Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում 2019 թվականի 6 ամսվա ընթացքում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ, հատկապես՝ խոտածածկ և բուսածածկ տարածքներում:
Լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:
«Համեմատելով 2018 թվականի առաջին կիսամյակի հետ՝ կարող եմ ասել, որ 2019 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր հրդեհների քանակը 2.1 անգամ ավելի է: Խոտածածկ տարածքներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի մոտ 4 անգամ ավելի շատ հրդեհ ենք ունեցել»,- նշեց Հայրապետյանը և հավելեց, որ այրված տարածքների մակերեսը 2018 թվականի 1-ին կիսամյակի համեմատ 2019-ի նույն ժամանակահատվածում 5.7 անգամ ավելի շատ է եղել:
Նրա խոսքով՝ 2019 թվականի հուլիսի 1-20-նն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 1200-ից ավելի հրդեհ, որոնց ճնշող մեծամասնությունը եղել է խոտածածկ և բուսածածկ տարածքներում՝ մոտ 75 տոկոսը:
Հայրապետյանն ընդգծեց, որ ընթացիկ տարվա 6 ամսվա ընթացքում հրդեհների աճ գրանցվել է մայիս և հունիս ամիսներին:
«Հրդեհների առաջացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է՝ հիմնականում ծխախոտի մնացորդը նետելը, հանգստյան գոտիներում աղբ թողնելը և այլն: Այդ իսկ պատճառով ՀՀ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին լինել ավելի զգոն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»,- ասաց Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալը:
Նա նաև շեշտեց, որ «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն հրդեհային պահպանությունը ոչ միայն ԱԻՆ հրշեջ-փրկարարների գործն է, այլև՝ տեղական ինքնակառավարման, պետական մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների համատեղ ուժի: