| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
«Հարցում եք արել, կպատասխանենք». ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը չմեկնաբանեց, թե ինչու են հրաժարվել Ադրբեջանի կողմից Արցախյան վերջին պատերազմում թուրքական «Բայրակթարների» կիրառման մասին տեղեկություններ տալ կանադական կողմին:
Հիշեցնենք՝ Կանադան խնդրել է Հայաստանին տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը Բայրակթար անօդաչուներում, սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն` այդպիսով հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին։ Այս մասին ասվում է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որից տեղեկանում ենք, որ Կանադայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով է այդ երկիրը կասեցրել թուրքական ընկերություններին տրամադրված ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերը։
Հայ դատի գրասենյակը Հայաստանի ԱԳՆ-ի այս կեցվածքը խիստ տարակուսելի է որակել՝ հայտնելով, որ Կանադային չօժանդակելու մասին իմացել է այդ երկրի արտգործնախարարության հրապարակած հետաքննությունից, որի մեջ բառացիորեն գրված է այս մասին։
Yerkir.am-ը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով պարզաբանել՝ ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն հրաժարվել օժանդակել Հայաստանի անվտանգության համար այդքան կարևոր հետաքննությանը: ՀՀ ԱԳՆ-ն ինչո՞ւ չի տրամադրել «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին որևէ ինֆորմացիա՝ այն դեպքում, երբ ՀՀ զինված ուժերի տրամադրության տակ էին հայտնվել այս փաստերը դեռ պատերազմի ժամանակ (ՀՀ ԶՈՒ-ն խոցել էր այդ անօդաչուներից և հրապարակել դրանցում կանադական տեխնոլոգիաների առկայությունն ապացուցող լուսանկարներ)։ Արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն ՀՀ ԶՈՒ-ից պահանջել է տրամադրել այդ փաստերը և չի ստացել, թե՞ ԱԳՆ-ն շահագրգիռ չի եղել, որպեսզի Կանադայի կողմից զենք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները չեղարկվեն։
Պատասխանն ստանալուն պես՝ կներկայացնենք մեր ընթերցողին։