կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 21:06
Հասարակություն

Սկաուտների երդման արարողություն՝ Գյումրիում

Սկաուտների երդման արարողություն՝ Գյումրիում

2021 թ.-ի մարտի 14-ին Գյումրիում՝ Վահան Չերազի արձանի մոտ, տեղի ունեցավ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Երևանի և Գյումրու «Վահան Չերազ» մասնաճյուղերի սկաուտների երդման արարողությունը։ Վայրը պատահական չէր ընտրված, այն խորհրդանշական էր, քանի որ սկաուտական խմբերը կրում էին Վահան Չերազի անունը։

Նախապատրաստական աշխատանքներից հետո տեղի ունեցավ ծանոթացման արարողությունը, որը սկաուտներին բնորոշ և տարբերվող էր։ Սկաուտները բաժանվեցին խմբերի, խմբի անդամները ծանոթացան միմյանց հետ, զրուցեցին և առանձնացրին Գյումրու և Երևանի մասնաճյուղերի նմանությունները և տարբերությունները։

Պահը վճռորոշ էր նոր երդվող սկաուտների համար. ուրախության, ժպիտների տակ թաքնված էր մի փոքր տագնապ և մեծ պատասխանատվություն։

Արարողության բացման խոսքը տրված էր քույր Արմիկին (Երևանի Արաբկիր Համայնքի «Վահան Չերազ» մասնաճյուղի խմբապետ)։

Քույր Արմիկի հրահանգով սկաուտները ասացին ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի կարգախոսը.

-Բարձրացի՛ր։

-Բարձրացրու՛։

Այնուհետև սկաուտները պատվի առան և կատարեցին իրենց օրհներգը։

Քույր Արմիկի հրահանգով սկաուտները ծնկած դիրք ընդունեցին և տվեցին իրենց սրբազան երդումը, որից հետո խմբապետերն արդեն երդվյալ սկաուտների տարազին ամրացրեցին վզկապերը։

Սկաուտներն իրենց երդման մեջ խոստացան լինել Հավատարիմ Աստծուն, Ծառայել Հայրենիքին և Ազգին։

Սկաուտներին աջակցելու էին եկել տարբեր վայրերի սկաուտները և ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Կենտրոնական Վարչության անդամները։

Խոսքը փոխանցվեց Կենտրոնական Վարչության անդամ քույր Սանդրային։ Քույր Սանդրան շնորհավորեց սկաուտական երդում տված սկաուտներին, խնդրեց նրանց՝ ամեն օր հիշել իրենց երդումը և հավատարիմ մնալ դրան։

 «…Սա սկիզբն է և ոչ ավարտը, սրանով սկիզբ է դրվում ձեր նոր քայլերի, նոր կյանքի և նոր առաջընթացի։ Շնորհավորում եմ բոլորիդ»,- երզափակեց իր շնորհավորական խոսքը քույր Սանդրան։

Այնուհետև շնորհավորական խոսք ասաց խմբապետական խորհրդի ներկայացուցիչ եղբայր Սևակը, նա նշեց ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի դաստիարակչական մեծ նշանակությունը և հայրենասիրական դասերը, փաստեց, որ ՀՄԸՄ-ի դաստիրակություն ստացած պատանիներն իրենց լավագույնս են դրսևորել այն իրավիճակներում, երբ հայրենիքը զգացել է իրենց կարիքը։ Ցանկություն հայտնելով, որ երդվյալ սկաուտները չմոռանան հանուն հայրենիքին իրենց կյանքը զոհած եղբայրներին և քույրերին, հավատարիմ մնան նրանց և նրանց գործին։  

«Առա՛ջ, նահատակ ցեղի անհմահներ»,-  եղբայր Սևակն ավարտեց իր խոսքը՝ մեջբերելով սկաուտական քայլերգի տողերը։ Այնուհետև քույր Արմիկը երզափակեց երդման արարողությունը՝ հնչեցնելով սկաուտների կարգախոսը, որին հետևեց երդվյալ սկաուտների պատասխանը.

-Սկաուտը միշտ..

-Պատրա՛ստ

-Բարձրացի՛ր

-Բարցրացրու՛։

Վերջում սկաուտները շրջեցին Գյումրու պատմական միջուկով՝ այցելեցին Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի թանգարաններ, ծանոթացան Գյումրու պատմությանը, ձեռք բերեցին նոր ծանոթություններ և հրաժեշտ տվեցին իրար՝ նորից հանդիպելու ակնկալիքով։

Պատրաստեց՝ Սեդա Ոսկանյանը