կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-09 04:35
Հասարակություն

ՀԱԿ-ը դատապարտում է ԶԼՄ-ների դեմ սկսված արշավանքը

ՀԱԿ-ը դատապարտում է ԶԼՄ-ների դեմ սկսված արշավանքը

«Հայ ազգային կոնգրեսն արդեն մի քանի անգամ անդրադարձել է իշխանական նախկին ու ներկա պաշտոնյաների և օլիգարխների կողմից լրատվամիջոցներին ֆինանսապես խեղդելու, դրանով նրանց ու յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը ոտնահարելու փաստին։ Այդ հնարավորությունը նրանց ընձեռվել է ներկայիս օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հեղինակած և ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությամբ։ «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերից հետո այսօր նույնպիսի հարվածի տակ են հայտնվել «Երկիրը», որի դեմ հայց է հարուցել ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը, և «Հրապարակը», որին դատի է տվել Ռ. Քոչարյանը։ Վերջինս, որ լրատվամիջոցներին դատի տալու գործում առաջամարտիկ է, նաև պահանջել է կալանք դնել «Հրապարակի» դրամական միջոցների և գույքի վրա, ինչը և բավարարել է դատարանը։ Կալանք է դրվել նաև «Երկիր» թերթի գույքի վրա:

Մամուլը, անկախ դրա միջոցների քաղաքական և այլ ուղղվածությունից, այն ամենակարևոր հարթակն է, որտեղ իրացվում են մարդու կարևորագույն իրավունքները, որտեղ ձևավորվում է հասարակական կարծիքը, որի անգնահատելի օգնությամբ ձևավորվում է երկրի քաղաքացիական հասարակությունը։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ վարչախմբի ձեռնարկած այս խայտառակ արշավանքը։ Ստոր այս մեթոդին ապավինելով՝ նրանք ակամա մատնում են ազատ խոսքի և իրենց գործունեության հանրայնացման նկատմամբ ունեցած վախը, մյուս կողմից՝ ցուցադրում սեփական էության ճղճիմությունը»։