կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-28 13:44
Քաղաքական

Այսպիսի բացասական վերաբերմունքի Աշոտ Փաշինյանն արժանանում է իր ծնողների պատճառով, Աշոտը նրանց PR–ի և գավառականության զոհն է․ Է. Վարդանյան

Այսպիսի բացասական վերաբերմունքի Աշոտ Փաշինյանն արժանանում է իր ծնողների պատճառով, Աշոտը նրանց PR–ի և գավառականության զոհն է․ Է. Վարդանյան

Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է Փաշինյանի որդու նկարը և գեներացվում է սարսափելի բացասական (եթե այս բառերով կարելի է արտահայտել այն, ինչ կատարվում է սոցցանցերում) վերաբերմունք նրա նկատմամբ։

Տարածվող դրվագում ոչ մի վատ բան չի արվում՝ սովորական հագուկապով սովորական մի տղա։

Փաշինյանի որդին արժանացել է նման վերաբերմունքի իր ծնողների պատճառով։ Նա, ըստ էության, հանրությանը հայտնի դառնալու պահից՝ 2018-ից, ոչինչ չի արել, ինչի համար կարող էր լինել նման  վերաբերմունքի արժանի։ Նրան այս անչափելի ատելության զոհ դարձրել են իր ծնողները, ծնողներին շրջապատող «մարտական» ընկերները՝ իրենց անհարկի տեքստերով։

Նա ինքն իր ծնողների գավառականության զոհն է։ Նա էլ սովորական երիտասարդների նման գնացել է բանակ, և հավանաբար մյուսների նման կծառայեր՝ մի քիչ լավ, մի քիչ վատ, եթե չդառնար ծնողների PR-ի զոհը՝ «մեր որդին որոշել է ծառայել Արցախում» և այլն։ Քանի՞ անգամ են սեփական որդու վրա այս էժան PR-ը արել նրա ծնողները, երբ տասնյակ հազարավոր նրա հասակակիցները ծառայում էին առանց պաթոս ու անաղմուկ։ Ուղղաթիռով ընտանիքով Արցախ մեկնելը Փաշինյանն արդարացնում էր, «թե չեմ կարող Արցախում ծառայող որդու մորը թույլ չտալ...» , այն դեպքում, երբ տասնյակ հազարավոր մյուս տղերքի ծնողները նույնիսկ «Գազելով» գնալու հնարավորություն հաճախ չէին ունենում։

Մի քանի տասնյակ մեքենայով, մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ գնում էին իրենց որդուն այցելելու։ Այդ ամենի մեղավորությունն իր ծնողների փառասիրությունն ու անգրագիտությունն էր, ոչ՝ Աշոտի։

Երբ այսօր շատերն ընդունում են Վարազդատ Կարապետյանի ներողությունները, պետք է որ լավ հիշեն, թե ինչպիսի «ծառայություն» մատուցեց Աշոտին՝ առաջնորդի փառասիրությունը բավարարելու, նրան անթաքույց քծնելու համար արված գրառումով։ Դա պետք չէր Աշոտին, և դա չէր արվում Աշոտի համար։ Դա արվում էր բացառապես Աշոտի հոր համար։

Իմ խնդրանքն է, հանգիստ թողեք այս տղային, հանգիստ թողեք Փաշինյանի ընտանիքի մնացած երեխաներին, նույնիսկ՝ ավագ քրոջը, որը երբեմն գուցե իրոք անհարկի ակտիվ գրառումներով հրահրում է որոշակի վերաբերմունք։ Այնուամենայնիվ, երեխաներն իրենց ծնողների արարքների և պահվածքի համար չպետք է պատասխան տան, այս երեխաներն անխնա օգտագործվել են իրենց ծնողների կողմից։

Նույնիսկ վաղը՝ մարտի 1-ին, երբ Աշոտի հայրը, ժողովրդին հերթական անգամ բզկտելու և իր աթոռը մի որոշ ժամանակ էլ պահելու համար իր կողմից հրավիրված հանրահավաքին իր սիրելի բառապաշարով ելույթներ կունենա, էլի պառակտում ու լարվածություն կհրահրի, իրեն կպահի փողոցային պատահական գործչի պես, երեխաներին հանգիստ թողեք։ Նրանք որևէ վատ բան չեն արել։ Նրանք արդեն բավարար տուժել են իրենց ծնողների պատճառով։ Մեծ հաշվով նրանք, նույնպես այսօրվա Հայաստանի զոհերն են։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ