կարևոր
6169 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-20 15:14
Հասարակություն

Ագրարային համալսարանի 350 միլիոն դրամ գույքահարկի պարտքի հետքերով

Ագրարային համալսարանի 350 միլիոն դրամ գույքահարկի պարտքի հետքերով

Yerkir.am-ն անդրադարձել էր ագրարային համալսարանի 2021 թվականից կուտակած 350 միլիոն դրամ պարտավորության մասին:

Yerkir.am-ը հարցումներ է ուղարկել էկոնոմիկայի նախարարի տեղակալ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հոգաբարձուների խորհրդի անդամ Արաքսյա Սվաջյանին հետևալ բովանդակությամբ.

«Հոգաբարձուների խորհուրդը և լիազոր մարմինը ե՞րբ են տեղեկացել պարտքի մասին, ի՞նչ քայլեր են ձեռնարկել, ովքե՞ր են մեղավոր պարտավորությունները չկատարելու հարցում և արդյո՞ք մեղավորները կրել են պատասխանատվություն»:

Միաժամանակ խնդրել ենք տեղեկացնել, թե 2023 թվականի ընթացքում համալսարանի ղեկավար 16 անձինք որքա՞ն եկամուտ (աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ներառյալ հիմնական աշխատավարձ, լրացուցրիչ վարձատրություն, հավելավճար, լրավճար, հավելում, պարգևատրում և այլն, ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն մատուցված ծառայությունների դիմաց քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված վճարումներ) են ստացել համալսարանում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը 2018-2023թթ. Վարդան Ուռուտյանն էր, իսկ 2023թ. դեկտեբերի 25-ից ռեկտորի պարտականությունները կատարում է ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը: