կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-26 14:40
Հասարակություն

ԱԶԲ-ի հետ քննարկվող խնդիրների մեծ մասն արդեն լուծվում են

ԱԶԲ-ի հետ քննարկվող խնդիրների մեծ մասն արդեն լուծվում են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ» ծրագրի տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեւիրանտեի գլխավորությամբ. հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

 

Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ միջազգային աուդիտորի կողմից կատարված նախնական ուսումնասիրության արդյունքները, հիմնական խնդիրներն ու դրանց հետ կապված մտահոգությունները:

 

Մասնավորապես` միջազգային աուդիտոր Սեմ Գուպտան նշեց, որ հիմնական խնդիրները կապված են աշխատանքների ավարտման ժամկետի և բետոնի որակի հետ: Նրա խոսքով՝ որոշ մտահոգություններ կան բետոնի խառնուրդում խոնավության քանակի հետ, ինչը կրկին պետք է ուսումնասիրվի:

 

Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց իրականացված աշխատանքների համար՝ նշելով, որ դրանք գրեթե համապատասխանում են նախարարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներին:

 

Պրիանկա Սենեւիրանտեն տեղեկացրեց, որ ծրագրի հարավային մասի` Արտաշատ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության, նախնական նախագծման և մոտ 60 կմ հատվածի մանրամասն նախագծման, ինչպես նաև Տրանշ 3-ի շրջանակներում ԱԶԲֆինանսավորմամբ իրականացվելիք աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ընտրության մեխանիզմները հավանություն են ստացել ԱԶԲ-ի կողմից:  Կառավարման խորհրդին ներկայացնելուց հետո հոկտեմբերի սկզբին կհայտարարվի միջազգային մրցույթ:

 

Գագիկ Բեգլարյանը նկատեց, որ ԱԶԲ-ի հետ երկար ժամանակ քննարկվող խնդիրների մեծ մասն արդեն լուծվում են: Հանդիպման ընթացքում Պրիանկա Սենեւիրանտեն խնդրեց նախարարության աջակցությունը՝ կապված հողերի օտարման գործընթացի արագացման հետ, նշեց, որ այդ խնդիրը խոչընդոտներ է  առաջացնում Երրորդ տրանշի շինարարության մեկնարկի համար:

 

Նախարարն ընդգծեց, որ հողերի օտարման գործընթացում կան դժվարություններ, քանի որ գործ ունեն բնակիչների հետ, սակայն վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ կանի այն արագացնելու համար:

 

Հանդիպման ավարտին Պրիանկա Սենեւիրանտեն տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ուսումնասիրություններ են կատարվելու բետոնի պատրաստման համար օգտագործվող հումքի քարհանքերում և այն գործարաններում, որտեղ պատրաստվում է բետոնը: