կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-28 18:34
Քաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Սեպտեմբերի 28-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, Արամ Վարդեւանյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սեյրան Օհանյանը կարեւորել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը, երկու պետությունների միջեւ առկա քաղաքական երկխոսությունը։ «Երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները նպաստում են միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ արդյունավետ համագործակցությանը»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը։

Հանդիպման ընթացքում խորհրդարանականները խոսել են պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի, Հայաստանի Հանրապետության սահմանների և ճանապարհների անվտանգության մասին։

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին՝ մասնավորապես մարդկանց և պատմամշակութային արժեքների հանդեպ իրականացվող վայրագություններին։

Հատուկ ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման գործում:

«Հայաստան» խմբակցության անդամներն անդրադարձել են դատաիրավական համակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներին, բարձրաձայնել, որ անհիմն պատճառաբանությամբ խոչընդոտվում են խորհրդարանական պատվիրակությունների մեջ ընդգրկված «Հայաստան» խմբակցության պատգամավորների այցերը արտասահման։

Անդրադարձ է կատարվել խորհրդարանում «Հայաստան» խմբակցության դերակատարությանը։

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։