կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 11:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախից հետո Թուրքիան պնդում է երկրորդ՝ սահմանների ճանաչման, նախապայմանը․ Ռուբեն Մելքոնյանի ահազանգը

Մեր պետությունը բախվեց սահմանազատման մի շատ տարօրինակ իրավիճակի, երբ մեր պետության սահմանները GPS-ային սկզբունքով սկսեցին ուղղակի մասնատվել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ իրենց ֆակուլտետի և «Հայկական նախագիծ» կազմակերպության համատեղ կազմակերպած «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ընթացքում։

Նա արձանագրեց, որ Թուրքիան հայտնի 3 նախապայմաններ է ակնկալում Հայաստանից․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցում, Կարսի պայմանագրի ճանաչում, որը երբեմն ձևակերպում են հողային պահանջատիրությունից հրաժարում, և Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծում։

Այս նախապայմաններից մեկը՝ Արցախի հարցը, Թուրքիան մասամբ կարողացել է լուծել, բայց հաջորդ երկուսը մնում են օրակարգում։

Եվ հենց երկրորդ նախապայմանը՝ հողային պահանջատիրությունից հրաժարումն էլ Թուրքիան այսօր փորձում է ստանալ ՀՀ իշխանություններից՝ Կարսի պայմանգրի ճանաչման անվան տակ։

Բանն այն է, որ Խորհրդային Միության և Թուրքիայի միջև սահմանները Հայաստանի հատվածում գծվել են ըստ Կարսի պայմանագրի։

1967-73 թթ արված սահմանազատումը վերջին գլոբալ սահմանազատումն է, որը տեղի է ունեցել Խորհրդային Միության և Թուրքիայի միջև։ 6 տարի է տևել այս սահմանազատումը՝ բոլոր կանոններով, երկկողմ հանձնաժողովով։

Բայց այստեղ էական խնդիր կա․սահմանազատումը տեխնիկական է, ոչ քաղաքական, բայց թուրքական կողմը պնդել է, որ 1973 թ-ի սահմանազատման պայմանագրի մեջ մտնի քաղաքական ձևակերպում և հստակ նշվի խորհրդաթուրքական սահմանի անխախտելիության մասին և հիշատակվի Կարսի պայմանագիրը՝ որպես հիմք։ Հանձնաժողովը համաձայնել է, բացի Հայաստանը ներկայացնող անձից՝ հայազգի գնդապետ Գուրգեն Նալբանդյանից։ Նա հանձնաժողովի ներկայացուցիչ է եղել Հայաստանի կողմից և ամեն կերպ փորձել  արձանագրել, որ սա տեխնիկական պայմանագիր է և քաղաքական ձևակեպումները ընդունելի չեն։

«Չկարողանալով համոզել՝ բավական խիզախ այդ գնդապետը հրաժարվել է ստորագրել այդ պայմանագիրը, և ԽՄ և Թուրքիայի միջև սահմանը զատող այդ պայմանագրում չկա Հայաստանի ներկայացուցիչ գնդապետ  Նալբանդյանի ստորագրությունը։ Սա կարևոր է, որովհետև անգամ խորհրդային շրջանում խորհրդային պաշտոնյան իր մեջ գտել է այնքան համարձակություն, որ դեմ է գնացել վատ քողարկված թուրքական թակարդին»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Մեր օրերում էլ տարբեր առիթներով Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը վերաճանաչի Կարսի պայմանգիրը կամ հայտարարի հողային պահանջատիրությունից հրաժարման մասին։

Ռուբեն Մելքոնյանն արձանագրեց, որ ռեալ պոլիտիկի տեսանկյունից Հայաստանը երբեք չի հայտարարել Թուրքիայից հողային պահանջների մասին, բայց և երբեք չի հայտարարել Կարսի պայմանագրի ճանաչման մասին, քանի որ այդ պայմանագիրը ստորագրվել է թույլ, պարտված Հայաստանի պայմաններում, և հայ ժողովուրդը այդպես էլ չի հաշտվել այդ սահմանազատման հետ։

«Եթե զուգահեռ տանենք այսօրվա հետ, ապա իրավիճակը խիստ նման է։ Մենք այսօր չենք հաշտվում Հադրութի ու Շուշիի կորստի հետ․ նույնն է, թե մեզ առաջարկեն ինչ-որ փաստաթուղթ, որը ենթադրելու է Հադրութի ու Շուշիի ճանաչումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, վստահ եմ, որ և՛ ժողովուրդը, և՛ գիտական շրջանակները, և՛, երևի թե, պետական գործիչները ընդվզելու են։ Սա նրա նախատիպն է, որովհետև Կարսի պայմանագիրը համանման անարդարության հետևանք է»,-նկատեց Արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Նա հիշեցրեց, որ այս նախապայմանը առաջ քաշելու նախավերջին դրվագը տեղի է ունեցել ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ, երբ Էդուարդ Նալբանդյանը հրաժարվեց ստորագրել արձանագրություններին կից հայտարություն, որով Հայաստանը կճանաչեր Թուրքիայի հետ սահմանները։ Այսինքն, երկու Նալբանդյաններ փորձել են կասեցնել թուրքական պահանջները։

Մեր օրերում՝ 2021 թ-ի մարտին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույցում նշեց, որ ժամանակավոր տեղակայվում են սահմանապահներ մինչև սահմանազատումը և սահմանագծումը, որը տեղի կունենա միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումից հետո։

«Եզրակացությունն այն է , որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը ունի նախապայման, որ Հայաստանին ներկայացվել է քողարկված՝ Կարսի պայմանագրի վերաճանաչման պահանջ։ Հիմա էլ ռեալ պոլիտիկի տեսանկյունից ՀՀ-ն չի կարող հողայյին պահանջ ունենալ, բայց Թուրքիայի համար սա ունի գերկարևոր նշանակություն, քանի որ 3 նախապայմաններից մեկին հասել է՝ Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծմանը, հիմա էլ սա այն ճանապարհն է, որ տանելու է երկրորդ նախապայմանի բավարարմանը»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետն ընդգծեց, որ սա իր ահազանգն է՝ ուղղված մեր իշխանություններին, քանի որ Թուրքիայի երկրորդ նախապայմանը ընդունելով՝ Հայաստանը երկրորդ անգամ պարտվելու է։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․