կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 17:43
Քաղաքական

Տավուշի անկլավների վերականգնումը աղետալի հետևանքներ է ունենալու բոլոր առումներով. ահազանգ

Տավուշի անկլավների վերականգնումը աղետալի հետևանքներ է ունենալու բոլոր առումներով. ահազանգ
«Ժողովրդագրական զարգացում» ՀԿ նախագահ, պատմաբան Վանիկ Բաբաջանյանը գրում է.
 
«Հարգելի ընկերներ, ծանոթ և դեռևս անծանոթ էջակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի՝ Մայիս 28-ի առթիվ։
Գիտեմ, որ շատերդ, ինձ պես, սիրտ էլ չունեք ոչ շնորհավորելու, ոչ էլ շնորհավորանք լսելու։ Բայց, դե․․․։
 
Այդ պատճառով որոշեցի «դատարկաձեռն» չշնորհավորել և ներկայացնել համառոտ մի ակնարկ այսօր խնդրո առարկա հանդիսացող Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի վերաբերյալ։
 
*****************
44-օրյա պատերազմից հետո, որն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով և Հայաստանի Հանրապետության փաստացի կապիտուլյացիայով, ըստ էության վերականգնվում են երկու հանրապետությունների միջև խորհրդային շրջանի սահմանները Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Քելբաջար, Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Մեղրի, Բերձոր-Սանասար/Ջրական հատվածներում:
 
Հայաստան-Ադրբեջան մյուս հատվածներում, թեև սահմանագծում և սահմանազատում չի արվել, սակայն, ընդհանուր առմամբ, դրանք լռելյան ընդունվում են օրվա իշխանությունների կողմից: Խոսքը առաջին հերթին վերաբերվում է Տավուշի մարզի մի քանի բնակավայրերին՝ Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար (Աշաղի Աքսիպարա), Վերին Ոսկեպար (Յուխարի Աքսիպարա), Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Կըզըլ Հաջիլի, որոնք Խորհրդային Հայաստանի կազմում հանդիսանում էին Ադրբեջանի անկլավներ:
 
Այս բոլոր գյուղերը 1990-1991 թթ․ ի վեր հայկական վերահսկողության տակ են: Ներկայումս ադրբեջանական կողմը հանդես է գալիս Տավուշի մարզի նշված բնակավայրերը իրեն հանձնելու պահանջով:
 
Ընդ որում, օրվա իշխանության ներկայացուցիչները, հիմնականում, ձեռնպահ են մնում նշված հատվածներում գտնվող գյուղերի/բնակավայրերի հայկականության բարձրաձայնումից: Իսկ հասարակության որոշակի շերտերի մոտ կրկին բացակայում է շարունակվող աղետի գիտակցումը։
 
Նախապատմություն
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ վերհանեցինք առանձին սկզբնաղյուրներ, ի վերջո պարզելու Տավուշի մի շարք բնակավայրերի նախապատմությունը:
 
1804-1813 և 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմներից հետո Արևելյան Հայաստանը փուլ առ փուլ միացվեց Ռուսաստանին: Արևելահայկական հողերի մի մասը նախ ընդգրկվեց Հայկական մարզում, ապա 1849թ. հիմնված Երևանի նահանգի կազմում: Արևելահայկական հողերի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածների մի մասն էլ ներառված են եղել Ելիզավետպոլի և Թիֆլիսի նահանգների կազմում:
 
Մասնավորաբար Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի կազմում էր ներառված ներկայիս ՀՀ Տավուշի մարզի գերակշիռ մասը։
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ որոշ պրպտումներ կատարեցինք մի շարք սկզբնաղբյուրներում՝ պարզելու մինչև 1990թ․ Հայաստանի տարածքում գոյություն ունեցած ադրբեջանական անկլավների առաջացման պատմությունը։ Սույն հոդվածը հեռու է խնդրին սպառիչ պատասխան տալուց, սակայն առանձին դրվագներով լույս է սփռում որոշակի փաստերի և իրադարձությունների վրա։
Հարկ է նշել, որ, հայտնի պատճառներով, մինչև 1918 թվականը ներկայիս Տավուշի մարզի բնակավայրերի պատկանելության հարց երբևէ չի քննարկվել։ Իրավիճակը կտրուկ փոխվել է, երբ 1918թ․ մայիսից Անդրկովկասում ձևավորվեցին երեք անկախ հանրապետություններ, որից հետո Հայաստանի հյուսիս-արևելյան և արևելյան սահմանագծի բնակավայրերի նկատմամբ հարևանները հանդես եկան տարածքային պահանջներով։ Շուրջ մեկ դար տևած անհամաձայնություններից ու թշնամանքից հետո, մեր օրերում Ադրբեջանը հավակնություններ ունի Տավուշի մարզի Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար (Աշաղի Աքսիպարա), Վերին Ոսկեպար (Յուխարի Աքսիպարա), Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Կըզըլ Հաջիլի գյուղերի նկատմամբ, որոնք մինչև 1990 թվականը միավորված են եղել երկու անկլավների մեջ և հանդիսացել են Ադրբեջանի մաս։
 
Վերոնշյալ գյուղերի ծագումնաբանության և անկլավների առաջացման պատմության ուսումնասիրությամբ հաջողվեց պարզել՝
1․ Ոսկեպարը գյուղը ձևավորվել է առնվազն 6-7-րդ դարերում։ Գյուղն իր պատմության ընթացքում տարբեր ժամանակաշրջաններում առնվազն երեք անգամ ենթարկվել է փոքր տարածության վրա տեղափոխության՝ զբաղեցնելով մերթ ներկայիս Վերին Ոսկեպար, մերթ Ներքին Ոսկեպար անունը կրող նախկին բնակավայրերի և հարակից գյուղատեղիների տարածքները՝ ի վերջո հաստատվելով ներկա տարածքում։ Իսկ Ոսկեպարի թողնված տարածքներում 19-րդ դարի վերջից սկսել են բնակություն հաստատել նստակյաց անասնապահությամբ զբաղվող թուրքեր-թաթարները։ Նույն ժամանակահատվածում՝ 19-րդ դարի վերջին են թուրք-թաթարական տարրով բնակեցվել նաև խնդրո առարկա մյուս բնակավայրերը։
 
2․ Բաղանիս Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Կըզըլ Հաջիլի գյուղերը՝ որպես այդպիսին չեն հիշատակվում 1932 թվականին Երևանում Զավեն Կորկոտյանի հեղինակությամբ հրատարակված «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» աշխատության մեջ, իսկ Ոսկեպար գյուղը հիշատակվում է նաև Աքսիպարա անունով, առանց Ներքին և Վերին Ոսկեպարի հիշատակման։ Կնշանակի, որ դրանք մինչև 20-րդ դարի սկիզբ եղել են ուղղակի բնակատեղիներ և ընդգրկվել են այլ գյուղական համայնքների կազմում՝ չունենալով տեղական ինքնակառավարման առանձին մարմին։ Պատճառը եղել է թուրք-թաթարական տարրի սակավությունը, այլև նրանց՝ տվյալ վայրում ոչ մշտական բնակությունը։
 
3․ Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում Տավուշի մարզի այս գյուղերը (և ոչ միայն) կազմել են մեր պետության մի հատվածը։ Երբ 1920թ․ հունվարին ՀՀ կառավարությունը դե ֆակտո ճանաչվեց Դաշնակիցների կողմից, ՀՀ կառավարության իրավազորությունը, ինչպես նաև ՀՀ օրենքները տարածվել են նաև այն տարածքների վրա։
 
4․ 1920թ․ դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրի (ՀՀ և խորհրդային Ռուսաստանի միջև) կնքման պահին ու դրանից հետո վերոնշյալ գյուղերը հանդիսացել են խորհրդային Հայաստանի մաս։ Այդ մասին գիտականորեն ապացուցված է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կողմից 2020թ․ հրատարակած «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին» աշխատության մեջ, որի հավելված հանդիսացող քարտեզում ներկայացված է խորհրդային Հայաստանի տարածքը մինչև 1922 թվականի սկիզբը։
 
Քարտեզից (կից նկարում) պարզ երևում ոչ միայն խորհրդային Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանը, այլև այն, որ հետագայում հայկական անկլավ դարձած Արծվաշենը (Բաշքենդ) գտնվում է մեր սահմաններից ներս։
 
Ընդ որում, հատուկ նշելի է, որ խորհրդային Հայաստանի տարածքը 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրով պետք է կազմեր 43․000 քառ․ կիլոմետր, որից 1922 թվականի սկզբին մնացել էր 32,000-33,000 քառակուսի կիլոմետր, իսկ 1936-ին՝ մոտ 29,800։
 
5․ Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1920-30-ական թվականներին խնդրո առարկա գյուղերի պատկանելության հարցը բազմիցս քննարկվել է խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաև Անդրկովկասյան ֆեդերացիայի կենտրոնական մարմինների կողմից։ Հիշեցման կարգով նշեմ, որ 1922-1936թթ․ անդրկովկասյան երեք հանրապետությունները միավորված էին Անդրֆեդերացիայի մեջ։
Այսպես, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող և 1920- ական թվականներին Դիլիջանի գավառի մաս կազմող Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Աքսիպարա գյուղերի (3104 դեսյատին տարածքով) հարցը տարիներ շարունակ քննարկելուց հետո Անդրֆեդերացիայի կենտգործկոմի հողային և անտառային վեճերը քննող հանձնաժողովի 1929 թվականի հուլիսի 19-20-ի որոշմամբ հանձնվել է խորհրդային Հայաստանի Դիլիջանի գավառին։ Այսինքն, մինչև 1929 թվականը ներառյալ ներկայիս Տավուշի մարզում ադրբեջանական անկլավներ գոյություն չեն ունեցել։
 
Ինչ վերաբերում է Արծվաշենին (Բաշքենդ), ապա Անդրֆեդերացիայի կենտգործկոմի 1927 թվականի հունվարի 11-ի որոշմամբ Շինիխ-Այրումի շրջանի ամբողջ տարածքը (11,659 դեսյատին) ճանաչվեց Ադրբեջանի Ղազախի շրջանի մաս։ Բայց, քանի որ այդ որոշման արդյունքում Արծվաշենը կտրվելու էր Հայաստանից, դրա փոխարեն Ղազախի շրջանում առանձնացվեց մի հողաշերտ՝ ամառային արոտավայր, որի շնորհիվ Արծվաշենը ցամաքային ճանապարհով կկապվեր Հայաստանի հետ։ Հետագայում այդ նեղ հողաշերտն էլ անցավ Ադրբեջանին։
Այսպիսով, մինչև 1930-ական թվականների սկիզբը Հայաստանի տարածքում անկլավներ գոյություն չեն ունեցել, իսկ Արծվաշենը Հայաստանի հետ ունեցել է ցամաքային ուղիղ կապ։
 
Թե հատկապես երբ են տեղի ունեցել մեզ համար անցանկալի փոփոխությունները, այն է՝ Տավուշի մարզում երկու անկլավների առաջացումը և Արծվաշենի հետ ցամաքային ճանապարհի կորուստը, չհաջողվեց պարզել։ Առայժմ։ Միայն հայտնի է, որ 1936 թվականին Անդրֆեդերացիայի վերացումից և ԽՍՀՄ կազմում Հայկական ԽՍՀ անմիջականորեն ներառվելու պահին անկլավներն արդեն գոյություն ունեին։ Կնշանակի, որ մեզ համար ճակատագրական դարձած փոփոխություններն ամենայն հավանականությամբ տեղի են ունեղել 1932-1936 թվականների միջակայքում։
 
Պնդումներ
 
 Տավուշի մարզի այն գյուղերը, որոնցից ժամանակին ձևավորված են եղել անկլավներ, երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Ավելին, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում Տավուշի մարզի այս գյուղերը (և ոչ միայն) կազմել են մեր պետության մի հատվածը։
 1920թ․ դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրի (ՀՀ և խորհրդային Ռուսաստանի միջև) կնքման պահին այդ գյուղերը կազմել են Հայաստանի անբաժան մասը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1920 թվականի Երևանի համաձայնագրով խորհրդային Ռուսաստանը ճանաչել է Հայաստանը՝ որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ճանաչել է նաև այն տարածքների պատկանելիության հարցը, որոնք ներկայումս փորձում են վիճարկել։ Միաժամանակ, հարկ է նշել, որ 1920 թվականի Երևանի համաձայնագրից հետո, Ռուսաստանի հետ Հայաստանը նման կարգի բարձր պայմանագիր/համաձայնագիր ստորագրել է միայն 1991 թվականից հետո, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը։ Այս հանգամանքը պետք է դարձնել լուրջ կռվան և քննարկումների առարկա։
 Վերոնշյալ տարածքների հանձնումը և անկլավների վերականգնումը աղետալի հետևանքներ է ունենալու ինչպես ռազմական, այնպես էլ սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական տեսանկյունից։
 
Առայժմ այսքանը։
Պինդ մնացեք»։