Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ մարզում, ի թիվս այլ խնդիրների, առկա են դպրոցների ջեռուցման, համայնքների ջրամատակարարման, գյուղատնտեսական և այլ խնդիրներ:
Ըստ նրա՝ մարզում բարոյահոգեբանական մթնոլորտը գերազանց վիճակում է: «Բացարձակ ծանր մթնոլորտ մարզում չկա, նորմալ աշխատանքային մթնոլորտ է»,- ասաց մարզպետը:
Անդրադառնալով մարզպետարանի աշխատակիցների փոփոխությանը վերաբերող հարցերին՝ Հակոբյանն ընդգծեց, որ այս պահին մարզպետարանի աշխատակիցների 90 տոկոսը չի փոխվել, հետագայում էլ կփոխվեն այն անձինք, ովքեր իրենց տեղում չեն և ոչ մասնագետ են:
Մարզպետն անդրադարձավ նաև Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի` պաշտոնից հեռանալու դեպքին՝ շեշտելով, որ Նիկողոսյանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն:
Հակոբյանը հայտնեց նաև, որ վերջին շրջանում հանդիպել է Սուրիկ Խաչատրյանի հետ: «Մենք պարզապես զրուցում ենք: Եթե ինչ-որ խնդիրներ են առաջանում, ինքն է զանգում, կամ ես եմ զանգում: Տարբեր բնույթի խնդիրների շուրջ ենք զրուցում, հրավիրում ենք միջոցառման, կարող է այդ միջոցառումը լինել Երևանում, ասենք` ինչ-որ հուշարձանի բացում, կամ կարող է լինել «Երկրապահ»-ի հետ կապված»:
Դիտարկմանը, թե, փաստորեն, բարիդրացիական հարաբերությունների մեջ է նախկին մարզպետի հետ, Հակոբյանը պատասխանեց. «Այո»:
Սյունիքի մարզպետի խոսքով՝ շուտով կհիմնվի Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամ, որը, կառավարության որոշմամբ, կաշխատի և կփորձի բոլոր դեֆիցիտները փակել: «Դա գյուղտնտեսությանն է վերաբերում, առողջապահությանը»,- ասաց նա՝ հավելելով. «Դեֆիցիտները բավականին շատ են: Դա բնական օբյեկտիվ պատճառներից է եղել»:
Դիտարկմանը` ստացվում է պարտքերով եք ընդունել մարզը, Հակոբյանը պատասխանեց, որ ամեն տարի այդպես է լինում, դա նորություն չէ:
Հարցին` ինչպե՞ս եք պատրաստվում է ՀՀԿ-ի իշխանությունը մարզում պահպանել, քանի որ Սուրիկ Խաչատրյանը երկրորդ անգամ վերանշանակվեց հատկապես հենց այդ նպատակով, որ ՀՀԿ-ի դիրքերն ամուր պահի, մարզպետը պատասխանեց. «Ես անկուսակցական եմ, և իմ առջև նմանատիպ խնդիր դրված չէ»:
Պնդմանը, թե` Դուք ՀՀԿ-ի կողմից նշանակված մարզպետ եք, Հակոբյանը պատասխանեց, որ ինքը մարզպետ է նշանակվել վարչապետի առաջարկով: