Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում, ըստ առողջապահության նախարարության տվյալների, կորոնավիրուսի վարակման դեպքերի աճ է գրանցվում: Զուգահեռ՝ ոլորտի պատասխանատուները նշել են պարտադիր դիմակ կրելու ռեժիմին անցնելու անհրաժեշտության մասին: Կան նաև դիտարկումներ հնարավոր նոր սահմանափակումների անցնելու մասին, ինչի անթույլատրելիության մասին մի շարք տնտեսվարողներ արդեն իրենց դժգոհությունն են հայտնել: Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում խոսել է մեր երկրում առկա համաճարակաբանական իրավիճակից, անդրադարձել նաև նշված հայտարարություններին:
«Առհասարակ, յուրաքանչյուր երկիր համաճարակի զարգացման իր տեմպերն ու առանձնահատկություններն ունի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ժամանակին հակահամաճարակային ինչպիսի միջոցառումներ են իրականացվել: Մասնավորապես, որքան համաճարակի տարածումը ժամանակին շատ է զսպվել, այնքան հիմա կարող է համաճարակի զարգացման մի քիչ ավելի շատ հնարավորություն լինի: Այսինքն, համաճարակի զարգացումը կարող է լինել այն դեպքում, եթե դու ունես չվարակված բնակչության որոշակի քանակ: Մարդիկ, որոնք վարակվում են, դեռ հստակ չէ որքան, բայց որոշակի ժամկետով իմունիտետ են ձեռք բերում:
Հետևաբար, օրինակ՝ արդեն 30 տոկոս վարակված բնակչություն ունեցող երկիրը չի կարող ունենալ նույն տեմպերը, ինչն, օրինակ՝ 50-60 տոկոս վարակված բնակչություն ունեցող երկիրը: Այսինքն, ավելի մեծ ինտենսիվությամբ ալիքների հավանականությունն ավելի բարձր է այն դեպքում, երբ բնակչության քիչ տոկոսն է վարակվել»,- ասաց մասնագետը: Վերջինիս խոսքով, մեր երկրում, սակայն, մինչ օրս նշված առումով ոչ մի հետազոտություն չի իրականացվել:
«Տարբեր գնահատականներ են տրվում: Ամեն դեպքում, մենք վարակվածների բավականին մեծ տոկոս ունենք: Ես մի քիչ թերահավատորեն եմ մոտենում այն կանխատեսմանը, թե մենք կարող ենք ունենալ համաճարակի տարածման այնպիսի ինտենսիվության, ինչպիսին նախորդ տարվա ամռանը կամ աշնանն առկա իրավիճակն էր: Եթե բնակչության մեծ մասն արդեն վարակվել է, ալիքային բռնկումներ ու ակտիվություն դժվար թե ունենանք: Եթե կոնկրետ կորոնավիրուսի դեպքում վարակվածների ցուցանիշը մոտ է 50-60 տոկոսի, արդեն ունենալու ենք ստաբիլ ու թեթև գործընթաց, ինչպես բոլոր ինֆեկցիոն շնչառական հիվանդությունների ու սուր շնչառականների դեպքում. մի քիչ ակտիվ, մի քիչ պասիվ իրավիճակներ կլինեն, բայց մեծ ալիքներ չեն լինելու»,-ասաց մեր զրուցակիցը:
Իհարկե, որոշ տեղերում դիմակ կրելը կարևոր է, կարող է նվազեցնել վարակման վտանգը, բայց բազմիցս ենք ասել, որ դիմակ կրելը պետք է ընդհանուր միջոցառումների մի մասնիկը լինի, ու այն ամենաարդյունավետն ու կարևորը չէ: Կանխարգելիչ բազմաթիվ այլ միջոցառումներ կան, որոնք շատ ավելի արդյունավետ են, բայց մեզ մոտ չեն իրականացվել, չեն էլ իրականացվելու: Այդ առումով արդեն խորհուրդ տալու իմաստ էլ չկա: Ամռանը հույս ունեինք, որ կլսեն խորհուրդները, ինչ-որ կերպ կօգտագործեն, բայց, ցավոք, ունեցանք այն, ինչ ունեցանք»:
Անդրադառնալով հնարավոր սահմանափակումների հիմքում հատկապես քաղաքական ենթատեքստ տեսնելու մտահոգություններին՝ համաճարակաբանը շեշտեց. «Փորձը ցույց տվեց, որ այս չինովնիկների հետ կապված ոչինչ չի կարելի բացառել: Նրանցից ամեն ինչ սպասելի է: Վերջին մեկ տարվա բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշումների մեծ մասը մասնագիտական հիմնավորումներ չունեն կամ այդ հիմնավորումները թերի են: Հետևաբար, այլ դրդապատճառները չի կարելի բացառել: Միգուցե իսկապես համաճարակաբանական գործընթացի որոշակի ակտիվացում կա, բայց որ արդեն վստահություն չկա, միանշանակ է: Սա է պատճառը, որ բոլորն արդեն հնարավոր որոշումների մեջ այլ ենթատեքստեր են տեսնում»: