կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 10:42
Քաղաքական

Հայաստանում իշխող համակարգը շարունակում է մնալ ապազգային ու հակահայկական, և սպասարկել օտար ուժերի ու պետությունների շահերը․ «Ազգային օրակարգ»

Հայաստանում իշխող համակարգը շարունակում է մնալ ապազգային ու հակահայկական, և սպասարկել օտար ուժերի ու պետությունների շահերը․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և առաջարկում լուծումներ։ Հայտարարությունը կարդացեք ստորև․

«Երեսուներեք տարի առաջ Ղարաբաղյան համահայկական շարժումով սկիզբ դրվեց հայ ազգային-ազատագրական պայքարի հերթական փուլին։ Հայությունը, ի հեճուկս ներքին և արտաքին ոխերիմ «բարեկամների», ջախջախեց թշնամուն և փառապանծ ռազմական հաղթանակ տոնեց Արցախյան առաջին պատերազմում։ Արդյունքում հայոց պետության վերահսկողության տակ անցան հայկական Արցախ երկրամասի նշանակալի տարածքներ և տեսանելի նվաճում գրանցվեց դարեր շարունակ իրականացվող հայրենազրկման հետևանքների վերացման գործում։

Սակայն իշխանության եկած ապազգային ուժերը իրենց կողմից ստեղծած հակապետական համակարգի միջոցով հետևողականորեն խոչընդոտեցին և փաստորեն անհնարին դարձրեցին հաղթանակի արդյունքների միջազգային ճանաչումն ու վերջնական արձանագրումը։ Ավելին, տուրք տալով պարտվողականությանը, զիջողականությանը, կեղծ ողջամտությանն ու խաղաղասիրությանը՝ ձևավորված իշխանախումբը հաստատուն քայլերով հանգեցրեց Արցախյան երկրորդ պատերազմում կազմակերպված աղետալի պարտությանը, բազմահազար մարդկային զոհերին և հայրենիքի զգալի հատվածների կորստին։

Կրած պարտության արդյունքները ամրագրվել են 2020թ․ նոյեմբերի 9–ի և 2021թ․ հունվարի 11–ի Պուտին–Ալիև–Փաշինյան եռակողմ հայտարարություններով, համաձայն որոնց Արցախը փաստորեն ամբողջությամբ դուրս է մնացել հայկական տիրապետությունից՝ մոտ 10 000 կմ2 տարածքը հանձնվել է ադրբեջանական, իսկ մնացած մոտ 2500 կմ2՝ ռուսական կողմի անմիջական կառավարմանը։ Բացի այդ, կողմերը համաձայնել են Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի, ինչը նույնն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Ընդ որում՝ այդ հաղորդակցության ուղիները դուրս են մնալու հայկական ուժային պատկան կառույցների վերահսկողությունից։ Այդ հայտարարություններով նաև նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացում, իսկ դա նշանակում է ավելի կազմակերպված և մեծ ռեսուրսների տիրապետող թշնամի պետությունների անխոչընդոտ ներթափանցման հնարավորություն հայկական արդեն իսկ կազմաքանդված տնտեսություն։

 

Հիշյալ հայտարարություններից և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերից պարզ էր դառնում, որ առկա է նպատակ ու եռակողմ պայմանավորվածություն, որով հայկական կողմը առաջիկայում պետք է ճանաչի դեռևս խորհրդային ժամանակաշրջանում ուրվագծված հայ–ադրբեջանական և հայ–թուրքական սահմանները։ Հետևաբար, նշված սահմանների սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) հապճեպ գործընթացի  ավարտից հետո հայկական կողմը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը և Նախիջևանը, ինչպես նաև հրաժարվելու է հնարավոր ծրագրերից, որոնք պետք է միտված լինեին հայոց ցեղասպանության և հայրենազրկման հետևանքների վերացմանն ու համարժեք փոխհատուցմանը։

Վերոնշյալը հաստատվում է վերջին շրջանում ադրբեջանական բանակի կողմից իրականացված գործողություններով, որոնց արդյունքում զավթվել են այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ, ինչպես նաև ռուսական պաշտոնական շրջանակների հայտարարություններով առ այն, որ իրենք պատրաստակամ են աջակցելու կամ միջնորդ հանդիսանալու հայ–ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում։ Պատկերն առավել ամբողջական է դարձնում վերջին օրերին Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ ավարտական փուլում է հերթական՝ թվով երրորդ Պուտին–Ալիև–Փաշինյան համաձայնությունը, ինչը գլխավորապես վերաբերվելու է սահմանների ճանաչմանը։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը կրկին փաստում է, որ Հայաստանում իշխող համակարգը շարունակում է մնալ ապազգային ու հակահայկական, և սպասարկել օտար ուժերի ու պետությունների շահերը։ Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու միակ հնարավորությունը մենք տեսնում ենք ազգային–ազատագրական պայքարի միջոցով բախտորոշ մարտահրավերներին դիմագրավելու և դրանք հաղթահարելու մեջ։ Այդ համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում պատասխանատվություն ստանձնելու ու անվերապահ ներգրավվելու այդ գործընթացում, և կոչ ենք անում ազգային նկարագիր ու արժեհամակարգ ունեցող հասարակական-քաղաքական կազմակերպություններին և անհատներին համախմբվել թշնամական ուժերից Հայաստանը անդառնալիորեն ազատագրելու բարձր նպատակի շուրջ»։