կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-25 14:08
Տարածաշրջան

Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ հայտարարությունները տեղին չեն. Թուրքիայի ԱԳՆ

Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ հայտարարությունները տեղին չեն. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ France 5 հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունները:

«Մենք կարծում ենք, որ պարոն Մակրոնի հայտարարություններն անտեղի և անհամապատասխան են այն ժամանակ, երբ երկու երկրները քայլեր են անում դեպի բարեկամություն»,- ասել է գերատեսչության պաշտոնական խոսնակ Համի Աքսոյը:

Դիվանագետը նաև հավելել է, որ Ֆրանսիայի ղեկավարի խոսքերն անընդունելի են և հակասում են երկու երկրների միջև բարեկամության ու դաշինքի ոգուն:

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ֆրանսիայի դրական և բացասական վերաբերմունքն ու հռետորաբանությունը, որ նա կցուցադրի այս ժամանակահատվածում, հայելային արձագանք կառաջացնի Թուրքիայի կողմից»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ըստ Աքսոյի՝ Թուրքիան, իր տարածաշրջանային քաղաքականության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ սերտ երկկողմ կապերի շնորհիվ, կշարունակի ամենակարևոր ներդրումներից մեկն ունենալ դաշինքի գործունեության մեջ:

Նա նաև նշել է, որ «վտանգավոր են» Մակրոնի այն դատողությունները, որ հաջորդ տարի Թուրքիան միջամտելու է Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին:

«Թուրքիան չունի Ֆրանսիայի ներքին քաղաքականությանը վերաբերող օրակարգ, բացառությամբ թուրքական համայնքի շուրջ 800 հազար բնակիչների համար բարեկեցության, խաղաղության և ներդաշնակության»,- ասել է նա:

Դիվանագետը նշել է, որ Անկարան ակնկալում է, որ թուրքական հարցը չի դառնա Ֆրանսիայի ներքին քաղաքականության թեմա, հատկապես՝ ընտրությունների ժամանակ:

Աքսոյը նաև ասել է է, որ «Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովի, Սիրիայի եւ Լիբիայի հարցերում, միջազգային իրավունքի համաձայն, վարում է օրինական քաղաքականություն»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ համարում է, որ Թուրքիան կարող է փորձել ազդել իր երկրում ընտրական գործընթացների վրա: France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ Անկարան փորձում է «թուլացնել Ֆրանսիայի սկզբունքները»: