Փոխարժեքներ
01 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Շուրջ չորս ամիս է՝ գրվում և հրապարակներում ասվում է, որ օր առաջ պիտի ազատվել այս ապիկար իմքայլական իշխանություններից, որովհետև երկիրը սրընթաց տանում են կործանման:
Բայց հենց այն հանգամանքը, որ արդեն չորս ամիս այդ մասին խոսվում է, սակայն այդպես էլ իշխանափոխություն տեղի չի ունենում, և երկիրն էլ կարծես թե դեռ չի կործանվել, շատերի մոտ թերևս տպավորություն է առաջանում, որ դրանք միայն բառեր են, մեզ ոչ մի կործանում էլ չի սպառնում: Ցավոք, իրականությունը լավատեսության հույսեր չի ներշնչում, իրականում մենք արդեն իսկ կործանման ճանապարհին ենք, այն էլ՝ բավականին արագ տեմպերով: Մեր թշնամուն այլևս ոչինչ չի մնում անել, քան համբերատար սպասել, մի քիչ էլ կողքից նպաստել, որ հանկարծ չհանդգնենք շեղվել մեզ համար իր նախանշած ուղուց: Չորս ամիս է՝ սպասում ենք, թե ժողովուրդը կարթնանա ցավի ու անտարբերության թմբիրից և կհեռացնի իր իսկ գլխին իշխանություն կարգած այս անհայրենիք ընչաքաղցների ոհմակը, բայց այդպես էլ այդ «երանելի» արթնացումը տեղի չի ունենում: Ավելին, ժողովրդի մի ստվար զանգված (նրան Պողոս կանվանենք, թե Կիրակոս, դրանից հարցի էությունը չի փոխվում) այսօր էլ շարունակում է աջակցել այս չարիքի իշխանությանը՝ կառչած մնալով «նախկինների» մասին նրանց հորինած հանկերգից: Բոլոր թնջուկների լուծման փորձերը, որ ձեռնարկում է հանուն ազգային արժեքների և պետականության պահպանման պայքարողների բանակը՝ ի դեմս Հայրենիքի փրկության շարժման, դեմ են առնում իրավաբանական իրարամերժ մեկնաբանությունների և մտնում փակուղի: Այլևս ակնհայտ է, որ առկա վիճակն իրավական լուծումներ չունի, քանզի ՉԱՐԻՔԻ իշխանությունը գործում է առերևույթ իրավական, իսկ իրականում՝ կամայականության դաշտում:
Մեր ազգային-քաղաքական օրակարգը կարող է ունենալ քաղաքական կամ ռազմաքաղաքական լուծում: Նախընտրելին, իհարկե, առաջինն է, սակայն չպիտի բացառել նաև երկրորդը, որի անհրաժեշտությունը, մեր կարծիքով, գնալով ավելի է ուրվագծվում: Ակնհայտ է, որ այլևս գործ ունենք գորդյան հանգույցի հետ, իսկ գորդյան հանգույցն ունի լուծման միայն մեկ՝ ավանդական եղանակ: Որքան էլ այն ցանկալի չէ, բայց կարծես թե գնալով դառնում է անխուսափելի, որովհետև, ինչպես վերը բնորոշեցի, ՉԱՐԻՔԻ իշխանությունը և նրան սպասարկող լակեյների ոհմակը պարզապես այլընտրանք չեն թողնում: Ուստի բոլոր այն գիտունները, որոնք այս օրերին բացառում են հանգուցալուծման այդպիսի ուղին, թող բարի լինեն ասել, թե ուրիշ ինչ ճանապարհ են տեսնում: Փողոցային պայքարի չորսամսյա ընթացքը ցույց է տալիս, որ այդ ճանապարհը երկարատև է ու հոգեմաշ: Այն նաև նյարդերի պայքար է, իսկ մենք ամեն օր զիջում ենք մեր ինքնիշխանությունից: Չէ՞ որ պարզ է, որ գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակի հետ:
Ընդ որում, «ոչ ստանդարտ» ասելով շատերը հասկանում են վարչապետ կոչվածի ոչ ադեկվատ լինելը, իրականում, սակայն, հիմնախնդրի արմատներն ավելի խորն են: Վարչապետ կոչվածը վաղուց այլևս իրական իշխանություն չունի: Նա ինքը խաղալիք է մի կողմից՝ արտաքին ուժերի, իսկ մյուս կողմից՝ իր շրջապատի ձեռքում, պարզապես նրանց շահերն այս փուլում համընկնում են: Իսկ նշվածները, ինչպես ցույց է տալիս ընթացքը, առայժմ ունեն բավականաչափ հնարավորություն, որպեսզի կարողանան դիմադրել ժողովրդային պայքարին: Մանավանդ, որ այդ պայքարն առ այսօր չի ունեցել մասնակիցների կրիտիկական թիվ՝ չնայած այն իրողությանը, որ ժողովրդի անհամեմատ ավելի մեծ հատվածը, քան ՉԱՐԻՔԻ իշխանության կողմնակիցներն են, դժգոհ է այս անհայրենիքների կառավարության գործունեությունից և ընդունում է իշխանափոխության անհրաժեշտությունը: Ժողովրդային պայքարն ունի որակական, բայց ոչ բավարար քանակական աջակցություն, որպեսզի ինքն իրենով դառնա պարտադրող գործոն:
Ժողովրդի մի ստվար մաս իրեն վերագրել է հանդիսատեսի կարգավիճակ, կարծես թե Երևանի փողոցներում տեղի ունեցողը վերաբերում է ոչ թե իրեն, այլ, օրինակ, Գվատեմալայի բնակչությանը: Սա չի կարող հայրենական պատերազմում դավադրաբար պարտված, հայրենիք կորցրած և որպես պետություն ոչնչացման եզրին կանգնած ժողովրդի համարժեք կեցվածք համարվել: Այդպիսի կեցվածքը կարող է հարիր լինել որևէ ցեղապետության բնակչությանը, բայց ոչ հազարամյակների հերոսական պատմություն ու մշակույթ ունեցող ժողովրդին: Ոմանց թվում է, թե իրենց իրավունքների համար պարտավոր են պայքարել բոլորը, իրենցից բացի: Նրանցից շատերի ենթագիտակցության մեջ նստած է այն դավաճանական միտքը, թե ծայրահեղ դեպքում երկրից կարտագաղթեն ապահով մի տեղ, ինչպես որ մինչև հիմա վարվել են ուրիշները: Ցանկալի է, որ այդպիսիները հնարավորինս շուտ մեզ ազատեն իրենց ներկայությունից, որովհետև նրանց նման դասալիքները լրացուցիչ բեռ են առանց այն էլ ծանրությունից կքած մեր ուսերին:
Ներքաղաքական ճգնաժամի առկայությունն ընդունում են ինչպես քաղաքական դաշտի բոլոր հիմնական դերակատարները, այնպես էլ ռազմական իշխանության ներկայացուցիչները, սակայն, տարաբնույթ հանգամանքներով պայմանավորված, նրանցից յուրաքանչյուրը կաշկանդված է յուրովի: Նա, ով պատրաստ է իրավիճակի հանգուցալուծման համար ստանձնելու պատասխանատվություն, օբյեկտիվ պատճառներով ի վիճակի չէ իրացնելու այդ պատասխանատվությունը, իսկ ով ի զորու է և պարտավոր է անել դա, ըստ երևույթին՝ կամ չի գիտակցում իր բաժին պատասխանատվությունը կամ էլ զուրկ է վճռական քայլ կատարելու կամային հատկանիշներից: Եվ երկիրը, ինչպես կախաղանից կախված մարմին, ճոճվում է պարտքի և պատասխանատվության միջև:
Վարդան Պետրոսյան
12. 03. 2021 թ.