կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-21 13:47
Հասարակություն

Սպասում են` Պուտինը գա, գնա, որ հետո մեզ գործից հանեն

Սպասում են` Պուտինը գա, գնա, որ հետո մեզ գործից հանեն

41 մարդ միանգամից հանեց աշխատանքից, 41 ընտանիք մնաց` օդում կախված: «Հասկանո՞ւմ եք` խոսքը 1-3 հոգու մասին չէ, այլ մի ամբողջ աշխատակազմի»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀԷՑ-ի խոշոր սպառողների դեպարտամենտի հաշվապահ Կարինե Մելքոնյանը:

 

Օրեր առաջ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը «բանավոր» որոշում է կայացրել` լուծարել դեպարտամենտը եւ աշխատանքից ազատել դեպարտամենտի բոլոր` 41 աշխատակիցներին:

 

Տիկին Մելքոնյանը նշեց, որ, որպես դեպարտամենտի լուծարման պատճառ, իրենց ներկայացրել են` իբր աշխատանքի օպտիմալացում են կատարում:

 

«Չգիտենք` մեր վիճակն ի՞նչ է լինելու: Քաղաքի 1/3-ը մեր դեպարտամենտն է սպասարկում, էլեկտրաէներգիայի կորուստ չունենք, նորմայից ցածր են կորուստները, գանձումները 100 տոկոսով են, այսինքն` դեպարտամենտը միայն օգուտով է աշխատել: Այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ են լուծարում այն: Միակ պատճառը կայամականությունն է»,- ասաց նա:

 

ՀԷՑ-ի արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը հավաստիացրեց, որ արհմիությունը կանգնած է լինելու ժողովրդի կողքին, իրենք դեմ են աշխատակիցներից որեւէ մեկի կրճատմանը: «Մենք պայքարելու ենք անգամ մեկ աշխատակցի կրճատման դեմ: ՀԷՑ-ի տնօրենն արդեն խոստացավ, որ աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը կզբաղվի 41 աշխատակիցներին էլ աշխատանքով ապահովելու հարցով, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից լինի բավարարված, հակառակ դեպքում` մենք կանգնելու ենք ժողովրդի կողքին եւ պայքարենք»,-ասաց նա:

 

Հարցին, թե ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինն արդյո՞ք տեղեկացրել է դեպարտամենտի լուծարման մասին արհմիությանը, Մուրադյանը պատասխանեց, թե այդ որոշումը դեռեւս «բանավոր» է: «Ոչ մի գրավոր որոշում չի եղել, դրանք խոսակցություններ են, որոնց ես ներկա չեմ եղել: Ամենակարեւորը` տնօրենների խորհրդի որոշումը` կրճատումներ անելու, կասեցվել է: Սակայն դա, միեւնույն է, մարդկանց հույս չի ներշնչում, դրա համար էլ մենք մեր կողմից պատրաստ ենք անել ամեն ինչ»,- պարզաբանեց նա:

 

Աշխատակիցների հետ փորձեց զրուցել ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը, ով իր խոսքը սկսեց «հեռվից»: Բիբինի հավաստմամբ` ինքը հասկանում է, թե ինչո՞ւ են աշխատակիցներն անհանգստանում, հասկանում է, որ նրանցից յուրաքանչյուրն ունի ընտանիք, որը պահում էր իր աշխատավարձով, որը գուցե այնքան էլ շատ չէ: «Այսօրվա դրությամբ ոչ մեկին աշխատանքից չենք ազատել: Մենք առաջարկում ենք 2 շաբաթվա ընթացքում զրուցել ձեզնից յուրաքանչյուրի հետ եւ նույն աշխատանքը նույն աշխատավարձով կատարել այլ մասնաճյուղում»,- հավաստիացրեց նա:

 

«Ի՞նչ երաշխիքներ պետք է ունենան աշխատակիցները, թե նրանցից ոչ ոք աշխատանքից չի ազատվի» հարցին Բիբինը պատասխանեց` միակ երաշխիքը նրանց հետ հետագայում կնքվելիք նոր աշխատանքային պայմանագրերը կլինեն:

 

Սակայն ՀԷՑ-ի աշխատակիցները, կարծես, այդպես էլ համաձայնության չեկան տնօրենի հետ` վանկարկելով, որ չեն հավատում նրան եւ պահանջում են, որպեսզի նա ազատվի պաշտոնից:

 

«Չենք հավատում, ուղղակի չենք հավատում նրան: Ինչո՞ւ մինչ այդ նա մեզ ոչինչ չէր առաջարկում, ուղղակի ազատում էր աշխատանքից: Հենց ոտքի կանգնեցինք, առաջարկում են, թե կտեղափոխեն` Աստված գիտե, թե ուր, որ մասնաճյուղ, եթե, իհարկե, տեղափոխեն: Բիբինը ժամանակ է շահում, սպասում է ՌԴ նախագահը գա Հայաստան, գնա, որ նոր մեզ աշխատանքից հանի»,- yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀԷՑ-ի աշխատակից Էդուարդ Տիգրանյանը:

 

ՀԷՑ-ի աշխատակիցները տեղեկացրին` այնքան ժամանակ դուրս կգան փողոց` բողոքելու, մինչեւ Բիբինը հրաժարական չտա:

 

Մանրամասները` տեսանյութում: