կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-04 17:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարուքյանն ու Ծառուկյանը հանցավոր համաձայնության են գնացել՝ տապալվելու է դեմոկրատիան․ Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու ոչ մի իրավունք չունի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում։

Նա նշեց, որ Սահմանադրության այն դրույթը, որը սահմանում է՝ «կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը», հասկանալիորեն վերաբերում է կառավարության այն անդամներին, որոնք հրաժարական չեն ներկայացրել։ Իսկ այն պաշտոնյաները, որոնք հրաժարական են ներկայացրել ու նրանց հրաժարականն ընդունվել է, մասնավորապես, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն ու նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլևս պաշտոնավարելու իրավունք չունեն։

Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ կառավարության շենք այցելելը, վարչապետի համար սահմանված լիազորությունների կատարումը Փաշինյանի կողմից Քրեական օրենսգրքի 300 հոդված 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսևորման վարքագիծ է․ «Պաշտոնյան իր պաշտոնավարման ավարտից հետո շարունակում է իր լիազորությունների կատարումը»։

Երեկ տեղի է ունեցել նոր իրադարձություն՝ ԱԺ-ում վարչապետի պաշտոնում առաջադրվել է Փաշինյանը, որին կողմ է քվեարկել մեկ պատգամավոր՝ հիշեցրեց Ղազարյանը։ Այսինքն, պառլամենտը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետ։ Եթե խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանը դեմ է այս կամ այն անձին վարչապետի պաշտոնում տեսնելուն, նշանակում է, որ նրա մտքով առհասարակ չպետք է անցնի այս շենք մտնելը, մինչև որ նա երբևէ կընտրվի վարչապետ կամ կնշանակվի այլ պաշտոնի։

«Այսինքն, մենք այսօր հաստատ չունենք վարչապետ, և ինձ համար կարևոր է, ոչ միայն այն, թե ինչո՞ւ է շարունակում պաշտոնավարումը, այլև, թե ինչ գործողություններ է իրականացնում որպես քաղաքական գործիչ, քանի որ, իմ կարծիքով, հանցավոր համաձայնության գալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, որի հետևանքը պետք է լինի այն, որ մայիսի 10-ին տապալվելու է դեմոկրատական, ազատ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ իշխանությունը»,- ասաց Ղազարյանը։

Սահմանադրությունը ամրագրում է՝ ոչ մի քաղաքական գործիչ, քաղաքացի իրավունք չունի տապալելու ժողովրդի իշխանությունը՝ արձանագրեց նա։

«Վարչապետի հրաժարականը սահմանադրական ինստիտուտ է։ Ցանկացած պահի վարչապետը կարող է հրաժարական տալ, առնվազն երկու անգամ ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին։ Այս դեպքում ոչ թե պետք է գնալ ԱԺ նոր ընտրությունների, այլ արդեն գոյություն ունեցող ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ։ Եթե պատգամավորներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը չեն ցանկանում լինել պատգամավորներ, դա նույնպես մեր օրենսդրությունը նախատեսում է՝ կարող են վար դնել իրենց մանդատները, ցուցակից կընտրվեն այլ պատգամավորներ»,- նշեց Ղազարյանը։

Նրա խոսքով, Սահմանադրության այն դրույթը, որ երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո պառլամենտը լուծարվում է, ոչ թե ինքնալուծարման ինստիտուտ է, այլ ծայրահեղ դեպք, բացառիկ քաղաքական տարաձայնությունների պարագայում, հանգուցալուծում գտնելու համար, իսկ հիմա նման խնդիր գոյություն չունի՝ խորհրդարանը գտնվում է կազմակերպվածության գերբարձր մակարդակում, դա վերաբերում է ոչ միայն «Իմ քայլին», որոնք միաձայն որոշումներ են կայացնում, այլև ընդդիմադիր մյուս երկու ուժերին։

«Այսինքն, այս պահին լեգիտիմության տակ է դրված մեր խորհրդարանը, նախկին վարչապետը ղեկավարում է խորհրդարանը։ Մեր խորհրդարանի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմություն, մինչդեռ ընդդիմությունը եկել է իշխանության, համաձայնության են եկել ու դարձել միասնական թիմ։ Ես, որպես քաղաքացի, ասում եմ՝ հարգելիներս, հո ես ձեր ձեռքը կրակը չեմ ընկել, ընդունել ենք Սահմանադրություն, օրենքներ, ուզում ենք ապրել մեր երկրի օրենքներով, ձեզ ո՞վ է թույլ տվել խախտել մեր երկրի օրենքները, հասարակական, տրամաբանական կարգը»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․