կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-17 14:07
Մշակույթ

«Թատրոնը փակելու փոխարեն նոր աշխատաոճ մշակեք». Ղազանչյանը դեմ է թատրոնների միավորմանը

«Թատրոնը փակելու փոխարեն նոր աշխատաոճ մշակեք». Ղազանչյանը դեմ է թատրոնների միավորմանը

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը չի պատկերացնում երկու ստեղծագործական օրգանիզմների՝ Պարոնյան թատրոնի եւ Պետական կամերային երաժշտական թատրոնի միավորումը: Ասում է՝ միավորման տակ պետք է հասկանանք, որ կամերային երաժշտական թատրոնն այլեւս գոյություն չի ունենալու:

«Մենք պետք է ավելի շատ քննարկենք թատերական միավորի լինել-չլինելու հարցը: Եթե թատրոնի աշխատանքը չի բավարարում, փակելու փոխարեն աշխատանք պիտի տարվի, փոփոխություններ արվեն, թատրոնի նշանակությունը փոխվի, անվանումը, որպեսզի այն սկսի այլ ստրատեգիա ունենալ: Այս թատրոնն ունի շատ կոկիկ դահլիճ, հրաշալի բեմահարթակ,  համարում եմ, որ ճիշտ չէ այդ ամենը քանդել: Վերջին 15 տարիների ընթացքում այնտեղ մի քանի անգամ վերանորոգում եղավ, եւ թատրոնը, որպես թատերական դահլիճ, կարող է շարունակել ծառայել: Այնտեղ կարելի է հրաշալի ստեղծագործական աշխատանք տանել»,- ընդգծում է Ղազանչյանը:

Թատրոնները միավորելու որոշման նախագիծ դեռեւս չկա, Ղազանչյանը հույս է փայփայում, որ, այնուամենայնիվ, միավորում տեղի չի ունենա: «Ես դեռեւս հույս եմ փափայում, որ դա տեղի չի ունենա, որովհետեւ այս ամենը դեռեւս խոսակցությունների մակարդակում է: Առայժմ որոշման նախագիծ չկա այս կապակցությամբ: Կարծում եմ, որ հարցին այնպիսի լուծում կտրվի, որ որեւէ կողմ չտուժի: Ես հավաստիացումներ եմ ստանում, որ հետագայում թատրոններ միավորելու գործընթաց այլեւս չի լինելու: Կամերային թատրոնի դերասանները նույնպես դեմ են մեզ միանալու որոշմանը»,- ասում է նա:

Ղազանչյանի խոսքով՝ եթե ունենայինք մշակույթի նախարարություն, այս հարցը այսպես չէր լուծվի. «Մշակույթի նախարարությունը փակելով` մենք միայն կորցրինք, շատ սխալ քայլ էր, ես այն ժամանակ էլ եմ ասել: Եթե մենք ունենայինք նախարարություն, այս հարցը այլ կերպ կլուծվեր»:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը ասել էր, որ Երեւանի բոլոր թատրոնների ստեղծագործական աշխատակազմերը դեմ են այս որոշմանը։ Նա նաեւ նշել էր, որ, նախարարության այս որոշմամբ, գործնականում իր ղեկավարած թատրոնի վիճակը դառնում է կատաստրոֆիկ: «Պարզապես կորցնում ենք թատրոնը, կորցնում ենք ստեղծագործելու հնարավորությունը։ ԿԳՄՍՆ-ի այս նախագծով՝ գուցե լուծարվի կամերային թատրոնը, եւ ամբողջ աշխատակազմը կամ աշխատակազմի 70 տոկոսը միավորվի Պարոնյանի թատրոնին, իսկ շենքը տրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Այս որոշումը չունի տրամաբանություն։ Հիմնավորումն այն է, թե մեր պայմաններն են բարելավում՝ մեզ տեղափոխելով Պարոնյանի անվան թատրոն, բայց դա բարելավում չէ մեզ համար»,- ասել էր Ստեփանյանը։ 

 Լիանա Սարգսյան