կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-14 11:05
Աշխարհ

Նեթանյահուն այլևս Իսրայելի վարչապետը չէ. նրան կփոխարինի Նաֆթալի Բենեթը

Նեթանյահուն այլևս Իսրայելի վարչապետը չէ. նրան կփոխարինի Նաֆթալի Բենեթը

Նաֆթալի Բենեթը դարձել է Իսրայելի նոր վարչապետ: Կնեսետում ավարտվել է լիագումար նիստը. հաստատվել է նոր կազմավորված կոալիցիոն կառավարությունը. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Համաձայն կոալիցիոն պայմանավորվածությունների՝ Իսրայելի նախարարների կաբինետը նախ կգլխավորի «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը, իսկ երկու տարի հետո նրան կփոխարինի «Եշ Ատիդի» ղեկավար Յաիր Լապիդը: Կնեսետի նոր խոսնակ է ընտրվել «Եշ Ատիդ» կուսակցության անդամ Միկա Լևին: Նրա օգտին քվեարկել է 67 խորհրդարանական:

Բենիամին Նեթանյահուն 12 տարի ղեկավարում էր Իսրայելի կառավարությունը: Կնեսետի լիագումար նիստում նրա ելույթը պարունակում էր մեկ ուղերձ՝ նա չի ճանաչում իշխանափոխության օրինականությունը, մտադիր չէ դիտարկել իշխանության ժողովրդավարական փոխանցման պարկեշտությունը և թույլ չի տա Իսրայելին՝ հանգստանալ երկուսուկես տարվա նախընտրական կրքերից հետո:

Ի տարբերություն Բենեթի, որը կոչ էր անում համատեղ աշխատել հանուն ընդհանուր բարիքի և խոստանում հաշվի առնել բնակչության բոլոր ճյուղերի շահերն ու կարիքները, Նեթանյահուն ուժեղացրել է իր հարձակումները քաղաքական հակառակորդների վրա մինչև իշխանության փոխանցման օրը: Նրա ելույթը ուղղված էր իսրայելական հասարակության միայն մեկ հատվածին՝ աջակողմյան կրոնական մասի ընտրողներին: Հեռացող վարչապետը իսրայելցի «իր» հատվածին հավաստիացրել է, որ, առանց իրեն, «թույլ ձախ կառավարություն» ունենալով, երկիրը պարզապես կկործանվի, և Իսրայելի միակ պաշտպանը կլինի ընդդիմության առաջնորդ Նեթանյահուն, որը պետք է վերադառնա իշխանության հենց հնարավոր է։

Նեթանյահուի դեմ բողոքի շարժման առաջնորդները, որոնք արդեն մեկ տարի է, ինչ աշխատում են, պատրաստվում են իշխանափոխությունը տոնել զանգվածային տոնախմբություններով Թել Ավիվի Ռաբին հրապարակում:

49-ամյա Նաֆթալի Բենեթը ծնվել է Հայֆայում, ծառայել է իսրայելական բանակի հատուկ նշանակության ջոկատներում, այնուհետև անցել է բիզնեսի տեղեկատվական անվտանգության ոլորտ: 2019-2020 թթ․ Բենեթը եղել է Իսրայելի պաշտպանության նախարար: