Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուսումնասիրողները հարյուր անգամ փաստել են, որ ուդիական հետք Կուրի այս ափին՝ Արցախում, ընդհանրապես գոյություն չունի, ամբողջ պատմամշակութային ժառանգությունը հայկական է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարար, Արցախի պետական համալսարանի դասախոս, ՀՅԴ Արցախի կառույցի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններն, իբր, Արցախից Ադրբեջանի օկուպացրած տարածքների եկեղեցիներն ուդիական են։
Հադրութի Ծակուռի գյուղի 17-րդ դարի հայկական եկեղեցին «աղվանական» հռչակելու և պատերի հայատառ գրությունները «կեղծ» որակելու՝ Ալիևի հայտարարություններին ի պատասխան Լեռնիկ Հովհաննիսյանը հրապարակեց, թե ինչ է գրված եկեղեցու հիմնարկեքի արձանագրությունում։
Նա փաստեց, որ Ծակուռիի եկեղեցու արձանագրությունը 1682 թվականի է, այդ արձանագրության տեքստում գրված է, որ Հակոբ վարդապետը, որը եղել է աշակերտը Եսայի վարդապետ Կարճևանցու, որոնք Թաղլար գյուղաքաղաքից էին՝ այդպես էլ գրված է, Թանգոց ազգից, կառուցել է այդ եկեղեցին ի հիշատակ իր ծնողների՝ հոր, մոր, և քրոջ, և հստակ թվագրված է՝ 1682 թվականին։ Այս արձանագրությունը առաջին անգամ գրի է առել Սարգիս Ջալալյանցը «Ճանապարհորդություն ի Հայս» աշխատության մեջ, այնուհետև Մակար Բարխուդարյանցը։
Յուրացման քաղաքականությունը Ադրբեջանում նորություն չէ, ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը, դա իրենց սկզբունքներից մեկն է՝ գրավել ուրիշի տարածքներ և այնուհետև սկսել այդ տարածքների պատմամշակութային ժառանգության յուրացման գործընթացը։
«Դա սկսվել է շատ ավելի վաղ, երբ կազմավորվեց Խորհրդային Ադրբեջանը․ այդ ժամանակաշրջանից այդ քաղաքականության շարունակողներն են՝ սկսած իրենց ժողովրդի ծագումնաբանությունից, երբ ներկայացրին, որ մեկ՝ մարերի, մեկ՝ կովկասյան աղվանների ժառանգներն են, նույնիսկ զավեշտի հասնող տեսություններ էին առաջադրում, որ իրենք գալիս են շումերներից և այլն։ Այդ քաղաքականությունը փոխադրեցին պատմամշակութային ժառանգության վրա։ Բնական է, որ, եկվոր լինելով, և 18-րդ դարից մինչև դեռ 20-րդ դարի 20-30-ական թվականները լինելով քոչվոր, և հիմնականում յուրացնելով այլ ժողովուրդների պատմամշակությաին ժառանգությունը, ստեղծում են իրենց պատմությունը, զբաղված են պատմաշինությամբ»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Զավեշտը նրան է հասել, որ դեռևս 1968 թ-ին Ազոխի քարնձավի մասին ադրբեջանցիներն ասում էին՝ իրենց ժողովրդի պատմությունը սկսվում է Ազոխի քարնաձավից։
Մի ամբողջ դպրոց՝ Զիա Բունիաթովի գլխավորությամբ, աշխատում է պատմամշակութային ժառանգության յուրացման ուղղությամբ՝ նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա վստահ է, որ ՀՀ իշխանությունների անգործության հետևանքով է Իլհամ Ալիևը դարձել ավելի ագրեսիվ, ցինիկ։
«Եվ իր ցինիկությունը ամեն տեղ օգտագործում է, և այդ ցինիկությունը հենց մեր թուլության հետևանք է, որովհետև մեր իշխանությունները տարված են թուրքերի հետ բարեկամություն անելու տառապանքով, շատ են ցանկանում թուրքերի հետ հարաբերություններ հաստատել, կոմունիկացիաներ բացել, բայց Ադրբեջանը հետևողականորեն իր քաղաքականությունն է իրականացնում այստեղ։ Բնականաբար, մեղավորը ՀՀ այսօրվա իշխանություններն են, ՀՀ գլխավոր պատասխանատուն, որը տարված է այլ՝ իր իշխանությունը պահելու խնդիրներով, և հետևողական չի անգամ իրենց իսկ ստորագրած փաստաթղթի կետերի ի կատար ածմանը»,-բացատրեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Արցախի Կարմիր Շուկա գյուղից անհետացած և մի քանի օր հետո՝ ադրբեջանական Նովրուզ-Բայրամի տոնի շրջանում, այրված դիով գտնված հայ երիտասարդի մահվան հանգամանքները դեռ պարզվում են, քննությունն ավարտված չէ, բայց վերադարձել են այն կասկածների ժամանակները, որ պետք է զգուշանալ, քանի որ Նովրուզ-Բայրամի ընթացքում ադրբեջանցիներն այդպիսի սովորություն ունեն՝ անպայման «անհավատի» արյուն հեղեն։ Արցախի անվտանգության իրական երաշխավորի՝ Պաշտպանության բանակի ամրապնդման մասին ավելի քիչ է խոսվում, քան սեփական աթոռի։
«Այսօր ամեն ինչ էլ կարող է լինել, որովհետև Արցախը վիրավոր է, ռուս խաղաղապահներն են դարձել անվտանգության երաշխավորը։ Բնականաբար, մեր հիմնական անվտանգության երաշխավորը պետք է լինի Արցախի պաշտպանության բանակը և Արցախի իրավապահ համակարգը։ Արցախն այսօր վիրավոր է, ես, անկեղծ ասած, որևէ մեկին չեմ հավատում, ռուս խաղաղապահ ուժերը, այսօր, դեռ իրականացնում են այդ անվտանգությունը, ճիշտ է՝ դեռ աղաղակող դեպքեր չեն գրանցվել, բայց, համենայն դեպս, չգիտենք վաղն ինչ կլինի․ այս անվտանգության համակարգի անորոշությունը մարդկանց դժվար կացության առջև է կանգնեցրել՝ սա է ամենավատը։ Անվտանգության համակարգը միշտ էլ արցախցու համար եղել է թիվ մեկ խնդիրը»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Արցախցիներին ռուսական անձնագրեր բաժանելու մասին լուրերը դեռևս ընդամենը խոսակցությունների մակարդակով են, ասաց նա, որևէ պաշտոնական հաստատում չկա և չի էլ կարող ասել, թե դա որքանով է իրական։
ԼՂՀ մշակույթի նախկին նախարարը տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության մինչպատերազմյան տարածքում վկայագրված է 4 112 հուշարձան, որոնցից այսօր միայն հայկական հուշարձանները, որ անցել են թշնամուն 1 482-ն են։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․