Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարեւոր ուղղություններից մեկը, Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը։
«Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերն արդի միջազգային հարաբերություններում, մենք մշտապես պատրաստ ենք երկխոսություն ծավալել մեր եվրոպացի գործընկերների հետ խորհրդարանական տարբեր ձեւաչափերում` տարածաշրջանային խնդիրներ քննարկելու եւ դրանց լուծումներին աջակցելու համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպական միության հետ արդեն իսկ գոյություն ունեցող սերտ գործընկերության խորացմանն ուղղված ընդհանուր օրակարգի հաստատմանը, ինչն էլ, վստահաբար, կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը:
ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2021 թվականի մարտի 1-ից գործողության մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացել ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության նոր ծրագրեր իրականացնելու համար: Կուզենայի մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների իրականացմանը:
Անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացմամբ մենք վերահաստատեցինք ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի իշխանություններն առաջնահերթ են համարում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովման եւ ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության ուղղությամբ»,-ասել է նա։
Արշակյանն ասել է, որ նախորդ տարվա իրադարձությունները նոր իրականություն են ստեղծել մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս:
«2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքներն անդառնալի եղան մեզ համար: Այսօր մեր առջեւ կանգնած են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է, կայունությունը` փխրուն: Առավել վտանգավոր զարգացում է հանդիսանում ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է 2021 թվականի մայիսի 12-ից: Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի եւ լրջորեն վտանգել տարածաշրջանային անվտանգությունը:
Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:
Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ եւ հասցեական արձագանք, այդ թվում` Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցմանը եւ Ադրբեջանի կողմից սահմաններում հրահրող հետագա սրացումներին: Մեր խորին համոզմամբ, ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների հաստատմանը, ինչպես նաեւ խաղաղության մթնոլորտին:
Այս առումով կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի անդամներին` 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար: Կուզենայի առանձնահատուկ անդրադառնալ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձեւի համար, որով Եվրոպական խորհրդարանը պահանջում է հակամարտության ընթացքում եւ դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների, ռազմական եւ քաղաքացիական անձանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը:
2021թ. մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության արդյունքներով հաստատվեց նաեւ Թուրքիայի վերաբերյալ բանաձեւ-զեկույցը, որում Եվրոպական միությունը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Թուրքիային նաեւ կոչ է արվում զերծ մնալ ցանկացած տեսակի հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից եւ լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու հանձնառությունը: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ունեցած բացասական դերին: Հաշվետու զեկույցներում ԵՄ կողմը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության չճանաչումը եւ ցեղասպանության ժխտումը բերում են նոր ցեղասպանությունների եւ պատերազմների»,- նշել է ԱԺ փոխնախագահը։
Նա նշել է, թե Հայաստանը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը, դրանց խախտումների հետեւանքների վերացումը, այդ թվում` անվերապահորեն հրադադարի ռեժիմի պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման համար:
«Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը: Մենք կողմնակից ենք եւ ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով եւ գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության:
Կուզենայի ձեզ տեղեկացնել, որ իմ գործընկեր, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հունվարի 14-ին հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ: Այսօր, Վիեննայում տեղի կունենա բանագնացների երկրորդ հանդիպումը: Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993 թվականից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը:
Մենք պատրաստակամ ենք համագործակցության կամուրջներ ունենալ ինչպես հարեւան երկրների, այնպես էլ տարբեր ձեւաչափերում գործող միջազգային կազմակերպությունների հետ` ի նպաստ մեր երկրի զարգացման ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման: Վստահ եմ, որ Եվրոպական միությունն այն կառույցն է, որն իր առաքելությամբ կաջակցի այդ խաղաղության ու կայունության հաստատմանը, իսկ մենք` խորհրդարանականներս, կօգտագործենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր լծակները մեր տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման եւ հարգման ուղղությամբ», - հայտարարել է Հակոբ Արշակյանը։