Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լրագրողներն իշխանական խմբակցության անդամներին հիշեցրեցին այն մասին, որ դեռ 2018թ.–ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետը հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։
«Սահմանադրության 158–րդ հոդվածը սահմանում է, որ կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները` վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ շարունակում են իրենց պաշտոնավարումը մինչև նոր կառավարության ձևավորումը»,– ասաց Եղոյանը։
Արձագանքելով հնչող մտահոգություններին, թե Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում մնալը կասկածի տակ է դնում ընտրությունների արդար անցկացումը, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Կասկածի տակ են դնում այն ուժերը, ում իշխանության օրոք գործադիր իշխանությունը խառնվում էր ընտրություններին»։ Պատգամավորը նաև շեշտեց, որ ընտրությունները կազմակերպում է ԿԸՀ–ն, որն անկախ մարմին է։
«Իմ քայլը» խմբակցության անդամ, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում խոսելով Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատարի իրավական կարգավիճակի մասին, նշեց, որ այդ հարցը բացառապես լրագրողական հետաքրքրասիրության շրջանակում է։
«Համենայնդեպս, սահմանադրական որևէ արգելք չկա՝ հրաժարականից հետո պաշտոնավարել վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում։ Եվ որևիցե քաղաքական ուժ դա երբևիցե չի էլ վիճարկել, և սահմանադրաիրավական վեճ էլ այդ հարցի վերաբերյալ չի եղել։ Այնպես որ՝ խնդիրը մնում է, այսպես կոչված, լրագրողական հետաքրքրասիրության շրջանակում։ Սահմանափակում կարծես թե չկա»,– ասաց Վարդանյանը։
Լրագրողները, սակայն, հանձնաժողովի նախագահին հիշեցրեցին այն մասին, որ դեռ 2018թ․–ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետը հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։
Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ 2018–ին այլ իրավիճակ է եղել։
«Այս գործընթացը և վարչապետի հրաժարականը ոչ թե սոսկ սովորական հրաժարական է, այլ անհրաժեշտ է, որպեսզի ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվի, և, իշխանության վակուումից խուսափելու համար, գործադիրը պետք է շարունակի իր գործունեությունը»,– ասաց նա։
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։
Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ ընտրություններն ինքը կկատարի վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով։ Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն ինքն է։