Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արիս Նալջը
Գանձագողերը կողոպուտ են արել եկեղեցու բակում։ Մի տեղ մարդու ոսկորներ տեսանք։ Ենթադրեցինք, որ դրանք կարող է քահանայի գերեզմանից հանված լինեն։ Հողը փորեցինք և վերաթաղեցինք ոսկորները։
Այս շաբաթ մեկը մյուսի հետևից շատ բան կատարվեց։
Թուրքիայի օրակարգը, 100 տարի է, ինչ մեկ շաբաթ անգամ առանց հայերի չի անցնում։
Նախկին պատգամավոր Ֆեյզի Իշբաշարանը հայտարարել է․ «Թեկուզ այդպես լինի, հետո ի՞նչ», և պնդել, թե Երջանկություն կուսակցությունից պատգամավոր Օղուզհան Ասիլթյուրքը ծագումով Մալաթիայի Հաքիմհանլը Դուրմուշ Դուրդույանն է։
Իրականում սա հին պնդում է։ Սակայն մշտապես անթնացնում և հրամցնում են մեզ։ Իսկապես, թեկուզ և այդպես լինի։
Երանի իսկապես այնպիսի երկրում ապրեինք, որտեղ ինքնությունը մարդու քաղաքականության և կարիերայի վրա ազդեցություն չունենար։ Սակայն ինքնությունն այնքան կարևոր է, որ ձեր՝ մուսուլման, ալևի, հայ, հույն, հրեա լինելը ի սկզբանե հայտնի է դարձնում ձեր ճակատագիրը։
Ինչքան ցանկանում եք՝ փորձեք թաքցնել, պնդումները կգան-կգտնեն ձեզ։
Թուրքիայի պատմության մեջ հայ չեղած քաղաքական գործիչ էլ չի մնացել։ Մեհմեթ Աղարից մինչև Դևլեթ Բահչելի, Աբդուլլահ Գյուլից մինչև Մեսութ Յըլմազ՝ գրեթե բոլորը հայ են համարվում։
Իմ անձնական կարծիքով՝ «Հայ լինի, թե չլինի՝ ի՞նչ տարբերություն․ այս տարածքների համար մի լավ բան չանելուց հետո»։
Դեպի Հայաստան
Մյուս կողմից էզանի ձայնից անհագստացողներին Հայաստան կամ Հունաստան ուղարկած Սուրբ Սոֆիայի նախկին հոգաբարձու իմամն էլ էր այս շաբաթվա օրակարգում։
Այդ հաստավիզ անձնավարությունն այժմ Մարմարայի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս է։ Մարդ վշտանում է։ Որակը օրըստօրե ընկնող համալսարաններում հոգաբարձու իմամներ, հոգաբարձու ռեկտորներ․ սերնդեսերունդ հավատացյալների թվի անկմանն ենք ականատես լինում։
Գուցե այս կառավարության նպատակը դա է։ Գիտեն, որ մարդիկ հեռացել են հավատքից, և այդ պատճառով է, որ դուրս են գալիս Աթեիստական կազմակերպության դեմ։
Փախչելու ուրիշ տեղ չի մնացել․․․
Երբ փախչելու տեղ չմնա, ստիպված բոլորը իրենց ծննդավայրում կմնան։
Կմնան, բայց ի՞նչ կանեն։
Չեն կարողանա երգել (միայն՝ ականջակալներով)։
Երաժշտություն չեն գրի (միայն՝ գաղտնի)։
Ալկոհոլ չեն խմի (օղի)։
Կարծում են․․․
Սխալվում են․․․
Թող այդպես լինի։ Սահմանը բացվելուն պես, ըստ իս, մեկ անգամ գնացեք Հայաստան կամ էլ Հունաստան։ Կհանգստանաք մի փոքր։
Ի՞նչ եղավ Կայսերիում (Կեսարիա-Ակունք խմբ․) ․․․
Ամառային սեզոնի բացումից հետո Թուրքիայի չորս կողմում դեռևս պատերը կանգուն մնացած եկեղեցիներ այցելելու ժամանակը եկավ։
Այս տարի Քեբանի ամբարտակում ջրերի հետ քաշվելուց հետո լճի տակ մնացած եկեղեցիներ էլ կարող եք այցելել։
Սակայն եթե ծրագրեր ունեք այցելել Վանի Աղթամար կղզի և տեսնել Սուրբ Խաչ եկեղեցին, ապա իմացեք, որ սկսել են քանդումներ անել հենց դիմացի ափին կառուցվելիք քարե օջախի համար։ Ստիպված կլինեք դա էլ տեսնել։
Եկեղեցիների սեզոնի բացվելուն պես գանձագողերն էլ են աշխուժանում։
Իրականում գանձագող եղող բազմաթիվ մարդիկ ամռանը ուղեկցորդներ են աշխատում։ Այդ ձևով կարողանում են տեսնել հայ «զբոսաշրջիկների» այցելած, սակայն իրենց անհայտ եկեղեցիները։
Այս ամառ շատ այցելուներ ունեցած եկեղեցին, ձեր՝ այնտեղից հեռանալուց հետո, կարող է ենթարկվել գանձագողերի կողոպուտին։ Նախ մի փոքր ներսից սկսում են փորել, հետո փորում են սյուներից մեկի հիմքը, հետո՝ պատերը․․․
Մի 10 տարվա մեջ եկեղեցին քանդվելու եզրին է հայտնվում։
Կայսերիի Մելիքգազիում գտնվող 18-րդ դարում կառուցված Սուրբ Թորոս եկեղեցու վիճակը նույնն է։ Լուր է հրապարակվել, թե ավերվել է։ Թաղապետ Մեհմեթ Յըլմազն ասում է․ «Այն վիճակը, որը տեսանք, ցավ է պատճառում»։
Իսկ ես մեկ այլ տեսանկյունից եմ նայում։
Պատմեմ։
Կայսերիում գտնվող եկեղեցիներով և հայկական թաղամասերով շրջել եմ տարիներ առաջ՝ 2015 թ․մուսուլման ընկերներիցս մեկի հետ։
Գյուլբենկյանների հիմնադրած դպրոցի տաշած քարերը մեր Կայսերիի թալասցի վերջին հայ Սարգիս քեռու տանն են։ Այդ պատմությունը կներկայացնեմ մեկ այլ հոդվածում, հիմա ձեզ համառոտ պատմեմ Կայսերիում տիրող հիմնական վիճակի մասին։
Կայսերին Յոզղատի, Թոքաթի, Սամսունի նման վայր չէ, որտեղ ամեն 50 մետրի վրա մեկ գանձագող կարող է ձեզ հանդիպել։ Գանձագողությունն այստեղ արվում է ավելի հմտորեն, ավելի գրագետ։
Դեռևս շենքը կանգուն մնացած եկեղեցիների մեծ մասը հարևանները կամ գյուղապետերը կողոպտում են կամ շահագործում։
Թավլուսուն գյուղի թաղապետերից Մեհմեթ Յըլմազն ասում է․ «Այն վիճակը, որ մենք տեսանք, ցավալի է։ Այս թեմայի առումով ես համոզված եմ, որ եթե վերանորոգման աշխատանքեր սկսվեն, գանձագողերը ավելի հեռու կմնան։ Գանձագողերը, առանց հաշվի առնելու, որ պատմական կառույցին վնաս են հասցնում, դրանք կողոպտում են՝ հանուն սեփական շահերի։ Այստեղ հանդիպած ամեն կառույցի վնաս են պատճառում։ Դրանցից ազատվելու համար պայքարել է պետք»։
Մինչդեռ մենք, երբ գնացինք այնտեղ, եկեղեցու շենքի վրա մի ցուցանակ կար կախված, որտեղ նշված էր, որ այդ շենքը պատկանում է Թավլուսուն գյուղի Կրթության և օգնության միությանը։ Նշանակում է, որ այդ ժամանակվանից որևէ բան չի արվել։
Երբ Թավլուսունի լանջերին գտնվող Սուրբ Թորոս եկեղեցու մասին հարցրեցինք հովվին, նա անմիջապես պատասխանեց․ «Այո՛, այո՛։ Հայ, հույն, կողք կողքի։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք հայ մնացել է, մեղմ ժպիտով պատասխանեց․ «Ո՛չ, գնացել են»։
Թավլուսուն գյուղի ներկայիս անունը Այդընլար է։
Գյուղի մուտքի մոտի հունական եկեղեցին դիմավորեց մեզ։ Բակը ենթարկվել էր գանձագողերի կողոպուտին։ Մի վայրում մարդու ոսկորներ տեսնաք, ենթադրեցինք, որ դա կարող է որևէ քահանայի գերեզման լինել։ Իմ հին ընկերը չկարողացավ թույլ տալ, որ ոսկորները բաց մնան։ Հողը փորեցինք և վերաթաղեցինք ոսկորները։
Այժմ, երբ եկեղեցու վերջին վիճակի մասին լուր ստացա, զանգեցի նրան։
Ասաց․ «Սիրելի՛ Արիս, մենք թաղում ենք, նրանք հանում»․․․
Մեր կողմից 2015 թ․ վերաթաղած քահանայի ոսկորները հիմա դարձյալ հանել են Թավլուսունում։
Երկու հսկայական տաճարներ կողք կողքի են․․․ Հունական եկեղեցու անմիջապես կողքին Սուրբ Թորոս հայկական եկեղեցին է։ Իսկ եկեղեցու դռան մոտ Թավլուսուն գյուղի Կրթության և օգնության միության կողմից կախված ցուցատախտակն է տեղադրված։ Կայսերիի կենտրոնում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց բացի՝ դա միակ շենքն էր, որի վրայից հայկական հետքը չեն կարողացել ջնջել և նույնիսկ ցուցադրվում է։ Պետք է ծափահարել գյուղի միությանը և նույնիսկ աջակցել։
Սուրբ Թորոսի մանրանկարները մեծապես տուժել են։ Մի քանի ընթեռնելի գրություններից բացի՝ մնացածը քար ու ավերակ է։ Աղոթատեղիի աջ կողմում գտնվող մոմերի բաժինը խորը փոսի է վերածվել։
Գանձագողերը այս հատվածն էլ չեն խնայել։
Յոթ տարի է անցել այն օրից, երբ շրջեցինք այդտեղով։ Յոթ տարի շարունակ մի քայլ իսկ չեն ձեռնարկել։
Մեր թաղած քահանայի ոսկորներից բացի՝ որևէ այլ բան դուրս չի եկել․․․
Է՜յ, գանձագողեր, հանգիստ թողեք մեր ոսկորները․․․
https://artigercek.com/yazarlar/aris-nalci/biz-gomelim-onlar-cikarsin
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net