Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրամիությունը դատապարտում է Կիպրոսի Վարոշա քաղաքում Թուրքիայի գործողությունները և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Կիպրոսի թուրք առաջնորդ Էրսին Թաթարի համապատասխան հայտարարությունները: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
«Եվրամիությունը խստորեն դատապարտում է Թուրքիայի միակողմանի քայլերը և Թուրքիայի նախագահի, ինչպես նաև Կիպրոսի թուրք առաջնորդի անընդունելի հայտարարությունները՝ արված 2021 թվականի հուլիսի 20-ին ցանկապատված Վարոշա քաղաքի հետագա բացման վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Բորելի՝ «ԵՄ-ն նաև կոչ է անում անհապաղ չեղարկել բոլոր գործողություններն ու քայլերը, որոնք ձեռնարկվել են Վարոշայի հետ կապված՝ 2020 թվականի հոկտեմբերից»:
Փաստաթղթում ընդգծվում է, որ «ԵՄ-ն վերահաստատում է միջազգային իրավունքը խախտող միակողմանի գործողություններից և նոր սադրանքներից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են լարվածություն առաջացնել կղզում և վտանգել կողմերի միջև ընդհանուր լեզու գտնելու շարունակական ջանքերը՝ ուղղված Կիպրոսի հիմնախնդրի տևական լուծմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելի հայտարարությունները։ Նախարարությունը շեշտել է, որ Անկարան որևէ նշանակություն չի տալիս դրանց:
«Նման հայտարարությունները, որոնք անտեսում են Կիպրոսի թուրքերին, հեռու են փաստերից և արտացոլում են միայն կիպրական հույների տեսակետը: Մեր տեսանկյունից՝ դրանք ոչ մի իմաստ կամ ուժ չունեն»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչի հայտարարության մեջ: