդվածով` Ռուսաստանը պարտավորվում էր անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանց եւ Թուրքիայի միջեւ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն Մոսկվայի պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են առանձին հանրապետություններին: Պայմանագրի ստորագրումից առաջ հրավիրված Կարսի խորհրդաժողովի նպատակը Թուրքիայի եւ Անդրկովկասի հանրապետությունների միջեւ հարաբերությունների կարգավորումն էր: ՀԽՍՀ-ից խորհրդաժողովին մասնակցում էին արտաքին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը եւ ներքին գործերի ժողկոմ Պողոս Մակինցյանը, Թուրքիայի կողմից Արեւելյան ռազմաճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան, Վելի, Մուխթար եւ Մեմդուհ Շեւքեթ բեյերը:
Ստանալով խորհրդային պատվիրակների կտրուկ մերժումըՙ թուրքական պատվիրակությունն ստիպված էր հրաժարվել անջատ պայմանագրերի գաղափարից եւ համաձայնել ընդհանուր պայմանագրին: Թուրքիայի եւ Անդրկովկասի հանրապետությունների միջեւ սահմանների ճշտման համար (նախատեսված էր Մոսկվայի պայմանագրով) ստեղծվեց հատուկ հանձնաժողով: Թուրքական պատվիրակությունը պահանջում էր սահմանային ոչ մի փոփոխություն չկատարել. մերժեց Հայաստանին վերադարձնել Անին, Կողբի աղահանքերը, որոնք կարեւոր նշանակություն ունեին Խորհրդային Հայաստանի համար:
Կարսի պայմանագիրը բաղկացած էՙ ա) ներածություն, բ) 20 հոդվածներ, գ) հավելված բաժիններից: Պայմանագրի կարեւոր դրույթներն էինՙ
1. Չեղյալ համարել պայմանագիրը ստորագրող երկրների միջեւ կնքված բոլոր նախկին պայմանագրերըՙ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի (հոդված 1):
2. Կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ: Սա առանձնապես կարեւոր էր Թուրքիայի համար. դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագիրը (հոդված 2):
3. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գծվում էր նոր սահման, որն անցնում էր Ախուրյան եւ Արաքս գետերով: Արդյունքում Թուրքիային անցան Կարսի մարզըՙ Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքներով եւ Անիի ավերակներով (18 հազար կմ^2), ինչպես նաեւ Սուրմալուի գավառըՙ ներառյալ Արարատ լեռը, Իգդիր եւ Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար կմ^2) (հոդված 4):
4. Թուրքիայի, Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնում էին Նախիջեւանի մարզը` որպես ինքնավար տարածք, հանձնել Ադրբեջանի խնամակալությանը (հոդված 5):
5. Բաթումի մարզը բաժանվել է Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ. հյուսիսային մասը Բաթում նավահանգստով մնացել է Վրաստանի կազմում (հետագայում այդ տարածքում կազմավորվեց Աջարական ինքնավար հանրապետությունը), իսկ հարավային մասըՙ Արդվին քաղաքով անցել է Թուրքիային (6-9-րդ հոդվածներ):
6. Կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարի նկատակ ունեն (հոդված 10):
7. Մնացած հոդվածներով որոշվում էին կողմերի քաղաքացիների իրավական կացությունը միմյանց տարածքներում, զիջվող տարածքների բնակչության տեղափոխման իրավունքը, սահմանվում էին ռազմագերիների ու գաղթականների փոխանակման կարգը եւ այլ հարցեր:
8. Վերջինՙ 20-րդ հոդվածով նախատեսված էր, որ պայմանագիրը ենթակա է վավերացման, եւ վավերագրերը կփոխանակվեն Երեւանում` 1922 թ-ի սեպտեմբերի 11-ին:
Կարսի պայմանագրի վավերականության խնդիրը բազմաթիվ վիճելի դրույթներ է պարունակում: Դրանցից առաջինն այն է, թե այդ պայմանագիրն ստորագրողները որքանով էին իրավասու այդ գործառույթը կատարելու համար: Թյուրըմբռնումների եւ տասնամյակներ տեւած նենգափոխումների պատճառով առ այսօր տիրում է այն սխալ տեսակետը, որ Կարսի պայմանագիրն է որոշում այսպես կոչված հայ-թուրքական սահմանը: Մասնագետների կարծիքով միջազգային իրավունքի տեսանկյունից այդ փաստաթղթի քննումն ակնհայտ է դարձնում, որ այն երբեք չի ունեցել եւ չունի իրավական ուժ: Կնքման պահից Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվավեր, քանի որ այն կնքող կողմերից եւ ոչ մեկը չի հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ: Իսկ ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջեւ, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»: Այսինքն, պայմանագրի օրինականության եւ իրավականության համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, այսինքնՙ միջազգայնորեն ճանաչված պետություն:
Նշենք, որ ՀԽՍՀ-ն այդ պահին անկախ երկիր չէր, թեեւ մի շարք ներքին օգտագործման փաստաթղթերում (ՀԽՍՀ կամ ԽՍՀՄ սահմանադրություններ) այդպես էր գրված: Անկախ չէր համարվում, որովհետեւ միջազգային իրավունքում միակողմանի իրավական փաստաթղթերը, ինչ ձեւով էլ դրանք արտահայտված լինեն (հռչակագրերի, սահմանադրությունների եւ այլն), չեն կարող շնորհել ավելի շատ իրավունքներ, քան դա հասնում է ըստ միջազգային իրավունքի: ՀԽՍՀ-ի գոյությունը, հետեւաբար դրա իրավական կարգավիճակը, 1920 թ. դեկտեմբերի 2-ից մինչեւ 1922 թ. դեկտեմբերի 30-ըՙ ոչ անկախ, այլ բռնազավթված տարածքի կարգավիճակ է ունեցել: ՀԽՍՀ-ում 1920 թ. դեկտեմբերի 2-ից իշխանության բերված վարչախմբի իրավական կարգավիճակը շատ կարեւոր է, քանի որ այդ կարգավիճակից են ածանցվում Հայաստանի անունից Կարսի պայմանագիրը ստորագրած անձանց լիազորությունները: ՀՀ օրինական իշխանությունները, ռուս-թուրքական համադրված ռազմական գործողությունների հետեւանքով հայտնվելով անելանելի վիճակում, ստիպված էին իշխանության փոխանցման մասին համաձայնագիր կնքել «ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի» հետ, որը հանդես էր գալիս Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի լիազորությամբ, ի դեմս Ռուսաստանի Խորհրդային կառավարության: Միջազգային իրավունքի տեսանկյունից այստեղ կարեւորն այն է, որ Հայաստանում իշխանության բերված մարդկանց խումբը, որը նախապես հանդես էր գալիս Հայհեղկոմ անունով, օտարերկրյա եւ անօրինական վարչակարգի դրածո վարչախումբ էր: Կարսի պայմանագիրը ստորագրած վարչախմբի ներկայացուցիչներիՙ Ասքանազ Մռավյանի եւ Պողոս Մակինցյանի, լիազորությունը խարսխված էր ոչ թե օրինական իշխանության, այլ երկիրը բռնազավթած օտարերկրյա բանակի քաղաքական ղեկավարության կամքի վրա եւ իրականացվում էր պարտադրանքի ներքո: Դա է փաստում նաեւ այն իրողությունը, որ նման քաղաքական պարտադրանքի պարտավորությունը մինչ այդ ամրագրվել էր Մոսկվայի քեմալա-բոլշեւիկյան 16.03.1921 թվականի պայմանագրի 15-րդ հոդվածում:
Պատմական անվիճելի փաստ է, որ ՀՀ-ն բռնազավթվել էր 1920 թ. օգոստոսի 24-ին կնքված ռազմական դաշնագրով նախատեսված բոլշեւիկ-քեմալական գործողությունների հետեւանքով, եւ այդ միասնական ուժով Հայաստանում իշխանության էր բերվել «խամաճիկային վարչախումբ»: Այս առումով միջազգային իրավունքը միանշանակ է. զավթիչ ուժի եւ նրա կողմից իշխանության բերված խամաճիկային կառավարության միջեւ կնքած որեւէ պայմանագիր հետեւանքազուրկ է (are not effective): Ավելին, երկրի համար ընդհանրապես իրավական հետեւանք չի կարող առաջացնել որեւէ պայմանագիր, եթե տվյալ երկրի պաշտոնյաները բացահայտորեն գործել են օտար ուժի հրահանգով: Հետո էլ միջազգային իրավունքի տեսանկյունից ՀԽՍՀ-ն երբեք չի եղել անկախ պետություն եւ իր գոյության ոչ մի հատվածում երբեք ճանաչված չի եղել որեւէ օրինական ճանաչում ունեցող պետության կողմից: ՀԽՍՀ-ի, այսպես կոչված, ճանաչումները չեն առաջացրել որեւէ իրավական հետեւանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից: Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից: Հետեւաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից ՀԽՍՀ-ն ի սկզբանե չի ունեցել միջպետական հարաբերություն իրականացնելու որեւէ իրավասություն, մասնավորապեսՙ միջազգային պայմանագիր կնքելու լիազորություն:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր եւ նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ: Քեմալի վարչախումբը որեւէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը: Մինչեւ 1922 թ. նոյեմբերը, այսինքնՙ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածով վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը, եւ միայն սուլթանը կարող էր լիազորել որեւէ անձիՙ հանդես գալու երկրի անունից: Քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով եւ միջազգային իրավունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանությանՙ սուլթան-խալիֆի դեմ ապստամբությունը եւ Մուդրոսի զինադադարի ոտնահարումը: Մուստաֆա Քեմալը 1921 թ. պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր եւ դեռեւս 1920 թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորիՙ շեյխ-ուլ-իսլամի ֆեթվայով (կոնդակով) նա մահվան էր դատապարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաեւ թուրքական ռազմական դատարանը: Ի դեպ, Քեմալի եւ քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923 թ. հուլիսի 24-ին: Կարսի պայմանագիրը ստորագրած Կարաբեքիրը 1921 թ. չէր հանդիսանում իրավականորեն ճանաչված թուրքական պետության լիազոր ներկայացուցիչը, այլ Քեմալի մարտախմբի ներկայացուցիչն էր:
Խիստ խնդրահարույց է նաեւ Կարսի պայմանագրի օրինապես վավերացված լինելու հարցը: Ըստ պայմանագրի 20-րդ հոդվածիՙ պայմանագիրը ենթակա էր վավերացման: Սակայն տպագիր աղբյուրներում չի գտնվել հիշատակում ՀԽՍՀ որեւէ կառույցի կողմից Կարսի պայմանագրին պաշտոնական անդրադարձած, առավել եւսՙ վավերացրած լինելու մասին: Կարսի պայմանագրի վերաբերյալ խորհրդային աղբյուրները նշում են միմիայն վավերագրերի փոխանակման (Երեւան, 11.09.1922 թ.) դրվագով, սակայն չեն նշում Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի կողմից պայմանագրի վավերացման մասին:
Օտար աղբյուրները նշում են, որ Կարսի պայմանագիրը վավերացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից (16.03.1922 թ., օրենք #207) եւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի փոխարենՙ ՌԽՖՍՀ-ի կողմից: Եթե սա իրողություն է, ապա, ըստ այդմ, Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվավեր նաեւ վավերացման գործընթացի կոպիտ խախտման պատճառով: Ըստ միջազգային իրավունքի հստակ է. յուրաքանչյուր երկիր կարող է որեւէ պայմանագիր վավերացնել միմիայն իր անունից եւ իր համար ու չի կարող դա անել ուրիշի փոխարեն:
Կարսի պայմանագիրն ստորագրելու գործընթացը ոտնահարել է նաեւ մի շարք նորմեր: Ըստ այդմ, եթե սահմանի հստակեցման եւ հաստատման գործընթացը խախտել է միջազգային իրավունքի որեւէ անբեկանելի սկզբունքՙ ապա տվյալ սահմանն անօրինական է եւ անվավեր, քանի որ անօրինական եւ անվավեր է այն ամրագրող պայմանագիրը: «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թ. Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածում հստակ արձանագրված է. «Պայմանագիրն առ ոչինչ է, եթե դրա ստորագրումը ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման հետեւանք էՙ ի խախտումն միջազգային իրավունքի այն սկզբունքների, որոնք տեղ են գտել ՄԱԿի կանոնադրության մեջ»:
Եզրակացություններ
1. Կարսի պայմանագիրը կոչված էր ընդամենը հաստատելու Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-1878 թթ. կորցրած Կարսի մարզը եւ Բաթումի հարավային մասը, իսկ հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները զիջեցին Սուրմալուի գավառը: Կարսի պայմանագրով վերահաստատվեցին այն զավթողական դրույթները, որոնք կոպտորեն ոտնահարում էին Հայաստանի կենսական շահերը:
Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորներ դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովինՙ առաջարկելով չեղարկել 1921թ. մարտի 16-ին կնքված «Բարեկամության եւ եղբայրության մասին» Մոսկվայի մեծ պայմանագիրը, որը մինչ օրս կարգավորում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Ճակատագրի հեգնանքով, նախաձեռնության հեղինակներն են ՌԴ Կոմկուսի փոխնախագահ Վալերի Ռաշկինը եւ քարտուղար Սերգեյ Օբուխովը, այսինքնՙ պայմանագիրը ստորագրած բոլշեւիկների ժառանգորդները: Ամեն դեպքում քիչ հավանական է, որ Կրեմլը դրական արձագանքի կոմունիստների առաջարկին: Հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովն էլ նշում է. «Ռուսաստանը չեղյալ չի հայտարարի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը այն պատճառով, որ Թուրքիայի սահմաններն այսօր ուղղակիորեն չեն շոշափում Ռուսաստանի շահերը: Երկրորդՙ այդ տարածքները շուտով կդադարեն լինել Թուրքիայի տարածք, հետեւաբար այդ երկրի փլուզման համար պատասխանավություն վերցնելն անհեթեթություն է»: Իսկ Թուրքիայի փլուզումը նախաձեռնել է ԱՄՆ-ըՙ ստեղծելով Քուրդիստան: Ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ Հայաստանը տնտեսապես, ժողովրդագրական եւ ռազմական առումներով պատրաստ չեն Թուրքիայի հետ նոր սահմանների ձեւավորմանը: Հարկավոր է հստակ ըմբռնել, որ Ռուսաստանն ու Թուրքիան թեեւ մրցակիցներ են, բայց թշնամիներ չեն: Այսպիսովՙ
2. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը կնքվել են միջազգային իրավանորմերի կոպիտ խախտումներով, հետեւաբար անօրինական են եւ անվավեր:
3. Շատերը պնդում են, թե դրանք կնքվել են 100 տարով, բայց դա կեղծիք է (ըստ դիվանագետ Լեւոն Էյրամջյանցի ուսումնասիրության, կնքվել են 25 տարի ժամկետով) եւ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը ժամկետանց են արդեն 75 տարի: Իսկ ներկա իրավիճում վերանայման հետ կապված խնդիրները հազիվ թե գան իրատեսական քաղաքական օրակարգ, քանի որ միայն խոսել պայմանագրերից, բայց իրական քաղաքականության մեջ որեւէ հենք չունենալ, այնքան էլ ցանկալի չէ: Գարեգին Նժդեհը նշում է. «Պայմանագրերը ապրում են այնքան ժամանակ, ինչքան դրանց կյանք տված պայմանները»: Իսկ այս պահին մեր տարածաշրջանում չկա այն իրատեսական հիմքը, որը կտանի Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի փոփոխման հարթություն:
4. Այս պայմանագրերի դեպքում էլ հարկավոր է ըմբռնել, որ միջազգային իրավական նորմերն ու սկզբունքներն ազդեցիկ տերությունները ծառայեցնում են իրենց շահերին ու նպատակներին` երբեմն խախտելով կամ իրենց ձեռնտու ձեւով մեկնաբանելով դրանք: Հետեւաբար դրա հետեւանքների չեզոքացման որեւէ քայլ կատարելուն պետք է նախորդի նախապատրաստական լուրջ աշխատանք` հաշվի առնելով նաեւ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումները: Գաղտնիք չէ. Հայաստանի Հանրապետությունն իրեն չպետք է շռայլություն թույլ տաՙ հրաժարվելով պաշտպանել ոչ միայն իր, այլեւ ողջ հայ ժողովրդի օրինական շահերն ու իրավունքները այն հնարավորություններով, որոնք ընձեռում է միջազգային իրավունքը, մանավանդ որ մեր հարեւանները վաղուց այդ իրավունքը խեղաթյուրված ձեւով օգտագործում են մեր դեմ: Մենք այսուհետեւ գոնե պիտի սերտենք այն հանրահայտ ճշմարտությունը, որ բոլոր ժամանակներում «ուժն է ծնում իրավունքը», եւ ապագայում առաջնորդվելով այս դրույթով, վստահ եմՙ հաջողություններ կունենանք:
Աղբյուրը՝ Azg.am