Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորությամբ, ՀՅԴ Բյուրոյի, Հայաստանի Գերագույն Մարմնի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների միացյալ պատվիրակությունն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն։
Դեսպան դոկտոր Նորա Արիսյանին ՀՅ Դաշնակցության համահայկական ընտանիքի անունից Հակոբ Տեր Խաչատուրյանը փոխանցել է Սիրիայի ղեկավարությանն ու ժողովրդին ուղղված ցավակցություններն ու զորակցությունը։ Նա հույս է հայտնել, որ տասնամյա ահաբեկչական պատերազմից վերքերը բուժող Սիրիան եւ նրա ժողովուրդը կհաղթահարի նաեւ այս աղետը եւ կուղղի իր մեջքը։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ աղետից հաշված ժամեր անց զորաշարժի են ենթարկվել ողջ աշխարհի դաշնակցական կառույցներն ու ուղեկից միությունները՝ Սիրիայի ժողովրդին և Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս լայն օժանդակություն ապահովելու համար։
Տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՅԴ լայն աջակցության եւ ցավակցությունների համար։ Նա իր երկրի անունից հատուկ գնահատել է անցնող տարիներին Դաշնակցության կողմից իրականացված մարդասիրական օգնությունը եւ աջակցությունը։ Դեսպանը կարեւորել է հայ փրկարարների ներկայությունն աղետի գոտում, նշելով, որ միջազգային սահմանափակումների պատճառով երկրում այդ հարցում կար բավականին մեծ բաց, որը կարող են լրացնել նաեւ հայ փորձառու փրկարարները։ Դեսպանը հատուկ հուզմունքով նշել է, որ աղետի առաջին ժամերից սկսյալ բազում երեւանցիներ շտապել են դեսպանատան մոտ, անգամ որեւէ կապ չունենալով Սիրիայի հետ, իրենց վշտակցությունն են արտահայտել ու ծաղիկներ խոնարհել դեսպանատան դիմաց։
Հակոբ Տեր Խաչատուրյանը նաեւ տեղեկացրել է, որ Դաշնակցության կառույցները տարբեր երկրներում ջանքեր են գործադրում Սիրիայի Արաբական Հանրապետության նկատմամբ միջազգային շրջափակման վերացման եւ այդ երկիր մարդաստիրական օգնության առաքման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ՀՅԴ անունից գրառում է կատարել սգո մատյանում։ ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա պատգամավորական բարեկամության խմբի անունից սգո մատյանում գրառում է կատարել նաեւ այդ խմբի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։