կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 17:28
Քաղաքական

ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման ընթացքում իրավախախտումների մասին գրությունն ուղարկել եմ ՀՔԾ. Արսեն Բաբայան

ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման ընթացքում իրավախախտումների մասին գրությունն ուղարկել եմ ՀՔԾ. Արսեն Բաբայան

Երբ խոսում եմ իրավական որոշակիության, օրենքի առաջ բոլորի հավասարության, լեգիտիմ ակնկալիքի եւ շատ այդպիսի կարեւորագույն սկզբունքների մասին ենթադրում եմ որ շատերը դրանք առանձնապես չեն կարեւորում եւ համարում են սոսկ մասնագիտական գեղեցիկ տերմիններ:

Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա փորձեմ մեկ օրինակի վրա ավելի հանրամատչելի ներկայացնել, թե ինչ է նշանակում պետությունից իրավաչափ ակնկալիքը եւ որն է դրա խախտումը:

Վերջերս Հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Հիշեցնեմ, որ այդ գրառմամբ Նարեկ Սամսոնյանը հղում անելով իր աղբյուրին (առանց դրա բացահայտման) պատմել էր մի արարքի մասին, որը պարունակում էր ենթադրյալ հանցավոր արարքի մասին տեղեկություններ: Խոսքը հայտնի սեւ իկռայի հրապարակմանն է վերաբերվում:

Նարեկ Սամսոնյանն ընդամենը հրապարակել էր, որ լսել կամ իմացել է այդպիսի բան, որ տեղի է ունեցել ինչ-որ արարք: Սամսոնյանը չէր ներկայացրել ենթադրյալ արարքի մասին որեւէ փաստական տվյալ: Չէր ներկայացրել որեւէ այնպիսի տեղեկություն, որը, իմ համոզմամբ, առիթ կհանդիսանար քրեադատավարական ընթացակարգերով տեղեկությունը ստուգելու համար՚

Այդ պատմությունից առաջ, ինչպես հիշում եք, ես 7 թերթից բաղկացած գրություն էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ 7 էջ ներկայացրել էի բոլոր այն փաստական հանգամանքները, որոնք, իմ համոզմամբ, վկայում են հանցագործության մասին: Խոսքը ՍԴ դատավորներին կաշառելու հայտնի օրենքի ընդունման ընթացքում թույլ տրված բազմաթիվ իրավախախտումներին էր վերաբերվում:

Կզարմանաք իմանալով, թե ինչ է արել գլխավոր դատախազությունը:

Դատախազությունն ընդամենը 1 գրությամբ վերադարձրել է իմ գրությունը, որն ինչպես ասեցի բաղկացած էր 7 թերթ փաստական տվյալներից: Դատախազությունը գրությամբ ինձ հայտնել է, թե իբր ներկայացված գրությամբ ես չեմ հայտնել կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ:

Վստահ եմ հիշում եք այդ գրությունը, որտեղ ամենայն մանրամասնությամբ, համապատասխան հղումներով ու փաստերի ներկայացմամբ հիմնավորվել էր բոլոր խախտումները (աղբյուրը՝ http://ncac.am/?p=374):

Հենց սա է ոչ իրավաչափ գործողությունները, երբ մի հրապարակման հիման վրա, որը չի էլ արտահայտում որեւէ կոնկրետ տեղեկություն, քրեական գործ են հարուցում, իսկ մասնագիտական փաստաթուղթը վերադարձնում են մեկ գրությամբ, որի իրավունքն էլ իրականում չունեն:

Ուզում եմ վերջում տեղեկացնել, որ հիմք ընդունելով ՀՔԾ-ի արդեն հայտնի պրակտիկան (Ն․Սամսոնյանի գրառման) նույն գրությունն ուղարկել եմ ՀՔԾ պետին: Ակնկալում եմ, որ ՀՔԾ-ն քրեադատավարական պատշաճ ընթացքով կլուծի հարցը: