Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզի սահմանամերձ Խնածախ բնակավայր: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել եւ զրուցել են բնակիչների հետ, եւս մեկ անգամ ծանոթացել նրանց խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաեւ մարդու իրավունքներին:
«Անորոշ վիճակում ենք ապրում։ Ունենանք լավ ճանապարհ, ճանապարհները շատ վատ են։ Այս պայմաններում անասնապահությամբ չենք կարող զբաղվել»,- ասել են բնակիչները։
Բնակիչները մասնավորապես նշել են, որ որոշ տարածքներ, հիմնականում՝ արոտավայրեր, պատերազմից հետո անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, եւ ներկայումս իրենք, անվտանգությունից բացի, կանգնած են նաեւ ապրուստը հոգալու խնդրի առջեւ։ Նրանք առանձնացրել են նաեւ ճանապարհների վերանորոգման, ջրամատակարարման ու գազամատակարարման հետ կապված խնդիրները։
Խնածախում նախագահ Սարգսյանը հանդիպել է նաեւ Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի եւ համայնքի մեջ մտնող Խոզնավար եւ Վաղատուր բնակավայրերի ղեկավարների հետ, որոնք ներկայացրել են իրենց խնդիրները:
Հանրապետության նախագահն առաջարկել է համայնքների առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ եւ մանրամասն տվյալներ ներկայացնել նախագահի աշխատակազմ եւ պատրաստակամություն հայտնել նախագահի ինստիտուտի լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը: