կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-14 14:02
Քաղաքական

Առավել խուճապ հարուցողը հենց իր նախարար լինելու հանգամանքն է. Թ. Ավետիսյան

Առավել խուճապ հարուցողը հենց իր նախարար լինելու հանգամանքն է. Թ. Ավետիսյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս լրագրողների հետ զրույցում խոսել է հայաստանյան գնաճի մասին՝ նշելով, որ դրա վրա էականորեն ազդում են միջազգային շուկայի բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ բեռնափոխադրումների գների բարձրացում, սննդամթերքի գների կտրուկ աճ։

«Կենտրոնական բանկը և Կառավարությունն աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս չհանդուրժեն կամ զսպեն գնաճը, և այդ առումով Կենտրոնական բանկը գործիքակազմ ունի, որը կիրառում է։ Եվ, բնականաբար, պետք չէ խուճապահար լինել ինչ-որ մեկ ամսվա կտրուկ գնաճից․ եթե նայենք, թե ինչ տրենդներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գներն աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են դրա ֆունդամենտալ հիմքերը»,- հավելել է էկոնոմիկայի նախարարը և կարծիք հայտնել, որ հաջորդ ամիսներին դրական դինամիկա կտեսնենք, ու գնաճը կվերադառնա թիրախային միջակայք։

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով նախարարի այս հիմնավորումներին և խուճապի չմատնվելու հորդորներին՝ նշեց․ «Առավել խուճապ հարուցողը հենց իր նախարար լինելու հանգամանքն է, որովհետև լինելով էկոնոմիկայի նախարար՝ հիմա էլ նախորդ 10-15 տարիների համեմատ երկրում առկա աննախադեպ գնաճը բացատրում է միջազգային շուկաների փոփոխություններով։ Այո՛, իհարկե, միջազգային շուկաներում որոշակի տրանսպորտային ծախսերի աճ կա և սննդամթերքի որոշակի գնաճ, բայց հիմնական գործոնը նախևառաջ այն է, որ վերջին 3-4 ամիսներին ազգային արժույթը 10 տոկոս արժեզրկվել է, իսկ Հայաստանում գներն արտացոլված են և հաշվարկվում են ՀՀ ազգային արժույթով»։

Տնտեսագետը մանիպուլյացիա որակեց նախարարի պնդումները և հիշեցրեց, որ մեր երկրում սպառվող հիմնական սննդամթերքը մեծ մասամբ ներկրվում է, կամ ունի ներկրման բաղադրիչ․ «Հետևաբար, եթե ազգային արժույթը արժեզրկվում է 10 տոկոսի չափով, ապա պետք է սպասել այդ ապրանքների առնվազն 10 տոկոս գնաճի, և նոր դրան գումարվում են տրանսպորտային ծախսերի ավելացումը կամ այլ գործոններ։ Նաև նշեմ, որ ապրանքներ կան, օրինակ՝ կաթնամթերք, ձեթ, որոնց գները միջազգային շուկաներում թանկացել է 5-6 տոկոսով, և եթե նույնիսկ դրան էլ գումարենք 10 տոկոս ազգային արժույթի արժեզրկում, բայց մենք ունենք 30-40 տոկոս գնաճ, հետևաբար՝ շարունակում է ազդել նաև մեր երկրի տնտեսության ներկրման մոնոպոլ բարձր աստիճանը»։

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այն գործոնները, որոնք բերել են գնաճի, կայուն կերպով կան և խորանում են․ «Փափուկ բարձը, որ դնում են հանրության գլխի տակ, այլևս այդ բարձի էֆեկտն էլ չի աշխատում, որովհետև մարդիկ, ի վերջո, կհավատան մի ամիս, մեկ տարի, երկու տարի, երեք տարի, բայց ակնհայտ է, որ ինչ խոստանում են, դրա ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Եվ, ի վերջո, մարդն ինչքան պետք է պրիմիտիվ մտածելակերպ ունենա, որ այսքանից հետո նորից այդ հորդորներին, նրանց գնահատումներին հավատա»։