կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 20:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շարժումը պատրաստ է քաղաքական խորհրդակցությունների՝ վարչապետի հրաժարականի պահանջով․ Սաղաթելյան

Վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ այս օրակարգով և ուղիղ հեռարձակմամբ՝ Հայրենիքի փրկության շարժումը պատրաստ է քաղաքական խորհրդակցություններ անցկացնել ՀՀ նախագահի ու վարչապետի հետ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այս մասին Հայտարարությունը կարդաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայի վրանում անցկացվող մամուլի ասուլիսում։

Հայտարարությունն ամբողջությամբ հետևյալն է․

«Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային ճգնաժամը, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները։

Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։

Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված՝ ՀՀ ազգային ժողովում, հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենց համար սկզբունքային է իրենց նշած տեղում և հրապարակային՝ ուղիղ հեռարձակմամբ, խորհրդակցություններն անցկացնելը՝ զերծ մնալու համար գաղտնի պայմանավորվածությունների մասին հնարավոր շահարկումներից։

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում մեր առաջարկած օրակարգով և այդ ձևաչափով հանդիպման, բայց այդ հանդիպմանը պետք է լինի այն օրակարգը, որ մենք ներկայացրել ենք, պետք է լինի այն տեղում, որը մենք նշել ենք և այդ հանդիպումը պետք է լինի բաց, հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ, որովհետև մենք ժողովրդից թաքցնելու բան չունենք և ժողովրդի թիկունքում պայմանավորվածություններ որևէ մեկի հետ ձեռք չենք բերելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իսկ վարչապետի հրաժարականի օրակարգը և իրենց առաջարկած ճանապարհային քարտեզը, նրա համոզմամբ, ճգնաժամից դուրս գալու իրական հնարավորություն է։

Նա նշեց, որ իրենք չգիտեն՝ արդյո՞ք Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցրե՞լ է ընդդիմադիրների հետ՝ վարչապետի մասնակցությամբ, հանդիպելու իր առաջարկը, բայց եթե իրենց նախաձեռնության նպատակը ընդամենը տեսարան ստանալն է, այդ հաճույքը իրենց չեն պատճառի, բայց եթե ուզում են ճգնաժամից ելնելու ելքեր գտնել, իրենց արձագանքը սա է։

Մանրամասն՝ տեսանյութում․