Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատության» հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ։
-Երևանը և Անկարան հեռակա ուղերձներով հասկացնում են, որ դեմ չեն սկսել երկխոսություն։ Այս փաստը ինչպե՞ս եք գնահատում։
– Թուրքիան միշտ էլ խոսել է նախապայմաններով Հայաստանի հետ. և’ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, և’ դրանից առաջ՝ դեռ մինչև Հայաստանի անկախացումը։ Եվ փաստորեն հիմա այդ պատրաստակամությունը Թուրքիայի կողմից այնքան էլ դրական ազդակ չէ, որովհետև ինքը՝ Թուրքիայի նախագահը, և ոչ միայն նախագահը շարունակում են նախապայմանների մասին խոսել, նույն նախապայմանները։ Պարզապես իրենք գտնում են, որ Արցախի հարցը կարգավորված է ճիշտ, դրա մասին չեն ակնարկում։ Բայց խոսում են արդեն, որ պետք է Հայաստան – Ադրբեջան պայմանագիր լինի, և պետք է Հայաստանը տրամադրի այսպես կոչված միջանցք դեպի Նախիջևան։
– Երևանը չի ասել, չէ՞, որ ընդունում ենք նախապայմանը։ Ընդհակառակը, ասել է՝ եկեք սկսենք խոսակցությունը առանց նախապայմանների։
– Առանց նախապայմանների մասը շատ չի շեշտվել դժբախտաբար, այս վերջին շրջանում, հակառակ որ անցած տարվա հուլիսին այս նույն քաղաքական մեծամասնության կողմից մշակված, հաստատված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ Թուրքիայի նկատմամբ մոտեցումները շատ ավելի հստակ էին, շատ ավելի, կարելի է ասել, ճիշտ էին նույնիսկ, քան նոր կառավարության ծրագրում։
– Հիմա, օրինակ, Էրդողանն ասում է միջանցներ, Երևանը պատասխանեց՝ չէ, ճանապարհների ապաշրջափակում։
–Այո, բայց մինչև Էրդողանի ասելը, մենք դարձյալ նույնն էինք ասել, բայց Թուրքիան էլի նույն բաներն է կրկնում, ինչ որ Ադրբեջանը։ Դրանով հանդերձ փաստորեն վարչապետը փորձել է հանդիպում ունենալ Էրդողանի հետ։ Ես ենթադրում եմ, ինքը պատկերացնում էր կամ ենթադրում, որ այդ հանդիպումը կկայանա հավանաբար Նյու Յորքում… բայց ամեն դեպքում նույն բանը կրկնել է, որովհետև, կրկնում եմ՝ Հայաստանը չի ասել առանց նախապայմանների, ընդհակառակը, գնահատում է որպես դրական ազդակ Թուրքիայից լսվածները։ Դա արդեն ուղղակի վտանգում է մեր ազգային պետական շահը։
– Այսինքն՝ դուք սկզբունքորեն դեմ եք, որ Էրդողան – Փաշինյան ձեռքսեղմումը տեղի ունենա, նրանք սկսեն էդ խոսակցությունը։ Երեկ Վրաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահը հանդիպել են, ըստ պաշտոնական տեղեկության, հանգամանալից քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները, բայց կան արդեն ենթադրություններ, որ նաև Վրաստանի միջնորդական ջանքերն են գործի դրվել էդ հանդիպումը կազմակերպելու համար։
– Եթե առանց նախապայմանի է խոսակցությունները սկսելու, մենք դեմ չենք։ Բայց մենք դեմ ենք, ինչպես և դեմ էինք, որ առանց այդ նախապայմաններից հրաժարվելու, խոսակցությունները սկսվեն։ Որովհետև մենք տեսանք նախորդ անգամ ինչպես, եթե կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, տարբեր ակնկալիքներ ունեն։ Օրինակ, Թուրքիային համոզել էին Միացյալ Նահանգները, որ ոչինչ, Արցախի հարցը այս փաթեթով չի լուծվի, բայց սրան զուգահեռ կլուծվի, կկարգավորվի այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Գոնե ըստ թուրքերի, այդպես է իրենց ասված։ Միացյալ Նահանգներն էլ չի հերքում, որ ինքը ասել է զուգահեռ։ Բայց տեսանք ինչպես տապալվեց այդ գործընթացը։ Դժգոհ չենք, որ տապալվեց, բայց ավելի վատացան իրականության մեջ գոյություն չունեցող հարաբերությունները, քան մինչև այդ փորձը։ Հիմա էլ ճիշտ չի լինի, որ կողմերը սկսեն խոսել՝ առանց հասկանալու դիմացինի ճիշտ մոտեցումը։ Իսկ այս դեպքում պարզ է, որ Թուրքիան նաև ունի նախապայմաններ, այդ նախապայմանները ինքը փորձելու է կարգավորել։ Եվ եթե Էրդողանի ասածը անկեղծ է, այսինքն՝ ինքը ասում է, որ խոսակցությունը կսկսի մի քանի բան Հայաստանի կողմից արվելուց հետո, ներառյալ այդ միջանցք կոչվածի բացումը, ուրեմն տրամաբանորեն պետք չէ, որ խոսակցություն սկսվի։ Կամ արդեն խոստում կստանա։ Եթե խոսակցություն սկսվի, պետք չէ զարմանալ, որ, ենթադրենք, Հայաստանը համաձայնել է միջանցք տրամադրել՝ անկախ նրանից, թե ինչ կհայտարարի վարչապետը։ Պարզ է, եթե նախապայմանների լեզվով սկսենք խոսել, մենք էլ շատ նախապայմաններ ունենք՝ սկսած Ցեղասպանության ճանաչումից։ Բայց եթե պատրաստակամություն կա հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, պետք է վերաբերվի երկու կողմերին էլ։
Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում․