կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-08 13:07
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարել

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարել

Ռուսաստանն ու Հայաստանն ամբողջությամբ իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:

«Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն՝ բոլոր առաքումներն իրականացվում են ժամանակին և ամբողջությամբ»,- տեղեկացրել է Ռեշետնիկովան:

Նրա խոսքով՝ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը կշարունակվի սահմանված կարգով: «Ինչ վերաբերում է նոր գործարքներ կնքելու հնարավորությանը, ապա այդ հարցերի ուսումնասիրությունը կիրականացվի պլանային եղանակով»,- հավելել է Ռեշետնիկովան:

Ըստ նրա՝ ծառայությունը չի բացառում ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Հայաստան առաքման հնարավորությունը։

«Այսօր մենք առաջարկում ենք արտահանման համար մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես՝ Orion-E երկարատև հետախուզական համալիրը: Եթե հայկական կողմից համապատասխան հարցումներ լինեն, մենք պատրաստ ենք դրանք քննարկել սահմանված կարգով»,- ասել է Ռեշետնիկովան:

Orion-ը միջին բարձրության անօդաչու համալիր է`1 տոննա առավելագույն թռիչքային զանգվածով և առավելագույն 200 կգ ծանրաբեռնվածությամբ:

«Ռոսօբորոնէքսպորտ»-ի հաղորդմամբ՝ անօդաչուն ներկայումս առաջարկվում է արտահանման՝ որպես օդային հետախուզական ինքնաթիռ: Միևնույն ժամանակ, համալիրը հարվածային տարբերակով մատակարարվում է Ռուսաստանի զինված ուժերին: