կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-06 16:22
Մշակույթ

Հրաչյա Հակոբյանը թատրոնների միավորմանը կողմ է, փակմանը` դեմ

Հրաչյա Հակոբյանը թատրոնների միավորմանը կողմ է, փակմանը` դեմ

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ Yerkir.am-ը զրուցել է ՊՈԱԿ-ների միավորման, թատրոնների ֆինանսական անկախության ու թատերական ոլորտի հարակից թեմաների մասին:

-Արդեն մի քանի օր շարունակ ՊՈԱԿ-ների միավորման, օպտիմալացման հարցը քննարկվում է մշակութային  ոլորտի ներկայացուցիչների, լրագրողների ու ոլորտով հետաքրքվողների շրջանում: Մասնագիտությամբ դերասան լինելով` ո՞րն է այս հարցում Ձեր դիրքորոշումը:

-Դեռ մեկուկես տարի առաջ եմ իմ դիրքորոշումը հայտնել, երբ աշխատում էի թատրոնում, և այն հետևյալն է` մեզ նման փոքր երկրի համար չափից շատ է 10 կամ ավելի պետական թատրոն ունենալը: Ֆրանսիայում կամ զարգացած մեկ այլ` հարուստ բյուջե ունեցող երկրում կան հաշված պետական թատրոններ` կամերային պետական թատրոն, մեկ մայր թատրոն, մենք ունենք 10-ից ավելի թատրոններ: Արդյունքում` չունենք որակյալ թատրոններ, որոնց պետական բյուջեից փոքր մասնաբաժիններ են հասնում, հետևաբար` պետությունը չի կարողանում հատկացված գումարի դիմաց նրանցից բարձր որակ պահանջել: Շատ ավելի ճիշտ կլինի մի քանի պետական թատրոն ունենալ, և պետությունը  բարձր որակ պահանջի այդ թատրոններից:

- Այսինքն` կո՞ղմ եք միավորման գաղափարին:

- Այո, կիսում եմ այդ մոտեցումը: Արդեն առիթ ունեցել եմ մեկ անգամ խոսելու այդ մասին, ու իմ գործընկերներն ինձ քննադատել են այդ կապակցությամբ, որոշ դեպքերում անգամ վիրավորական ինչ-որ ձևակերպումներ եղան, բայց ես, միևնույն է, մնալու եմ իմ կարծիքին: 
Պատկերացնո՞ւմ եք` մենք տարեցտարի ավելացնենք մեր թատրոնների թիվը, որովհետև ամեն տարի կարող ենք ունենալ տաղանդավոր մարդիկ, արվեստի ու թատրոնի գործիչներ, որոնց անունով արժե պետական թատրոն ունենալ: Բայց արդյո՞ք դա ճիշտ մոտեցում է, որ ամեն տաղանդավոր դերասանից ու ռեժիսորից հետո նրա անունով թատրոն լինի: Քավ լիցի, դեմ չեմ, որ այդ մարդու անունով թատրոնի լինի, բայց ոչ` պետական, որովհետև եթե այդ տեմպերով գնանք, պետական բյուջեն չի հերիքի, որ թատրոններին գումար տրամադրվի: Պետք է լինի մայր թատրոն, օպերայի ու բալետի թատրոն, մանկական մի թատրոն, կոմեդիայի թատրոն, ու բյուջեն բաժանվի այդ թատրոնների միջև:

-Եթե դեմ չեք միավորմանը, այդ դեպքում ի՞նչ անեն միավորվող թատրոնների դերասանները, ռեժիսորները, ռեկվիզիտորները և այլք:

- Իմ առաջ քաշած տեսակետը բնավ չի նշանակում, թե այդ թատրոնները պետք է փակվեն, պարզապես պետական ֆինանսավորումը պետք է լինի վերոնշյալ չորս թատրոններին: Եվրոպայում, օրինակ, բազմաթիվ թատրոններ կան, բայց բոլորը չէ, որ սնվում են պետական բյուջեից: Մասնավոր ընկերություններից են գումարներ հայթայթում, հովանավորներ են գտնում. թատրոնը կոմերցիոն դաշտ են տանում  այդ ամենը: Պատկերացնո՞ւմ եք` ինչքան թատրոն ունենք, այդքան էլ հեռուստաընկերություն ունենայինք, բայց չունենք, չէ՞: Հանրային մեկ հեռուստաընկերություն ու ռադիո ունենք: Պետք է լինեն մի քանի թատրոններ, մնացածները պետք է մրցակցության մեջ մտնեն ու «պեղեն» հովանավորներ, իրենց թատրոնը դարձնեն կոմերցիոն, տոմսեր վաճառեն, իրենց հովանավորներին գոհացնեն: Հովանավորը (խոսքը նորմալ հովանավորների մասին է) ինչ-որ կերպով պետք է տեսնի` ներկայացման մեջ տեսնի իր հովանավորչությունը:

-Կոմերցիայի խնդիրն ինչի՞ց է առաջ գալիս, չէ՞ որ, բացի կոմերցիայից, նաև հանդիսատեսին գրավելու խնդիր պետք է լինի:

- Այո, հենց այդ դեպքում էլ կունենանք այդ մրցակցությունը: Ինչո՞ւ չի զարգանում թատրոնը, որովհետև  ռեժիսորը, կոմերցիոն տնօրենը կարիք չունեն, որ գնան հովանավորների փնտրեն, տոմս ծախեն, որովհետև պետական բյուջեից այդ գումարը, ժողովրդական լեզվով ասած, «կաթում է», աշխատավարձերը ստանում են: Դերասանները հաճախ են դժգոհում իրենց աշխատավարձից, ու երբ ինձ դատափետում են հայտարարություններիս համար, հետաքրքիր է` նրանց ստացած աշխատավարձն իրենց բավարարո՞ւմ է: Բնականաբար, դժգոհ են, դրա մասին նրանք չեն բարձրաձայնում, ու գիտե՞ք` ինչու, որովհետև գիտակցում են` ստանում են այնքան, որքան աշխատում են: Կողքից սերիալի նկարվելու գումարն ունեն, «դուբլյաժ»  կարդալու գումարը կա, ու դրա մեջ տեղավորվում է նաև այդ աշխատավարձը: Բայց եթե նրանք ստանան այնքան գումար, որ սերիալում չնկարվեն, «դուբլյաժ» չկարդան (չնայած դրա մեջ վատ բան չկա), նվիրվեն թատրոնին ու աշխատանքային օրվա 8 ժամը լինեն թատրոնում, ապա դրան համարժեք կվարձատրվեն:

- Թատրոնի խաղացանկը հուզո՞ւմ է Ձեզ: Ներկայացումների ժամանակավրեպության խնդիր տեսնո՞ւմ եք:

- Խաղացանկը միշտ է հուզում. աշխարհը շատ ավելի առաջ է անցել, նորարարական մոտեցումներով ու լուծումներով են առաջնորդվում: Թատրոնում, ի սեր Աստծո, պետք է լինեն տարբեր ժամանակաշրջանի ներկայացումներ, բայց պետք է մոդեռն ոճն էլ զարգանա: Եղել են, այո, նաև նորարարական լուծումներով ներկայացումներ, բայց այս պահին գերակշիռ մասը Ստանիսլավսկու հին մոտեցումներով են բեմադրված:

- Գալով ՊՈԱԿ-ների թեմային` միավորումները միայն բովանդակայի՞ն բնույթ ունեն, թե՞ նաև ֆինանսներ խնայելու համար են արվում:

- Կարծում եմ` հնարավորությունների ու օպտիմալացման խնդիր կա նաև: Նախ` հասարակությունը, մշակույթի ներկայացուցիչները պետք է ընդունեն այս մոտեցումն ու մտնեն բովանդակային քննարկման մեջ, ապա տարբերակներ առաջարկեն:

- Ինչպե՞ս տարբերակներ առաջարկեն, եթե հարցն իրենց հետ նախապես  չեն քննարկել:

- Բնականաբար, պետք է քննարկում լիներ, պետք է հրավիրեին կողմերին ու նրանց հետ քննարկեին այդ հարցերը, բայց երբեք ուշ չէ սկսել այդ քննարկումը: Թատրոնի ներկայացուցիչները կարող էին կազմակերպել այդ քննարկումը, չնայած երևի չեն իմացել` ինչպես կազմակերպել:

Զրուցեց Վրույր Սևակը