Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 28-ին նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությումբ կայացել է փրկարար ծառայության գործունեության ամենամսյա արդյունքների ամփոփումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մինչ հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցը՝ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը ներկայացրել է 2021 թվականի առաջին կիսամյակում գրանցված հաջողությունները: Նա տեղեկացրել է, որ հանրապետության տարածքում ուսումնասիրվել են 101 ապաստարաններ, ձեռք է բերվել և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը` Երևանում: Վերականգնվել են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև գործող ներքին հեռախոսակապի ու թվային ռադիոկապի օպտիկամանրաթելային կապուղիները, որոնք վնասվել էին Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում:
Հունիսի 1-ից 27-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 45 784 զանգ. զեկուցել է կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 384 ահազանգ, որից 376-ը վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1491 արտակարգ դեպք և պատահար, որից միայն 1013-ը վերաբերել են հրդեհներին (2020թ.` 707), իսկ 367-ը՝ ՃՏՊ-ներին (2020թ.` 308):
Հրդեհների ցուցանիշի աճի հետ կապված Ա. Փիլոյանը հանձնարարել է խոտածածկ տարածքներում, անհրաժեշտության դեպքում, իրականացնել հսկվող այրումներ՝ հետագա մեծ հրդեհներից խուսափելու համար: «Այն վայրերում, որտեղ հրդեհը կարող է վնասել բնակչությանը, շինությունները կամ արտադրական ձեռնարկությունները, մենք ինքներս պետք է ցուցաբերենք որոշակի նախաձեռնություն»,- նշել է Ա.Փիլոյանը: Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել լողասեզոնի ընթացքում Սևանում հերթապահության իրականացմանը:
Հունիս ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Տավուշի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատների օպտիմալացման վերաբերյալ հարցեր:
Նիստի ավարտին Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է Երևան քաղաքի փրկարարական վարչությանն այս տարի մայրաքաղաքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհների դեմ պայքարի և պատվաստումների գործում ակտիվ մասնակցության համար: