կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-11 14:39
Արցախ

Միայն Արցախի անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն. Արցախի ԱԳՆ

Միայն Արցախի անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն. Արցախի ԱԳՆ

Կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ միջազգային ահաբեկիչների հետ դաշինքով, Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիան դադարեցնելու ճանապարհին: Մարդասիրական հրադադարը պետք է Ադրբեջանի կողմից անշեղորեն պահպանվի և ամուր հիմք դնի 1994 թ. մայիսի 12-ի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման և 1995 թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերի գործողությունը լիակատար վերականգնելու համար: 

Կարևոր ենք համարում, որ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի բացառիկ դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջնորդական գործունեության իրականացման մեջ:

Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից չորս տարիների ընթացքում սանձազերծված երկու ագրեսիանները համոզիչ կերպով ցույց են տալիս ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառող մեխանիզմի ներդրման հույժ անհրաժեշտությունը:

Վերահաստատում ենք պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, որ միայն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն և ցույց կտա միջազգային հանրության համար ուժի կիրառման անընդունելիությունը ՝ որպես հակամարտության լուծման միջոց։