Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գա՝ ի՞նչ անի, ի՞նչ երեսով գա Սյունիք, պատերազմի օրվանից մինչ օրս իրան չենք տեսել, հույս չենք կապում իրա հետ․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ագարակի վարչական շրջանի ղեկավար Հայկ Սահակյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցին։
Սահակյանը «անհարգալից վերաբերմունք» է որակում այն, որ Փաշինյանն ամեն գնով փորձում է մտնել Սյունիքի մարզ՝ այն պարագայում, երբ սյունեցիները մերժում են նրան։ «Հույս չունենք իրա հետ կապված։ Ես մեր համայնքապետից՝ Փարսյանից բացի, ոչ մեկի չեմ տեսել էստեղ»,- հավելեց նա։
Ագարակի բնակչուհի տիկին Մարիետան շեշտում է՝ բացի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից, Ագարակ որեւէ մեկը չի մտել, Փաշինյանը Սյունիքի դիրքերը Ադրբեջանին տալուց հետո իր պաշտոնյաներից որեւէ մեկին գյուղ չի ուղարկել, նույնիսկ չի հետաքրքրվել, թե ինչ վիճակում են սահմանամերձ գյուղի բնակիչները։
«Անհանգիստ ենք, ոչինչ չենք ուզում, միայն թե մեր անվտանգությունը ապահովեն։ Թուրքերին շատ մոտիկ ենք, ահ ու վախով ենք ապրում, վախենում ենք՝ հող մշակենք, շատ վատ վիճակում ենք։ Փաշինյանի գալ-չգալը մեզ հետաքրքիր չի, մեր ժողովուրդը պահանջում է իր անվտանգությունը։ Գյուղացին հողը մշակելով է ապրում, հիմա վախենում է հող մշակի, դեմ դիմաց թուրքն է»,- ասում է նա՝ նշելով, որ Փաշինյանի հետ հույս չի կապում, անորոշության մեջ է, ոչ մեկի չի հավատում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Սյունիքի մի շարք գյուղեր դարձան Ադրբեջանին սահմանակից: Դրանք ենք՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայր, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ: Ի դեպ, նաև՝ Կապան քաղաքը:
Լիանա Սարգսյան