«Պարտված բարոյականություն...
2020 թ. նոյեմբերի 23֊ն էր , զանգ ստացա Արցախից.
«Սոֆյա ջան, մենք 360 տղեքով չիդեմ ուր ենք, զենքերը վրեքս արդեն չորս օր էլ անձրևի տակ ,մեզի բերել են մե գոմիմ մեջ , ոչ կռիշ կա ոչ դուռ ու լուսամուտ , ոչ ուտելիք կա ոչ էլ տեր կանգնող, սաղս զենքերով չգիտենք ինչ էնենք, եդեվներիցս էգող չկա, անդերուդուս վիջագ է»: (փորձել եմ բառացի հիշել,քանի որ երկար ժամանակ է անցել կարող է մի բառ էս ու էն կողմ լինի, բայց բովանդակությունը սա է):
Փորձեցի պարզել տեղանքը, բայց մարդիկ չգիտեին, պատասխանեցին. «Մեհադմ չոլ է, հեչ բան չկա»: Խնդրեցի հասանելի մնան, բայց դա էլ էր անհնար, քանի որ տարածքում կապ չկար և հազիվ ինչ որ տեղեր էին բարձրացել ու ինձ հետ կապվել ...
Զանգը անջատելուս հաջորդեցին մի քանի զանգեր, որոնք հիմնականում էդ նույն տղաների կանայք կամ բարեկամներն էին , որոնք լացով փորձում էին նույն բանը ասել ...
Անմիջապես փորձեցի կապվել Արցախ, որը էլի գրեթե անհնար էր և միակ մարդը ով զանգի պատասխանեց, ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանն էր , էլի իմ պես կրթության ոլորտից: Համարը տվեցի, որ շտապ կապվի և որպես Արցախցի կողմնորոշվի տեղանքը և մի քիչ հետո զանգահարեց , որ հասկացել են ուր են և տեղը գիտեն , մնում է մնացած հարցերը: Արամի միջոցով գիշերը կազմակերպեցինք Շիրակի 360 հոգանոց ՄՈԲ -ին տեղափոխեցինք Ստեփանակերտի դպրոցներից մեկը, որտեղ Արամի ջանքերով սնվեցին, չորացան տաքացան, իսկ ես ընկա շարունակության հետևից. խոսեցի Երևանի քաղաքապետարան(փոխքաղաքապետերի հետ) և խնդրեցի քաղաքացիներ տանող ավտոբուսները տրամադրեն տղաներին, մի քիչ բարդություն կար, բայց համաձայնեցին մինչև Երևան բերել , հետո խոսեցի կազմակերպության ղեկավարի հետ, որ հասցնի մինչև Շիրակ, թե Երևանի քաղաքապետարանը, թե այդ կազմակերպությունը չառարկեցին՝ ելնելով մի շարք օբյեկտիվ պատճառներից հասկացան խնդրի լրջությունը և աջակցեցին:
Հետո կապվեցի ՌՈ պետի հետ և խնդրեցի ուղեկցում, քանի որ զինված են նաև զենքերի պատշաճ հանձման կազմակերպում, որ դրանից հետո ՔՐ գործեր չլինեն, դա էլ արվեց և ուղեկցումը խոստացան մինչև Գյումրի, որ տղաները ապահով հասնեն իրենց ընտանիքներին ...
Թվում է, թե սա ի՞նչ է, մի րոպեի բան , բայց չէ՛, ասեմ, հեշտ չէ՛ր, նախ առաջին հերթին ահռելի պատասխանատվություն էր , որի մեջ ակամայից հայտնվում ես և երկրորդը մեծ լարվածություն, որ պետք է տղաները անփորձանք հասնեն, չհաշված պատասխանատու օղակների տոտալ անհասանելիությունը ...
Արվե՛ց, արդեն նոյեմբերի 25 ին տղաներն իրենց ընտանիքներում էին, բայց ես այդպես էլ չկարողացա գտնել մեկ պատասխանատուի, ով կստանձներ այդ գործի կազմակերպումը և բոլորդ էլ հասկանում եք , որ ես էս ամենի վերջին պատասխանատուներից պետք է լինեի ...
Անցավ ժամանակ, հազարավոր հարցեր ու խնդիրներ , խնդիրներ, խնդիրներ ... երբ խմբակցությունից դուրս եկա այլևս մոռացվեց են վերևի էդքան գրածս, իսկ էս ընտրությունների ֆոնին, պարզեցի որ անգամ շատ տեղերում ինձ ներկայացնում են որպես ծախված, դավաճան և այլն , բայց ոչ էդ տղաները , ոչ էդ տղաների ընտանիքների անդամները բացի լուռ լսելուց չեն էլ հակադարձում , թե ժողովուրդ ջան , եթե չլիներ էդ "դավաճանը", ապա մենք կարող է և այսօր այլ կարգավիճակում լինեինք կամ չլինեինք...
Այսօր էլ նկատում եմ գրառումներ, սրտիկներ, հաղթանակի ցնծություն և այլն:
Հոգ չէ՛ տղեք, ճի՛շտ եք, հաղթել եք ընտրություններում , բայց պարտվել եք բարոյականությանը ...