կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-24 18:45
Իրավական

Ամբաստանյալը չմեկնաբանեց ''Միշիկին ու Սաշիկին վախեցնելու'' հանձնարարությունը

Ամբաստանյալը չմեկնաբանեց ''Միշիկին ու Սաշիկին վախեցնելու'' հանձնարարությունը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հերթական դատական նիստը: Այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց  Հայրիկյանի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը:

 

Նա հայտարարեց, որ 2011-ից մասնակցել է  ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի տան շինարարական աշխատանքներին, սակայն Սեդրակյանն իրեն ինչպես հարկն է չի վարձատրել: «Դեպքեր են եղել, պակաս է տվել... Այդպես զայրույթը մեջս հավաքվել էր, որոշեցի նրան վատություն անել»,- ասաց նա և հավելեց, որ մտադրվել էր այնպիսի մի բան անել, որը մեծ աղմուկ կբարձրացներ: «Ընենց չի, որ Հայրիկյանի դեմ էր, կարող ա  ուրիշ մարդ  լիներ, ուղղակի մտածեցի` Հայրիկյանը ճանաչված մարդ ա, աղմուկը մեծ կլինի»,- պարզաբանեց ամբաստանյալը` ասելով, որ այդ կերպ ինքը կկարողանար Սեդրակյանից ստանալ գումարները:

 

Նրա խոսքով` Խաչիկի (ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի) հետ պայմանավորվել էին վախեցնել Հայրիկյանին, իսկ  Սեդրակյանին էլ սպառնալ` եթե գումարները չտա, կասեն, որ ինքն է պատվիրել:

 

Մեղադրող դատախազի հարցին, թե փորձե՞լ է, արդյոք, իր պարտքը Սեդրակյանից պահանջել, ամբաստանյալը պատասխանեց. «Կարող ա գնայի իրանից ուզեի` ինձ բռնել տար»: Իսկ պարտքը, ըստ Հարությունյանի, կազմում էր մոտ 5000 դոլար:

 

Ամբաստանյալ Ս. Հարությունյանը հրաժարվեց  որևէ մեկի, այդ թվում` իր փաստաբանի հարցերին  պատասխանել:

 

Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը նշեց, որ էական հակասություններ կան ամբաստանյալի նախաքննական և  դատարանում տված ցուցմունքների միջև և հրապարակեց Հարությունյանի նախաքննական ցուցմունքները: Հարությունյանը նախաքննության ընթացքում հարցաքննվել էր 7 անգամ: Նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում հայտնել էր, որ Սեդրակյանին, ով իր Քանաքեռի տան հարևանն է, ճանաչում է մանկուց: Ցուցմունքի համաձայն` ինքը Խաչիկի հետ մասնակցել է Սեդրակյանի` Քանաքեռի և Եղվարդի տան շինարարական աշխատանքներին: Երկուսով նրա համար շատ բան են արել. Խաչիկը հաճախ է Սեդրակյանին սպասարկել իր տաքսիով, անշահախնդիր բաժանել են  նրա նախընտական բուկլետները,  «Վերևում աստված կա» խտասկավառանկները...

 

Իսկ Հայրիկյանին վախեցնելու հանձնարարությունը, ըստ ցուցմունքի, Սեդրակյանը  տվել է «Միտք» վերլուծական կենտրոնում գտնվող իր աշխատասենյակում: Նա սկզբում ցույց է տվել նախագահի թեկնածուների նկարներով թերթը: «Հերթով մատնացույց էր անում թեկնածուներին, ասում էր` սրան չէ, նրան չէ, մի թեկնածուի վրա էլ պահեց, ասաց` սա մեղք ա, 5 հատ երեխա ունի,  սրան էլ չէ և վերջում ցույց  տվեց Հայրիկյանին»,- նախաքննության ընթացքում հայտարարել էր Հարությունյանը:

 

Ըստ նույն վկայության` ամբաստանյալները սկզբում չեն ցանկացել իրականացնել դա, սակայն, մի քանի օր մտածելով, հասկացել են, որ միայն պետք է վախեցնեն, ուրիշ բան չանեն, համաձայնել են: Հայրիկյանին վախեցնելուց հետո, ըստ նրանց, Սեդրակյանից մաս-մաս ստացել են 3000 դոլար գումար, իսկ վերջնական գումարը չեն հասցրել ստանալ, քանի որ այդ օրը ձերբակալվել են:

 

Սամվել Հարությունյանը լրացուցիչ հարցաքննության ընթացքում հաստատել էր նաև Խաչատուր Պողոսյանի` նախաքննության ընթացքում տված այն ցուցմունքը, թե Սեդրակյանն իրենց ասել է, թե դժգոհ է ինչ-որ լրագրողից և ցանկացել է, որ իրենք վախեցնեն նրան:  Բացի այդ` Սեդրակյանը պահանջել է, որ, բենզինով լի տարան վառելով, վախեցնեն  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսային` «Միշիկին, ով հաճախ է լինում դերասանուհի Նազենիի հետ»: Նրանց հանձնարարել են նաև  վախեցնել Ս. Սարգսյանի եղբորը' Սաշիկին, բայց քանի որ մտածել են, թե  նրա «ախռանան ուժեղ է, դա թողել են հետոյին»:

 

Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը հետաքրքրվեց ամբաստանյալ Հարությունյանից` արդյո՞ք նա շարունակում է պնդել լրացուցիչ հարցաքննության ընթացքում տված ցուցմունքը, թե Սեդրակյանը  նրանց հանձնարարել է վախեցնել լրագրողին, Ալեքսանդր Սարգսյանին եւ Միքայել Մինասյանին: Լ. Բարսեղյանի հարցին, սակայն, ամբաստանյալը նույնպես  չցանկացավ պատասխանել:

 

Տուժող Հայրիկյանն էլ հետաքրքրվեց Սեդրակյանից` արդյոք նա երբևէ Պետերբուրգում եղե՞լ է, և ստացավ բացասական պատասխան:

 

Հայրիկյանը դատարանին միջնորդեց գործում որպես վկա ներգրավել և հարցաքննության հրավիրել Սեդրակյանին Ռուսաստանից 100 հազար դոլար ուղարկած անձանց` Էդվարդ և Ալեքսանդր Աբրահամյաններին, սակայն դատավորը մերժեց` ասելով, որ դա առնչություն չունի գործի հետ:

 

ԱԻՄ առաջնորդ Պ.Հայրիկյանը դեռ այն կարծիքին է, որ իր դեմ մահափորձը ծրագրել են ռուսական իմպերիալիստական ուժերը: Այդ մասին նա հերթական անգամ հայտնեց լրագրողներին` ճեպազրույցի ժամանակ:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ